ԾՆՆԴՈՑ 30:37-43

ԾՆՆԴՈՑ 30:37-43 ՆՎԱԱ

Հակոբն իր համար առավ կաղամախու, նշենու և սոսու դալար ճիպոտներ, դրանց կեղևները տեղ-տեղ քերծեց այնպես, որ երևաց ճիպոտների վրա եղած սպիտակը։ Եվ իր քերծած ճիպոտները դրեց ջրի ավազանների մեջ, որպեսզի երբ հոտերը գան ջուր խմելու, դրանք ոչխարների առաջ լինեն, և նրանք տաքանան, երբ որ խմելու գան։ Ոչխարները տաքանում էին ճիպոտների մոտ, և ոչխարները ծնում էին բծավոր, պիսակավոր ու խայտաբղետ գառներ։ Հակոբն առանձնացնում էր պիսակավոր գառները և հոտերի երեսը դարձնում էր Լաբանի հոտերի մեջ եղած բոլոր բծավոր ու սև ոչխարների կողմը։ Նա իր հոտերն առանձին դրեց և դրանք Լաբանի հոտերի մոտ չդրեց։ Ամեն անգամ, երբ ուժեղ ոչխարները տաքանում էին, Հակոբն այդ ճիպոտները դնում էր ոչխարների աչքի առաջ՝ գուռերի մեջ, որպեսզի նրանք տաքանան ճիպոտների մոտ։ Բայց տկար ոչխարներին չէր դնում. և տկարները Լաբանինը եղան, իսկ ուժեղները՝ Հակոբինը։ Եվ այսպես Հակոբը չափազանց զորացավ և բազմաթիվ հոտեր, աղախիններ ու ծառաներ, ուղտեր ու էշեր ունեցավ։