ԾՆՆԴՈՑ 37:12-36

ԾՆՆԴՈՑ 37:12-36 ՆՎԱԱ

Նրա եղբայրները գնացին Սյուքեմ՝ արածեցնելու իրենց հոր հոտերը։ Իսրայելն ասաց Հովսեփին. «Ահա քո եղբայրները Սյուքեմում հոտեր են արածեցնում. արի՛ քեզ ուղարկեմ նրանց մոտ»։ Եվ նա ասաց. «Ահա ես այստեղ եմ»։ Իսրայելն ասաց նրան. «Գնա տե՛ս՝ քո եղբայրներն առո՞ղջ են, և ոչխարները ո՞ղջ են, ու ինձ լո՛ւր բեր»։ Եվ նրան ուղարկեց Քեբրոնի հովտից, և նա եկավ Սյուքեմ։ Երբ նա թափառում էր դաշտում, մի մարդ հանդիպեց նրան և հարցրեց. «Ի՞նչ ես փնտրում»։ Նա ասաց. «Իմ եղբայրներին եմ փնտրում։ Ասա՛ ինձ, խնդրեմ, որտե՞ղ են նրանք արածեցնում»։ Այն մարդն ասաց. «Նրանք հեռացան այստեղից, որովհետև լսեցի, որ նրանք ասում էին. “Գնանք Դոթայիմ”»։ Հովսեփը գնաց իր եղբայրների ետևից և նրանց գտավ Դոթայիմում։ Երբ ինքը դեռ չէր մոտեցել նրանց, եղբայրները հեռվից տեսան նրան և դավադրություն արեցին, որ սպանեն նրան։ Եվ միմյանց ասացին. «Ահա գալիս է այն երազ տեսնողը։ Եկեք հիմա սպանենք նրան և գբերից մեկի մեջ գցենք նրան. և ասենք, թե՝ “Մի գիշատիչ գազան կերել է նրան”։ Տեսնենք, թե ի՛նչ կլինեն նրա երազները»։ Ռուբենը դա լսեց և նրանց ձեռքից ազատեց նրան՝ ասելով. «Չսպանեք նրան»։ Եվ Ռուբենն ասաց նրանց. «Արյուն մի՛ թափեք. գցե՛ք նրան այս գուբը, որ այս անապատում է, և ձեռք մի՛ տվեք նրան». որպեսզի նրան ազատեր նրանց ձեռքից և վերադարձներ իր հորը։ Երբ Հովսեփը եկավ իր եղբայրների մոտ, Հովսեփին մերկացրին իր պատմուճանից, այսինքն՝ իր վրայի թևքերով պատմուճանից և նրան առան ու գուբը գցեցին։ Գուբը դատարկ էր, մեջը ջուր չկար։ Ապա նստեցին հաց ուտելու. վեր բարձրացնելով իրենց աչքերը՝ տեսան, որ իսմայելացիների մի քարավան է գալիս Գաղաադից, և իրենց ուղտերը համեմներով, բալասանով ու զմուռսով բեռնած՝ գնում էին, որ տանեն ցած՝ Եգիպտոս։ Եվ Հուդան ասաց իր եղբայրներին. «Ի՞նչ օգուտ, եթե սպանենք մեր եղբորը և թաքցնենք նրա արյունը։ Եկեք նրան վաճառենք իսմայելացիներին, և մեր ձեռքը թող նրան չդիպչի, որովհետև նա մեր եղբայրը՝ մեր մարմինն է»։ Եվ նրա եղբայրները լսեցին։ Երբ մադիանացի վաճառականներն անցնում էին, Հովսեփին քաշեցին, դուրս հանեցին գբից և քսան արծաթով Հովսեփին վաճառեցին իսմայելացիներին. նրանք էլ Հովսեփին տարան Եգիպտոս։ Ռուբենը դարձավ դեպի գուբը, և ահա Հովսեփը գբի մեջ չէր. և նա պատառոտեց իր հագուստները, վերադարձավ իր եղբայրների մոտ ու ասաց. «Պատանին չկա, հիմա ես ո՞ւր գնամ»։ Եվ վերցրին Հովսեփի պատմուճանը, այծերից մի նոխազ մորթեցին և պատմուճանը թաթախեցին արյան մեջ։ Ապա ուղարկեցին թևքերով պատմուճանը և բերեցին իրենց հոր մոտ և ասացին. «Գտել ենք սա. հիմա ճանաչի՛ր, թե սա քո որդու պատմուճա՞նն է, թե՞ ոչ»։ Նա ճանաչեց այն և ասաց. «Իմ որդու պատմուճանն է. մի գիշատիչ գազան կերել է նրան. Հովսեփն անպատճառ հոշոտվել է»։ Հակոբը պատառոտեց իր հագուստները, քուրձ կապեց իր մեջքին և շատ օրեր սուգ արեց իր որդու համար։ Նրա բոլոր որդիներն ու բոլոր աղջիկները եկան մխիթարելու նրան, բայց նա չէր կամենում մխիթարվել։ Եվ ասաց. «Ես սուգով կիջնեմ գերեզման՝ իմ որդու մոտ»։ Եվ նրա հայրն այդպես ողբում էր նրա համար։ Մադիանացիները Եգիպտոսում Հովսեփին վաճառեցին փարավոնի ներքինի Պետափրեսին՝ թիկնապահների պետին։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում