Տերը երևաց Աբրահամին Մամբրեի կաղնիների մեջ, երբ օրվա տաք ժամանակ նա նստել էր վրանի դռանը։ Նա իր աչքերը վեր բարձրացրեց և նայեց. ահա երեք մարդիկ կանգնել էին իր մոտ։ Երբ տեսավ, վրանի մուտքի մոտից ընդառաջ վազեց նրանց, մինչև գետին խոնարհվեց և ասաց. «Տե՛ր, եթե շնորհ գտա քո առաջ, մի՛ անտեսիր քո ծառային, աղաչում եմ քեզ։ Թող մի քիչ ջուր բերեն, լվացե՛ք ձեր ոտքերը և հանգստացե՛ք ծառի տակ։ Եվ ես մի պատառ հաց բերեմ, և զորացրե՛ք ձեր սրտերը, հետո կգնաք, որովհետև դրա համար եք եկել ձեր ծառայի մոտ»։ Նրան ասացին. «Արա՛ այնպես, ինչպես ասացիր»։ Աբրահամը շտապեց վրանը՝ Սառայի մոտ, և ասաց. «Շո՛ւտ արա, երեք գրիվ ընտիր ալյո՛ւր հունցիր և գաթա՛ պատրաստիր»։ Աբրահամը վազեց արջառների մոտ, վերցրեց մի մատղաշ լավ հորթ և տվեց պատանուն. սա էլ շտապեց այն պատրաստելու։ Նա վերցրեց կարագ, կաթ և իր պատրաստած հորթն առավ ու դրեց նրանց առաջ, և նրանք կերան, իսկ ինքը գնաց կանգնեց նրանց մոտ՝ ծառի տակ։ Եվ նրանք հարցրին Աբրահամին. «Ո՞ւր է քո կինը՝ Սառան»։ Նա պատասխանեց. «Ահա՛ վրանում է»։ Եվ ասաց. «Եկող տարի դարձյալ կգամ քեզ մոտ, և ահա քո կինը՝ Սառան, մի որդի կունենա»։ Սառան լսում էր վրանի մուտքի մոտ, որի ետևում էր ինքը։ Աբրահամն ու Սառան ծերացած էին և օրերն անցկացրած։ Սառայի համար դադարել էր կանանց սովորական վիճակի մեջ լինելը։ Սառան ծիծաղեց իր մտքում և ասաց. «Պառավելուցս հետո՞ եմ զվարճություն ունենալու, և իմ տերն էլ ծերացել է»։ Տերն ասաց Աբրահամին. «Սառան ինչո՞ւ ծիծաղեց՝ ասելով. “Մի՞թե ես իրոք ծնելու եմ, ես, որ պառավել եմ”։ Տիրոջ համար դժվար բան կա՞ արդյոք. եկող տարի այս ժամանակ դարձյալ քեզ մոտ կգամ, և Սառան մի որդի կունենա»։ Սառան ուրացավ և ասաց. «Ես չծիծաղեցի», որովհետև վախեցել էր։ Իսկ նա ասաց. «Ո՛չ, ծիծաղեցիր»։