ԾՆՆԴՈՑ 35:1-7

ԾՆՆԴՈՑ 35:1-7 ՆՎԱԱ

Աստված ասաց Հակոբին. «Վե՛ր կաց, բարձրացի՛ր դեպի Բեթել և այնտե՛ղ բնակվիր և այնտեղ մի զոհասեղա՛ն շինիր Աստծուն, որ երևաց քեզ քո եղբայր Եսավից փախչելու ժամանակ»։ Հակոբն ասաց իր ընտանիքին և իր հետ եղող բոլորին. «Հեռացրե՛ք ձեր մեջ եղած օտար աստվածները, մաքրվե՛ք և փոխե՛ք ձեր հանդերձները։ Վեր կենանք բարձրանանք դեպի Բեթել, որպեսզի այնտեղ զոհասեղան շինեմ այն Աստծուն, որը լսեց ինձ իմ նեղության օրը և ինձ հետ էր իմ ճանապարհորդության ժամանակ»։ Եվ Հակոբին տվեցին իրենց ձեռքին եղած բոլոր օտար աստվածները և իրենց ականջօղերը։ Հակոբը դրանք թաղեց Սյուքեմի մոտ գտնվող կաղնու տակ։ Ճանապարհ ընկան, և Աստծու երկյուղը պատեց իրենց շուրջը եղած քաղաքները, և բնակիչները չհետապնդեցին Հակոբի որդիներին։ Հակոբը և նրա հետ եղած ամբողջ ժողովուրդը եկան Լուզ, այսինքն՝ Բեթել, որ Քանանի երկրում է։ Այնտեղ մի զոհասեղան շինեց և այդ տեղը կոչեց Էլ-Բեթել, որովհետև այդտեղ էր Աստված երևացել իրեն, երբ որ փախչում էր իր եղբորից։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում