ԾՆՆԴՈՑ 28:1-22

ԾՆՆԴՈՑ 28:1-22 ՆՎԱԱ

Իսահակը կանչեց Հակոբին, օրհնեց նրան և պատվիրեց նրան՝ ասելով. «Քանանի աղջիկներից կին չառնես։ Վեր կաց գնա՛ Փադան-Արամ (Միջագետք)՝ մորդ հոր՝ Բաթուելի տունը, և այնտեղից քեզ համար կի՛ն առ քո մորեղբայր Լաբանի աղջիկներից։ Ամենակարող Աստված օրհնի քեզ, աճեցնի ու բազմացնի քեզ, որպեսզի դու ժողովուրդների բազմություն լինես։ Եվ տա քեզ Աբրահամի օրհնությունը, քեզ և քո սերնդին քեզ հետ, որպեսզի ժառանգես քո պանդխտության երկիրը, որ Աստված տվել է Աբրահամին»։ Եվ Իսահակը ճանապարհեց Հակոբին. և նա գնաց Փադան-Արամ՝ ասորի Բաթուելի որդի Լաբանի, այսինքն՝ Հակոբի և Եսավի մոր՝ Ռեբեկայի եղբոր մոտ։ Երբ Եսավը տեսավ, որ Իսահակն օրհնեց Հակոբին ու նրան ուղարկեց Փադան-Արամ՝ այնտեղից իրեն կին առնելու համար, և որ նրան օրհնելիս պատվիրեց նրան՝ ասելով. «Քանանի աղջիկներից քեզ համար կին չառնես», և որ Հակոբը հնազանդվեց իր հորն ու իր մորը ու գնաց Փադան-Արամ, Եսավը տեսավ նաև, որ Քանանի աղջիկները իր հորը՝ Իսահակին, հաճելի չեն, Եսավը գնաց Իսմայելի մոտ և բացի իր կանանցից, իրեն կին առավ Մայելեթին՝ Աբրահամի որդի Իսմայելի աղջկան, Նաբեոթի քրոջը։ Հակոբը Բերսաբեեից դուրս եկավ և գնաց դեպի Խառան։ Նա հասավ մի տեղ և գիշերն այնտեղ մնաց, որովհետև արեգակը մայր էր մտել։ Այնտեղի քարերից մեկը վերցրեց, դրեց իր գլխի տակ ու այնտեղ պառկեց քնելու։ Եվ երազ տեսավ. ահա երկրի վրա դրված էր մի սանդուղք, որի ծայրը դիպչում էր երկնքին։ Եվ ահա Աստծու հրեշտակները նրանով բարձրանում ու իջնում էին։ Եվ ահա Տերը կանգնած էր դրա վրա. նա ասաց. «Ես եմ Տերը՝ քո հայր Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը. այդ հողը, որի վրա պառկած ես, ես քեզ եմ տալու և քո սերնդին։ Քո սերունդը երկրի ավազի չափ կլինի և կտարածվի դեպի արևմուտք ու արևելք, դեպի հյուսիս ու հարավ. քեզանով և քո սերնդով կօրհնվեն երկրի բոլոր ցեղերը։ Ահա ես քեզ հետ եմ և ամեն տեղ, ուր էլ գնաս, ես կպահպանեմ քեզ և քեզ կվերադարձնեմ այս երկիրը, որովհետև քեզ չեմ թողնի, մինչև որ չկատարեմ այն, ինչ որ ասել եմ քեզ»։ Հակոբը զարթնեց իր քնից և ասաց. «Իրապես Տերն այստեղ է, և ես չգիտեի»։ Նա վախեցավ և ասաց. «Ի՜նչ ահավոր է այս տեղը. սա ուրիշ բան չէ, այլ միայն Աստծու տունը, և սա է երկնքի դուռը»։ Վաղ առավոտյան Հակոբը վեր կացավ, վերցրեց այն քարը, որ դրել էր իր գլխի տակ, այն կանգնեցրեց որպես հուշարձան և նրա վրա յուղ լցրեց։ Եվ այդ տեղի անունը Բեթել դրեց. բայց առաջ այդ քաղաքի անունը Լուզ էր։ Հակոբն ուխտ արեց և ասաց. «Եթե Աստված ինձ հետ լինի և ինձ պահպանի այն ճանապարհին, որով ես գնում եմ, ինձ ուտելու հաց և հագնելու հագուստ տա, և ես խաղաղությամբ վերադառնամ իմ հոր տունը, Տերն ինձ համար Աստված լինի։ Եվ այս քարը, որ ես կանգնեցրի որպես հուշարձան, Աստծու տուն թող լինի։ Եվ այն ամենից, ինչ որ դու ինձ տաս, ես քեզ տասանորդ կտամ»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում