ԾՆՆԴՈՑ 24:48-67

ԾՆՆԴՈՑ 24:48-67 ՆՎԱԱ

Խոնարհվեցի ու երկրպագեցի Տիրոջը և օրհնեցի իմ տիրոջ՝ Աբրահամի Տեր Աստծուն, որն ինձ առաջնորդեց ուղիղ ճանապարհով, որպեսզի իմ տիրոջ եղբոր աղջկան իր որդու համար առնեմ։ Արդ, եթե իմ տիրոջը շնորհ և հավատարմություն եք անելու, հայտնե՛ք ինձ. իսկ եթե ոչ, ասացե՛ք ինձ, որպեսզի ես աջ կամ ձախ դառնամ»։ Լաբանը և Բաթուելը պատասխանեցին՝ ասելով. «Այս բանը Տիրոջից է. մենք քեզ լավ կամ վատ չենք կարող ասել։ Ահա Ռեբեկան քո առջև է, ա՛ռ ու գնա՛, և քո տիրոջ որդու համար թող կին լինի, ինչպես Տերն է ասել»։ Երբ Աբրահամի ծառան լսեց նրանց խոսքերը, մինչև գետին երկրպագություն արեց Տիրոջը։ Ծառան հանեց արծաթե զարդեր ու ոսկե զարդեր, զգեստներ և տվեց Ռեբեկային։ Թանկարժեք ընծաներ տվեց նրա եղբորն ու մորը։ Կերան ու խմեցին ինքը և այն մարդիկ, որոնք իր հետ էին, և գիշերը մնացին այնտեղ։ Առավոտյան վեր կացան, և նա ասաց. «Ճանապա՛րհ դրեք ինձ, որ իմ տիրոջ մոտ գնամ»։ Ռեբեկայի եղբայրն ու մայրն ասացին. «Թող աղջիկը մի քանի օր կամ տասը օր մնա մեզ մոտ, հետո կգնա»։ Նա ասաց նրանց. «Ինձ մի՛ ուշացրեք, որովհետև Տերը հաջողել է իմ ճանապարհը. ինձ ճանապարհե՛ք, և ես իմ տիրոջ մոտ գնամ»։ Նրանք ասացին. «Կանչենք աղջկան և հարցնենք նրան»։ Կանչեցին Ռեբեկային և ասացին նրան. «Կգնա՞ս այս մարդու հետ»։ Նա ասաց. «Կգնամ»։ Եվ ճանապարհեցին իրենց քրոջը՝ Ռեբեկային, նրա դայակին, Աբրահամի ծառային ու նրա մարդկանց։ Նրանք օրհնեցին Ռեբեկային և ասացին նրան. «Ո՛վ մեր քույր, շատ ու շատ հազարներ դառնաս, և քո սերունդը թող տիրանա իր թշնամիների քաղաքներին»։ Ռեբեկան ու իր աղախինները վեր կացան, նստեցին ուղտերի վրա և հետևեցին այն մարդուն։ Ծառան վերցրեց Ռեբեկային և գնաց։ Իսկ Իսահակը վերադառնում էր Լահայրոյի ջրհորից, որովհետև բնակվում էր հարավային երկրում։ Իսահակը երեկոյան դեմ դաշտ էր դուրս եկել խորհրդածելու. նա բարձրացրեց իր աչքերն ու նայեց. ահա ուղտեր էին գալիս։ Ռեբեկան իր աչքերը բարձրացրեց, տեսավ Իսահակին և ուղտից իջավ։ Եվ ասաց ծառային. «Ո՞վ է այդ մարդը, որ դաշտում ընդառաջ է գալիս մեզ»։ Ծառան ասաց. «Նա իմ տերն է»։ Ռեբեկան քողն առավ ու ծածկվեց։ Ծառան Իսահակին պատմեց այն ամենը, ինչ արել էր։ Իսահակը նրան տարավ իր մոր՝ Սառայի վրանը և առավ Ռեբեկային, և նա դարձավ նրա կինը։ Եվ սիրեց նրան։ Եվ Իսահակը մխիթարվեց իր մոր մահից հետո։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում