ԾՆՆԴՈՑ 32
32
Հակոբը պատրաստվում է հանդիպել Եսավի հետ
1Հակոբը գնաց իր ճանապարհը, և Աստծու հրեշտակները հանդիպեցին նրան։ 2Երբ Հակոբը տեսավ նրանց, ասաց. «Սա Աստծու բանակն է», և այդ վայրի անունը դրեց Մանայիմ#32.2 Եբր. Մահանայիմ՝ Երկու բանակներ։։
3Հակոբն իրենից առաջ պատգամավորներ ուղարկեց իր եղբայր Եսավի մոտ՝ Սեիր երկիրը, Եդովմի գավառը։ 4Եվ պատվիրեց նրանց՝ ասելով. «Այսպե՛ս ասացեք իմ տիրոջը՝ Եսավին. “Այսպես է ասում քո ծառա Հակոբը. Լաբանի մոտ պանդխտություն արեցի և մինչև հիմա այնտեղ ապրեցի։ 5Ես ունեմ արջառներ, էշեր, հոտեր, ծառաներ և աղախիններ։ Հիմա մարդ եմ ուղարկում իմացնելու իմ տիրոջը, որ շնորհ գտնեմ քո առաջ”»։ 6Պատգամավորները, վերադառնալով Հակոբի մոտ, ասացին. «Գնացինք քո եղբոր՝ Եսավի մոտ. նա էլ չորս հարյուր մարդկանցով գալիս է քեզ դիմավորելու»։
7Հակոբը շատ վախեցավ և շփոթվեց. իր հետ եղած ժողովրդին, հոտերը, արջառները և ուղտերը երկու խմբի բաժանեց՝ 8մտածելով. «Եթե Եսավը հասնի և մի խմբին հարվածելու լինի, մյուս խումբը կազատվի»։ 9Եվ Հակոբն ասաց. «Ո՛վ իմ հայր Աբրահամի Աստված և իմ հայր Իսահակի Աստված, ո՛վ Տեր, որ ինձ ասացիր. “Վերադարձի՛ր քո երկիրը և քո ազգականների մոտ, և բարիք կանեմ քեզ”։ 10Ես արժանի չեմ այն բոլոր ողորմություններին և ամեն հավատարմությանը, որ ցույց ես տվել քո ծառային, որովհետև միայն գավազանովս անցա այս Հորդանանից, իսկ հիմա երկու խմբի տեր եղա։ 11Ազատի՛ր ինձ հիմա իմ եղբայր Եսավի ձեռքից, որովհետև վախենում եմ նրանից. միգուցե գա և հարվածի ինձ ու մորը՝ երեխաների հետ։ 12Դու ասացիր, թե՝ “Անպատճառ բարիք կանեմ քեզ և քո սերունդը ծովի ավազի չափ կանեմ, որ շատությունից հաշվել չլինի”»։
13 Հակոբն այդ գիշեր այնտեղ մնաց. և իր ունեցածից իր եղբայր Եսավի համար ընծաներ վերցրեց. 14երկու հարյուր այծ, քսան նոխազ, երկու հարյուր մաքի և քսան խոյ, 15երեսուն ծիծ տվող ուղտ՝ իրենց ձագերի հետ, քառասուն կով, տասը ցուլ, քսան էգ էշ և տասը քուռակ։ 16Նա յուրաքանչյուր հոտ առանձին-առանձին իր ծառաների ձեռքը հանձնեց և ասաց իր ծառաներին. «Անցե՛ք իմ առաջ և հոտերի միջև տարա՛ծք թողեք»։ 17Առաջինին պատվիրեց՝ ասելով. «Երբ իմ եղբայր Եսավը հանդիպի քեզ և հարցնի, թե՝ “Դու ո՞ւմ ծառան ես և ո՞ւր ես գնում, և ո՞ւմն է առջևիցդ գնացող այս հոտը”, 18այն ժամանակ կասես. “Քո ծառա Հակոբինն է. սա ընծա է՝ իմ տիրոջը՝ Եսավին ուղարկված, իսկ ինքն էլ ահա մեր ետևում է”»։ 19Այսպես էլ պատվիրեց երկրորդին, երրորդին և հոտերի ետևից բոլոր գնացողներին՝ ասելով. «Այսպե՛ս կխոսեք Եսավի հետ, երբ հանդիպեք նրան։ 20Եվ ասացե՛ք. “Ահա քո ծառա Հակոբն էլ մեր ետևում է”». որովհետև ասում էր. «Կփափկեցնեմ նրան այս ընծաներով, որ գնում են իմ առջևից, և ապա կտեսնեմ նրա երեսը. գուցե նա ինձ ընդունի»։ 21Ընծաներն իրենից առաջ գնացին, իսկ ինքն այդ գիշեր մնաց այնտեղ՝ բանակատեղիում։ 22Եվ այն գիշերը վեր կացավ, առավ իր երկու կանանց, իր երկու աղախիններին, իր տասնմեկ որդիներին և անցավ Հաբոկի ծանծաղուտով։ 23Նրանց առավ, անցկացրեց վտակով, անցկացրեց նաև իր ամբողջ ունեցվածքը։
Հակոբը մենամարտում է Փանուելում
24Եվ Հակոբը մնաց միայնակ։ Եվ մի մարդ գոտեմարտում էր նրա հետ մինչև արևածագ։ 25Երբ մարդը տեսավ, որ չկարողացավ հաղթել նրան, դիպավ նրա ազդրի ջղին, և Հակոբի ազդրի ջիղը թուլացավ նրա հետ գոտեմարտելու ժամանակ։ 26Նա ասաց. «Թո՛ւյլ տուր ինձ, որովհետև արշալույսը բացվեց»։ Հակոբն ասաց. «Չեմ թողնի քեզ, մինչև որ ինձ չօրհնես»։ 27Եվ ասաց նրան. «Ի՞նչ է քո անունը»։ Նա էլ պատասխանեց. «Հակոբ է»։ 28Նա ասաց. «Քո անունն այլևս թող Հակոբ չասվի, այլ Իսրայել,#32.28 Աստծու հետ գոտեմարտող։ որովհետև դու մարտնչեցիր Աստծու հետ ու մարդկանց հետ և հաղթեցիր»։ 29Հակոբը հարցրեց և ասաց. «Աղաչում եմ, ասա՛ քո անունը»։ Նա պատասխանեց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը»։ Եվ նա այնտեղ օրհնեց Հակոբին։ 30Հակոբն այդ տեղը կոչեց Փանուել,#32.30 Աստծու երես։ որովհետև,- ասաց նա,- «Աստծուն տեսա դեմ առ դեմ և ողջ մնացի»։
31Արեգակը ծագեց Հակոբի վրա, երբ Փանուելից անցավ, և կաղում էր իր ազդրի վրա։ 32Դրա համար էլ Իսրայելի որդիները մինչև այսօր ազդրի վրայի թուլացած ջիղը չեն ուտում, որովհետև Հակոբի ազդրի թուլացած ջղին դիպավ։
Արդեն Ընտրված.
ԾՆՆԴՈՑ 32: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018