Հակոբն իր աչքերը բարձրացրեց ու նայեց։ Եվ ահա գալիս էր Եսավը, նրա հետ՝ չորս հարյուր մարդ։ Հակոբն իր զավակներին բաժանեց ու հանձնեց Լիային, Ռաքելին և երկու աղախիններին։ Եվ աղախիններին իրենց զավակներով կանգնեցրեց առջևում, Լիային իր զավակներով՝ նրանց ետևում, իսկ Ռաքելին ու Հովսեփին՝ ամենավերջում։ Ինքն անցավ նրանց առաջը և մինչև գետին յոթ անգամ խոնարհություն արեց նախքան իր եղբորը մոտենալը։ Եսավը վազեց նրան ընդառաջ, գրկեց նրան, փաթաթվեց նրա պարանոցին և համբուրեց նրան, և լաց եղան։ Եսավը, իր աչքերը վեր բարձրացնելով, տեսավ կանանց ու զավակներին և ասաց. «Սրանք քո ի՞նչն են»։ Նա պատասխանեց. «Այն զավակներն են, որ Աստված պարգևել է քո ծառային»։ Աղախիններն ու նրանց զավակները մոտեցան և խոնարհություն արեցին։ Լիան ու նրա զավակներն էլ մոտեցան և խոնարհություն արեցին։ Վերջում մոտեցան Հովսեփն ու Ռաքելը և խոնարհություն արեցին։ Եսավը հարցրեց. «Ինչի՞ համար է քո այս ամբողջ խումբը, որին ես հանդիպեցի»։ Հակոբն ասաց. «Իմ տիրոջ առաջ շնորհ գտնելու համար է»։ Եսավն ասաց. «Ես շատ ունեմ, եղբա՛յր իմ, քոնը քեզ լինի»։ Հակոբն ասաց. «Ո՛չ, խնդրեմ, եթե շնորհ գտա քո առաջ, ընդունի՛ր իմ ընծան իմ ձեռքից հենց նրա համար, որ տեսա քո երեսը Աստծու երեսը տեսնելու պես, և դու բարեհաճ եղար իմ հանդեպ։ Խնդրեմ, ընդունի՛ր քեզ բերած իմ ընծան, որովհետև Աստված ողորմեց ինձ, և որովհետև ես ամեն բան ունեմ»։ Պնդեց, և նա էլ ընդունեց։
Կարդալ ԾՆՆԴՈՑ 33
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԾՆՆԴՈՑ 33:1-11
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր