Այսպես ամբողջացան երկինքն ու երկիրը և նրանց բոլոր զարդերը։ Եվ Աստված յոթերորդ օրն ամբողջացրեց իր գործը, որ արել էր, և յոթերորդ օրը հանգստացավ իր կատարած բոլոր գործերից։ Աստված օրհնեց յոթերորդ օրը և սրբագործեց այն, որովհետև այդ օրը հանգստացավ իր բոլոր գործերից, որ Աստված ստեղծեց ու արեց։
Սրանք են երկնքի ու երկրի ծնունդները, նրանց ստեղծման ժամանակը։ Այն օրը, երբ Տեր Աստված ստեղծեց երկիրն ու երկինքը, երկրի վրա դեռ չկային դաշտի բոլոր բույսերը, և դեռ չէին բուսել դաշտի բոլոր խոտերը, որովհետև Տեր Աստված անձրև չէր տեղացրել երկրի վրա, և մարդ չկար, որ մշակեր հողը, այլ գոլորշի էր դուրս գալիս երկրից և ոռոգում հողի ամբողջ մակերեսը։ Տեր Աստված մարդուն ձևավորեց հողի փոշուց և նրա ռունգերի մեջ կենդանության շունչ փչեց, և մարդը կենդանի հոգի եղավ։
Եվ Տեր Աստված մի պարտեզ տնկեց Եդեմում՝ արևելյան կողմը, և իր արարած մարդուն դրեց այնտեղ։ Եվ Տեր Աստված հողից բուսցրեց տեսքով հաճելի և քաղցրահամ պտուղներով բոլոր ծառերը և պարտեզի մեջտեղում՝ կենաց ծառը և բարին ու չարը գիտենալու ծառը։ Եվ մի գետ էր դուրս գալիս Եդեմից՝ պարտեզը ջրելու համար, և այնտեղից բաժանվում ու չորս ճյուղ էր դառնում։ Մեկի անունը Փիսոն է. հոսում է Եվիլայի ամբողջ երկրի միջով, որտեղ ոսկի կա։ Այդ երկրի ոսկին ազնիվ է։ Այնտեղ կա նաև սուտակ և դահանակի քար։ Երկրորդ գետի անունը Գեհոն է. սա հոսում է Քուշի ամբողջ երկրի միջով։ Երրորդ գետի անունը Տիգրիս է. սա հոսում է Ասորեստանի արևելքով։ Չորրորդ գետը Եփրատն է։ Եվ Տեր Աստված վերցրեց մարդուն և դրեց Եդեմի պարտեզում, որպեսզի նա այն մշակի ու պահի։ Տեր Աստված պատվիրեց մարդուն՝ ասելով. «Պարտեզի բոլոր ծառերից համարձակ կե՛ր, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կեր, որովհետև այն օրը, երբ նրանից ուտես, անպայման կմեռնես»։ Եվ Տեր Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի. նրան մի օգնական շինեմ իրեն հարմար»։ Եվ Տեր Աստված հողից շինեց դաշտի բոլոր կենդանիներին և երկնքի բոլոր թռչուններին ու բերեց Ադամի մոտ, որ տեսնի, թե նա ինչ անուն կտա դրանց։ Եվ Ադամն ինչ անուն որ տվեց ամեն մի շնչավոր կենդանուն, այդ է դրա անունը։ Եվ Ադամը բոլոր անասուններին, երկնքի թռչուններին ու դաշտի բոլոր գազաններին անուններ դրեց։ Բայց Ադամին իր նման մի օգնական չգտնվեց։ Եվ Տեր Աստված մի խոր քուն բերեց Ադամի վրա, և նա քնեց, և նրա կողի ոսկորներից մեկը վերցրեց ու այդ տեղը մսով ծածկեց։ Տեր Աստված Ադամից վերցրած կողոսկրից մի կին արարեց և նրան բերեց Ադամի մոտ։ Ադամն ասաց. «Սա հիմա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից։ Սրան կկոչեն կին, որովհետև սա ամուսնուց վերցվեց»։ Դրա համար մարդը կթողնի իր հորը և իր մորը ու կմիանա իր կնոջը, և մեկ մարմին կլինեն։ Նրանք երկուսն էլ՝ Ադամն ու իր կինը, մերկ էին և չէին ամաչում։