ԾՆՆԴՈՑ 38:13-24

ԾՆՆԴՈՑ 38:13-24 ՆՎԱԱ

Եվ հայտնեցին Թամարին՝ ասելով. «Ահա քո սկեսրայրը գնում է Թամնա՝ իր ոչխարները խուզելու»։ Սա էլ իր վրայից հանեց այրիության զգեստները, քողով ծածկվեց և փաթաթվեց ու նստեց Թամնայի ճանապարհին գտնվող Ենայիմի մուտքին. որովհետև նա տեսավ, որ Սելոմը մեծացել է, բայց իրեն կնության չտվին նրան։ Հուդան, տեսնելով նրան, կարծեց, թե պոռնիկ է, որովհետև երեսը ծածկել էր։ Ճանապարհին Հուդան դարձավ դեպի նա և ասաց. «Խնդրեմ, թո՛ւյլ տուր մտնեմ քեզ մոտ». որովհետև չգիտեր, որ դա իր հարսն էր։ Եվ նա ասաց. «Ի՞նչ կտաս ինձ, որ մտնես ինձ մոտ»։ Նա էլ ասաց. «Ես իմ հոտերից մի ուլ կուղարկեմ»։ Եվ նա ասաց. «Մինչև ուղարկելդ գրավ կտա՞ս»։ Հուդան ասաց. «Ի՞նչ գրավ տամ քեզ»։ Եվ նա ասաց. «Քո կնիքը, ժապավենը և գավազանը»։ Նա էլ տվեց և մտավ նրա մոտ։ Եվ նա հղիացավ նրանից։ Թամարը վեր կացավ գնաց, իր վրայից հանեց քողը և հագավ այրիության իր զգեստները։ Հուդան ուլն ուղարկեց իր ոդողոմացի բարեկամի ձեռքով, որպեսզի գրավը վերցնի այն կնոջ ձեռքից, բայց նա չգտավ նրան։ Եվ այնտեղի մարդկանց հարցրեց՝ ասելով. «Ո՞ւր է այն պոռնիկը, որ Ենայիմի ճանապարհի վրա էր»։ Նրանք պատասխանեցին. «Այստեղ պոռնիկ չի եղել»։ Վերադառնալով Հուդայի մոտ՝ նա ասաց. «Չգտա նրան. տեղի մարդիկ էլ ասացին. “Այստեղ պոռնիկ չի եղել”»։ Հուդան ասաց. «Թող իրեն լինի, միայն թե խայտառակ չլինենք։ Ահա ես ուղարկեցի այս ուլը, և դու չգտար նրան»։ Երեք ամիս հետո եկան Հուդային հայտնեցին, թե՝ «Քո հարս Թամարը պոռնկացել է, և ահա նա հղի է պոռնկանալու պատճառով»։ Այն ժամանակ Հուդան ասաց. «Դո՛ւրս հանեք նրան, նա պետք է այրվի»։