ԾՆՆԴՈՑ 22:1-14

ԾՆՆԴՈՑ 22:1-14 ՆՎԱԱ

Այս դեպքերից հետո Աստված փորձեց Աբրահամին և ասաց նրան. «Աբրահա՛մ»։ Նա ասաց. «Ահա՛ ես»։ Աստված ասաց. «Վերցրո՛ւ քո սիրած միակ որդուն՝ Իսահակին, գնա՛ Մորիայի երկիրը և ողջակե՛զ արա նրան այն սարերից մեկի վրա, որ քեզ կասեմ»։ Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, իր էշի համետը դրեց և իր հետ վերցրեց երկու ծառաներին և իր որդի Իսահակին։ Ողջակեզի փայտ կտրեց և ելավ գնաց այն տեղը, որ Աստված ասել էր նրան։ Երրորդ օրը Աբրահամն իր աչքերը բարձրացրեց և հեռվից տեսավ այն տեղը։ Աբրահամն ասաց իր ծառաներին. «Դուք էշի հետ այստե՛ղ մնացեք, ես և տղան գնանք այնտեղ, երկրպագություն անենք ու վերադառնանք ձեզ մոտ»։ Աբրահամը վերցրեց ողջակեզի փայտն ու դրեց իր որդի Իսահակի վրա. իր ձեռքն առավ կրակն ու դանակը, և երկուսով միասին գնացին։ Իսահակը խոսեց իր հոր՝ Աբրահամի հետ և ասաց. «Հա՛յր իմ»։ Եվ նա ասաց. «Այո, որդի՛ս»։ Իսահակն ասաց. «Ահա կրակը և փայտը, բայց ո՞ւր է ողջակեզի գառը»։ Աբրահամն ասաց. «Աստված կհոգա իր ողջակեզի գառան մասին, որդյա՛կս»։ Եվ երկուսով միասին գնացին և եկան այն տեղը, որ Աստված նրան ասել էր։ Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, փայտերը շարեց, կապեց իր որդի Իսահակին և դրեց նրան զոհասեղանի վրա՝ փայտերի վրայից։ Աբրահամն իր ձեռքը մեկնեց և վերցրեց դանակը, որ մորթի իր որդուն։ Տիրոջ հրեշտակը երկնքից նրան ասաց. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Նա պատասխանեց. «Ահա՛ ես»։ Նա ասաց. «Ձեռք մի՛ տուր տղային, ոչ մի բան մի՛ արա նրան, որովհետև հիմա իմացա, որ դու վախենում ես Աստծուց և քո միակ որդուն չխնայեցիր ինձանից»։ Աբրահամն իր աչքերը վեր բարձրացրեց և տեսավ, որ իր ետևի մացառուտի մեջ մի խոյ կա՝ եղջյուրներից բռնված։ Աբրահամը գնաց, վերցրեց խոյը և ողջակեզ մատուցեց այն իր որդու փոխարեն։ Աբրահամն այդ տեղի անունը դրեց Եհովայիրե. և այսօր էլ ասում են. «Այդ լեռան վրա, ուր Տերը հոգ է տանում»։