ԾՆՆԴՈՑ 31:4-13

ԾՆՆԴՈՑ 31:4-13 ՆՎԱԱ

Հակոբը մարդ ուղարկեց և Ռաքելին ու Լիային կանչեց դաշտ՝ իր հոտերի մոտ։ Եվ ասաց նրանց. «Ես ձեր հոր երեսից տեսնում եմ, որ ինձ հետ առաջվա պես չէ։ Սակայն իմ հոր Աստվածն ինձ հետ է։ Դուք գիտեք, որ ես իմ ամբողջ ուժով ծառայեցի ձեր հորը, իսկ ձեր հայրն ինձ խաբեց և իմ վարձը տասն անգամ փոխեց. բայց Աստված թույլ չտվեց, որ նա ինձ վնասի։ Երբ նա ասում էր, թե՝ “Պիսակավորները քո վարձը լինեն”, այն ժամանակ բոլոր ոչխարները պիսակավոր էին ծնում, իսկ երբ ասում էր, թե՝ “Քո վարձը բծավորները լինեն”, այն ժամանակ բոլոր ոչխարները բծավոր էին ծնում։ Այսպես Աստված ձեր հոր հոտերն առավ և ինձ տվեց։ Այն ժամանակ, երբ ոչխարները տաքանում էին, աչքերս բարձրացրի և երազում տեսա, որ հոտերի հետ զուգավորվող նոխազները բծավոր, խայտաբղետ և գորշախայտ էին։ Աստծու հրեշտակը երազի մեջ ինձ ասաց. “Հակո՛բ”։ Ես ասացի. “Ահա ես այստեղ եմ”։ Նա ասաց. “Աչքերդ բարձրացրո՛ւ և նայի՛ր նոխազների հետ զուգավորվող հոտերին. բծավոր, խայտաբղետ և գորշագույն են. որովհետև տեսա ամենը, ինչ որ արեց քեզ Լաբանը։ Ես եմ Բեթելի Աստվածը, որտեղ հուշարձան օծեցիր և այնտեղ ուխտ արեցիր ինձ։ Այժմ վեր կաց գնա՛ այս երկրից և վերադարձի՛ր քո ծննդավայրը”»։