ԾՆՆԴՈՑ 18:1-33

ԾՆՆԴՈՑ 18:1-33 ՆՎԱԱ

Տերը երևաց Աբրահամին Մամբրեի կաղնիների մեջ, երբ օրվա տաք ժամանակ նա նստել էր վրանի դռանը։ Նա իր աչքերը վեր բարձրացրեց և նայեց. ահա երեք մարդիկ կանգնել էին իր մոտ։ Երբ տեսավ, վրանի մուտքի մոտից ընդառաջ վազեց նրանց, մինչև գետին խոնարհվեց և ասաց. «Տե՛ր, եթե շնորհ գտա քո առաջ, մի՛ անտեսիր քո ծառային, աղաչում եմ քեզ։ Թող մի քիչ ջուր բերեն, լվացե՛ք ձեր ոտքերը և հանգստացե՛ք ծառի տակ։ Եվ ես մի պատառ հաց բերեմ, և զորացրե՛ք ձեր սրտերը, հետո կգնաք, որովհետև դրա համար եք եկել ձեր ծառայի մոտ»։ Նրան ասացին. «Արա՛ այնպես, ինչպես ասացիր»։ Աբրահամը շտապեց վրանը՝ Սառայի մոտ, և ասաց. «Շո՛ւտ արա, երեք գրիվ ընտիր ալյո՛ւր հունցիր և գաթա՛ պատրաստիր»։ Աբրահամը վազեց արջառների մոտ, վերցրեց մի մատղաշ լավ հորթ և տվեց պատանուն. սա էլ շտապեց այն պատրաստելու։ Նա վերցրեց կարագ, կաթ և իր պատրաստած հորթն առավ ու դրեց նրանց առաջ, և նրանք կերան, իսկ ինքը գնաց կանգնեց նրանց մոտ՝ ծառի տակ։ Եվ նրանք հարցրին Աբրահամին. «Ո՞ւր է քո կինը՝ Սառան»։ Նա պատասխանեց. «Ահա՛ վրանում է»։ Եվ ասաց. «Եկող տարի դարձյալ կգամ քեզ մոտ, և ահա քո կինը՝ Սառան, մի որդի կունենա»։ Սառան լսում էր վրանի մուտքի մոտ, որի ետևում էր ինքը։ Աբրահամն ու Սառան ծերացած էին և օրերն անցկացրած։ Սառայի համար դադարել էր կանանց սովորական վիճակի մեջ լինելը։ Սառան ծիծաղեց իր մտքում և ասաց. «Պառավելուցս հետո՞ եմ զվարճություն ունենալու, և իմ տերն էլ ծերացել է»։ Տերն ասաց Աբրահամին. «Սառան ինչո՞ւ ծիծաղեց՝ ասելով. “Մի՞թե ես իրոք ծնելու եմ, ես, որ պառավել եմ”։ Տիրոջ համար դժվար բան կա՞ արդյոք. եկող տարի այս ժամանակ դարձյալ քեզ մոտ կգամ, և Սառան մի որդի կունենա»։ Սառան ուրացավ և ասաց. «Ես չծիծաղեցի», որովհետև վախեցել էր։ Իսկ նա ասաց. «Ո՛չ, ծիծաղեցիր»։ Մարդիկ վեր կացան այդտեղից և ուղղվեցին դեպի Սոդոմ։ Աբրահամը գնաց նրանց հետ, որ ճանապարհ դնի նրանց։ Տերն ասաց. «Մի՞թե ես Աբրահամից կծածկեմ, ինչ որ անելու եմ։ Աբրահամը հաստատ մի մեծ և հզոր ազգ է լինելու, և երկրի բոլոր ազգերը պիտի օրհնվեն նրանով. որովհետև ես ընտրեցի նրան, որ իր որդիներին և իր հետնորդներին կպատվիրի, որ նրանք պահեն Տիրոջ ճանապարհը արդարություն և իրավունք գործադրելու համար, որպեսզի Տերը Աբրահամի նկատմամբ կատարի այն, ինչ խոստացել է նրան»։ Տերն ասաց. «Քանի որ սոդոմացիների և գոմորացիների աղաղակը մեծացել է, և նրանց մեղքն էլ խիստ ծանրացավ, ուստի իջնեմ և տեսնեմ, թե ինձ հասած աղաղակը համապատասխանո՞ւմ է նրանց կատարածին, թե՞ ոչ, որպեսզի գիտենամ»։ Դուրս գալով այնտեղից՝ այդ մարդիկ գնացին դեպի Սոդոմ։ Իսկ Աբրահամը դեռ կանգնած էր Տիրոջ առաջ։ Աբրահամը մոտեցավ և ասաց. «Մի՞թե ամբարիշտի հետ արդարին էլ ես կորստյան մատնելու։ Գուցե այդ քաղաքում հիսուն արդար կա. մի՞թե նրանց էլ կորստյան ես մատնելու և այդ տեղը չես խնայելու այդտեղ գտնվող հիսուն արդարի համար։ Քա՛վ լիցի քեզ այդպիսի բան անելը, որ արդարին ամբարիշտի հետ մեռցնես, և արդարն ամբարիշտի պես լինի. քա՛վ լիցի քեզ։ Մի՞թե ամբողջ աշխարհի դատավորը արդարություն չի անի»։ Տերն ասաց. «Եթե Սոդոմում՝ այդ քաղաքում, հիսուն արդար գտնեմ, ամբողջ տարածքը կխնայեմ նրանց համար»։ Աբրահամը պատասխանեց՝ ասելով. «Ահա հիմա սկսեցի խոսել Տիրոջ հետ. ես, որ հող եմ ու մոխիր։ Գուցե հիսուն արդարից հինգը պակաս լինի. այդ հինգի համար ամբողջ քաղաքը կկործանե՞ս»։ Տերն ասաց. «Չեմ կործանի, եթե այնտեղ քառասունհինգը գտնեմ»։ Դարձյալ խոսեց նրա հետ և ասաց. «Գուցե այնտեղ քառասունը գտնվեն»։ Նա ասաց. «Այդ քառասունի համար էլ չեմ անի»։ Աբրահամն ասաց. «Տերը թող չբարկանա, եթե խոսեմ. գուցե այնտեղ երեսունը գտնվեն»։ Տերն ասաց. «Եթե այնտեղ երեսուն արդար էլ գտնեմ, չեմ անի»։ Աբրահամն ասաց. «Ահա սկսեցի խոսել Տիրոջ հետ. գուցե այնտեղ քսանը գտնվեն»։ Տերն ասաց. «Այդ քսանի համար էլ չեմ կործանի»։ Եվ ասաց. «Տերը թող չբարկանա, եթե այս անգամ էլ խոսեմ. գուցե այնտեղ տասը գտնվեն»։ Տերն ասաց. «Այդ տասի համար էլ չեմ կործանի»։ Եվ Տերը գնաց, երբ որ Աբրահամի հետ խոսելը վերջացրեց։ Իսկ Աբրահամը վերադարձավ իր բնակության տեղը։