Սրանք են երկնքի ու երկրի ծնունդները, նրանց ստեղծման ժամանակը։ Այն օրը, երբ Տեր Աստված ստեղծեց երկիրն ու երկինքը, երկրի վրա դեռ չկային դաշտի բոլոր բույսերը, և դեռ չէին բուսել դաշտի բոլոր խոտերը, որովհետև Տեր Աստված անձրև չէր տեղացրել երկրի վրա, և մարդ չկար, որ մշակեր հողը, այլ գոլորշի էր դուրս գալիս երկրից և ոռոգում հողի ամբողջ մակերեսը։ Տեր Աստված մարդուն ձևավորեց հողի փոշուց և նրա ռունգերի մեջ կենդանության շունչ փչեց, և մարդը կենդանի հոգի եղավ։ Եվ Տեր Աստված մի պարտեզ տնկեց Եդեմում՝ արևելյան կողմը, և իր արարած մարդուն դրեց այնտեղ։ Եվ Տեր Աստված հողից բուսցրեց տեսքով հաճելի և քաղցրահամ պտուղներով բոլոր ծառերը և պարտեզի մեջտեղում՝ կենաց ծառը և բարին ու չարը գիտենալու ծառը։ Եվ մի գետ էր դուրս գալիս Եդեմից՝ պարտեզը ջրելու համար, և այնտեղից բաժանվում ու չորս ճյուղ էր դառնում։ Մեկի անունը Փիսոն է. հոսում է Եվիլայի ամբողջ երկրի միջով, որտեղ ոսկի կա։ Այդ երկրի ոսկին ազնիվ է։ Այնտեղ կա նաև սուտակ և դահանակի քար։ Երկրորդ գետի անունը Գեհոն է. սա հոսում է Քուշի ամբողջ երկրի միջով։ Երրորդ գետի անունը Տիգրիս է. սա հոսում է Ասորեստանի արևելքով։ Չորրորդ գետը Եփրատն է։ Եվ Տեր Աստված վերցրեց մարդուն և դրեց Եդեմի պարտեզում, որպեսզի նա այն մշակի ու պահի։ Տեր Աստված պատվիրեց մարդուն՝ ասելով. «Պարտեզի բոլոր ծառերից համարձակ կե՛ր, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կեր, որովհետև այն օրը, երբ նրանից ուտես, անպայման կմեռնես»։
Կարդալ ԾՆՆԴՈՑ 2
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԾՆՆԴՈՑ 2:4-17
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր