Օձն ավելի խորամանկ էր, քան դաշտի բոլոր գազանները, որ Տեր Աստված ստեղծել էր։ Օձն ասաց կնոջը. «Իսկապե՞ս Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք»։ Կինն ասաց օձին. «Պարտեզի ծառերի պտուղներից ուտում ենք, բայց այն ծառի պտուղներից, որ պարտեզի մեջտեղում է, Աստված ասաց. “Մի՛ կերեք դրանից և դրան մի՛ դիպեք, որ չմեռնեք”»։ Օձը կնոջն ասաց. «Բնավ չեք մեռնի. այլ Աստված գիտե, որ այն օրը, երբ դրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն, և աստվածների նման կլինեք՝ բարին և չարն իմացող»։ Կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ էր ուտելու համար և հաճելի էր աչքերին, և որ ծառը ցանկալի էր նայելու համար. առավ նրա պտղից ու կերավ և տվեց նաև իր ամուսնուն, և նա կերավ։ Եվ նրանց երկուսի աչքերը բացվեցին, և իմացան, որ մերկ են, և թզենու տերևներ կարեցին ու իրենց համար ծածկոցներ շինեցին։ Եվ Տեր Աստծու ձայնը լսեցին, որ ման էր գալիս պարտեզում օրվա զով ժամին։ Ադամն ու իր կինը թաքնվեցին Տեր Աստծու երեսից պարտեզի ծառերի մեջ։ Տեր Աստված կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ո՞ւր ես»։ Նա պատասխանեց. «Պարտեզում քո ձայնը լսեցի և վախեցա, որովհետև մերկ էի, և թաքնվեցի»։ Եվ Աստված ասաց. «Ո՞վ ասաց քեզ, թե դու մերկ ես. արդյոք կերա՞ր այն ծառից, որից պատվիրել էի քեզ, որ չուտես»։ Ադամն ասաց. «Կինը, որ ինձ տվեցիր, նա՛ տվեց ինձ այդ ծառի պտղից, և ես կերա»։ Եվ Տեր Աստված ասաց կնոջը. «Այդ ի՞նչ ես արել»։ Կինն ասաց. «Օձն ինձ խաբեց, և ես կերա»։
Տեր Աստված ասաց օձին. «Քանի որ դու արեցիր այդ, անիծյալ լինես բոլոր անասունների և դաշտային բոլոր կենդանիների մեջ. փորիդ վրա գնաս և հող ուտես կյանքիդ բոլոր օրերին։ Ես թշնամություն եմ դնում քո և կնոջ միջև, քո սերնդի և նրա սերնդի միջև. նա քո գլուխը կջախջախի, իսկ դու կխայթես նրա գարշապարը»։ Կնոջն ասաց. «Սաստիկ պիտի շատացնեմ քո հղության ցավերը, և ցավով զավակ ծնես, ցանկություն ունենաս դեպի քո ամուսինը, և նա իշխի քեզ վրա»։ Ադամին ասաց. «Քանի որ դու անսացիր քո կնոջ խոսքին և կերար այն ծառից, որի համար պատվիրեցի քեզ՝ ասելով. “Դրանից չուտե՛ս”, անիծյալ լինի երկիրը. քո պատճառով նեղությամբ ուտես դրանից քո կյանքի բոլոր օրերին։ Նա փուշ ու տատասկ աճեցնի քեզ համար, և դու դաշտի խոտն ուտես։ Երեսիդ քրտինքով ուտես հացդ, մինչև որ ետ դառնաս դեպի հողը, որովհետև նրանից առնվեցիր. որովհետև հող ես դու և դեպի հողը կդառնաս»։