ԾՆՆԴՈՑ 34

34
Դինայի բռնաբարումը
1Դինան՝ Լիայի աղջիկը, որին նա ծնել էր Հակոբի համար, ելավ տեսնելու այդ երկրի աղջիկներին։ 2Այդ երկրի իշխան խևացի Եմորի որդի Սյուքեմը տեսավ նրան, առավ ու պառկեց նրա հետ և պղծեց նրան։ 3Նրա հոգին կապվեց Դինային՝ Հակոբի աղջկան. և սիրեց այդ աղջկան ու քաղցրությամբ#34.3 Եբր. սրտին։ խոսեց աղջկա հետ։ 4Սյուքեմը խոսեց իր հայր Եմորի հետ ու ասաց. «Այս աղջկան ինձ համար կնությա՛ն առ»։ 5Հակոբն իմացավ, որ նա պղծել է իր Դինա աղջկան, բայց նրա որդիները դաշտում էին նրա հոտերի հետ, և Հակոբը լռեց մինչև նրանց գալը։
6Սյուքեմի հայր Եմորը գնաց Հակոբի մոտ՝ խոսելու նրա հետ։ 7Հակոբի որդիները եկան դաշտից և հենց որ լսեցին, նեղվեցին ու շատ բարկացան, որ Սյուքեմն Իսրայելում անզգամություն արեց՝ Հակոբի աղջկա հետ պառկելով, և որ այդպիսի բան չպետք է լիներ։ 8Եմորը խոսեց նրանց հետ և ասաց. «Իմ որդի Սյուքեմի սիրտը կպել է ձեր աղջկան. խնդրեմ աղջկան տվե՛ք նրան կնության 9և խնամությո՛ւն արեք մեզ հետ. ձեր աղջիկներին մե՛զ տվեք և մեր աղջիկներին առե՛ք ձեզ համար։ 10Բնակվե՛ք մեզ հետ, և այս երկիրը ձեր առջև բաց է. բնակվե՛ք, առևտո՛ւր արեք և կալվածքնե՛ր ձեռք բերեք նրա մեջ»։ 11Սյուքեմն ասաց աղջկա հորն ու նրա եղբայրներին. «Թող շնորհ գտնեմ ձեր առաջ. ինչ որ ասեք ինձ, կտամ։ 12Խիստ շատ օժիտ ու ընծա՛ սահմանեք, և ես կտամ, ինչպես որ ասեք ինձ, միայն թե աղջկան ինձ կնությա՛ն տվեք»։ 13Հակոբի որդիները խաբեությամբ պատասխանեցին Սյուքեմին և նրա հայր Եմորին. այդպես ասացին, որովհետև Սյուքեմը պղծել էր իրենց քրոջը՝ Դինային, 14և ասացին նրանց. «Մենք չենք կարող այդ բանն անել՝ մեր քրոջը տալ մի մարդու, որ անթլփատ է. որովհետև դա անպատվություն է մեզ համար։ 15Մենք ձեզ հետ կհամաձայնվենք միայն այն պայմանով, որ դուք լինեք մեզ նման, որ ձեր ամեն արուն թլփատվի։ 16Այն ժամանակ մեր աղջիկներին կտանք ձեզ և ձեր աղջիկներին մենք կառնենք և ձեզ հետ կբնակվենք ու մեկ ժողովուրդ կլինենք։ 17Բայց եթե չլսեք մեզ ու չթլփատվեք, այն ժամանակ մենք մեր աղջկան կվերցնենք ու կգնանք»։ 18Նրանց խոսքերը հաճելի թվացին Եմորին և Եմորի որդի Սյուքեմին։ 19Եվ այն պատանին չհապաղեց այդ բանն անել, որովհետև սիրում էր Հակոբի աղջկան։ Իսկ նա իր հոր տանը ամենից հարգարժանն էր։
20Եմորն ու նրա որդի Սյուքեմը եկան իրենց քաղաքի դարպասի մոտ և խոսեցին իրենց քաղաքի մարդկանց հետ՝ ասելով. 21«Այս մարդիկ խաղաղությամբ են վարվում մեզ հետ, ուստի թող բնակվեն այս երկրում և առևտուր անեն այստեղ։ Ահա ընդարձակ երկիրը նրանց առջև է։ Եկեք նրանց աղջիկներին կին առնենք մեզ համար և մեր աղջիկներին տանք նրանց։ 22Բայց այս մարդիկ համաձայնվում են մեզ հետ բնակվել և մեկ ժողովուրդ լինել միայն այն պայմանով, որ մեր միջից ամեն արու թլփատվի, ինչպես որ նրանք են թլփատվում։ 23Նրանց հոտերը, նրանց ունեցվածքը և բոլոր անասունները մի՞թե մերը չեն լինի, միայն թե մենք համաձայնվենք նրանց հետ, որ բնակվեն մեզ հետ»։ 24Եմորի և նրա որդի Սյուքեմի խոսքերին անսացին բոլորը, ովքեր դուրս էին գալիս նրա քաղաքի դարպասից. և ամեն տղամարդ, որ դուրս էր գալիս նրա քաղաքի դարպասից, թլփատվեց։ 25Երրորդ օրը, երբ նրանք ցավերի մեջ էին, Հակոբի երկու որդիները՝ Դինայի եղբայրներ Շմավոնը և Ղևին, ամեն մեկն առնելով իր սուրը, համարձակ մտան քաղաք և սպանեցին բոլոր արուներին։ 26Եվ սրի քաշեցին Եմորին ու նրա որդի Սյուքեմին և Սյուքեմի տնից առան Դինային ու դուրս եկան։ 27Հակոբի որդիները եկան այն սպանվածների վրա և կողոպտեցին քաղաքը, որովհետև պղծել էին իրենց քրոջը։ 28Նրանք վերցրին նրանց հոտերն ու արջառները, նրանց էշերը և ինչ որ կար քաղաքում ու դաշտում։ 29Եվ գերի տարան նրանց ամբողջ ունեցվածքը, նրանց բոլոր երեխաներին ու կանանց և կողոպտեցին տներում ամբողջ գտնվածը։ 30Հակոբն ասաց Շմավոնին և Ղևիին. «Ինձ այս երկրի բնակիչների՝ քանանացիների և փերեզացիների մեջ ատելի#34.30 Եբր. գարշահոտ։ դարձնելով՝ փորձանքի մեջ գցեցիք ինձ։ Ինձ հետ քիչ մարդիկ կան. նրանք կհավաքվեն իմ դեմ, կհարվածեն ինձ, և կկորչենք ես և իմ տունը»։ 31Նրանք ասացին. «Հապա պե՞տք էր, որ պոռնիկի պես վարվեր մեր քրոջ հետ»։

Արդեն Ընտրված.

ԾՆՆԴՈՑ 34: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք