ԾՆՆԴՈՑ 35:1-15

ԾՆՆԴՈՑ 35:1-15 ՆՎԱԱ

Աստված ասաց Հակոբին. «Վե՛ր կաց, բարձրացի՛ր դեպի Բեթել և այնտե՛ղ բնակվիր և այնտեղ մի զոհասեղա՛ն շինիր Աստծուն, որ երևաց քեզ քո եղբայր Եսավից փախչելու ժամանակ»։ Հակոբն ասաց իր ընտանիքին և իր հետ եղող բոլորին. «Հեռացրե՛ք ձեր մեջ եղած օտար աստվածները, մաքրվե՛ք և փոխե՛ք ձեր հանդերձները։ Վեր կենանք բարձրանանք դեպի Բեթել, որպեսզի այնտեղ զոհասեղան շինեմ այն Աստծուն, որը լսեց ինձ իմ նեղության օրը և ինձ հետ էր իմ ճանապարհորդության ժամանակ»։ Եվ Հակոբին տվեցին իրենց ձեռքին եղած բոլոր օտար աստվածները և իրենց ականջօղերը։ Հակոբը դրանք թաղեց Սյուքեմի մոտ գտնվող կաղնու տակ։ Ճանապարհ ընկան, և Աստծու երկյուղը պատեց իրենց շուրջը եղած քաղաքները, և բնակիչները չհետապնդեցին Հակոբի որդիներին։ Հակոբը և նրա հետ եղած ամբողջ ժողովուրդը եկան Լուզ, այսինքն՝ Բեթել, որ Քանանի երկրում է։ Այնտեղ մի զոհասեղան շինեց և այդ տեղը կոչեց Էլ-Բեթել, որովհետև այդտեղ էր Աստված երևացել իրեն, երբ որ փախչում էր իր եղբորից։ Ռեբեկայի դայակ Դեբորան մեռավ և թաղվեց Բեթելից ներքև՝ կաղնու տակ, որին տրվեց Ալոն-Բախութ անունը։ Աստված դարձյալ երևաց Հակոբին, երբ նա վերադառնում էր Միջագետքից, և օրհնեց նրան։ Աստված նրան ասաց. «Քո անունը Հակոբ է. դու այլևս Հակոբ չես կոչվելու, այլ Իսրայել կլինի քո անունը»։ Եվ նրա անունը դրեց Իսրայել։ Աստված ասաց նրան. «Ես եմ Ամենակարող Աստվածը. աճի՛ր և բազմացի՛ր. թող քեզնից ազգ և ազգերի բազմություններ լինեն, թագավորներ դուրս գան քո երանքից։ Այն երկիրը, որ տվեցի Աբրահամին և Իսահակին, քեզ եմ տալու և քեզանից հետո քո սերնդին եմ տալու այդ երկիրը»։ Եվ Աստված բարձրացավ նրանից, այն տեղից, որտեղ խոսել էր նրա հետ։ Հակոբը մի հուշարձան կանգնեցրեց այն տեղում, որտեղ Աստված խոսել էր նրա հետ, քարե մի հուշարձան, և նրա վրա թափելու նվեր տվեց ու յուղ թափեց նրա վրա։ Հակոբն այն տեղի անունը, որտեղ Աստված խոսել էր իր հետ, Բեթել դրեց։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում