ԾՆՆԴՈՑ 17:19-27

ԾՆՆԴՈՑ 17:19-27 ՆՎԱԱ

Աստված ասաց. «Այո՛, քո կին Սառան որդի կծնի քեզ համար, և նրա անունը Իսահակ կդնես. ես իմ ուխտը կհաստատեմ նրա հետ որպես հավիտենական ուխտ նրանից հետո նրա սերնդի համար։ Իսմայելի համար էլ լսեցի քեզ. ահա օրհնեցի նրան, կաճեցնեմ նրան և անչափ կբազմացնեմ նրան։ Նա տասներկու իշխաններ կծնի, և մեծ ազգ կդարձնեմ նրան։ Բայց իմ ուխտը կհաստատեմ Իսահակի հետ, որին Սառան կծնի քեզ համար եկող տարի այս ժամանակ»։ Եվ Աստված վերջացրեց նրա հետ խոսելը և վեր բարձրացավ Աբրահամի մոտից։ Աբրահամն առավ իր որդի Իսմայելին և իր բոլոր ընդոծիններին, իր բոլոր արծաթով գնվածներին, Աբրահամի ընտանիքում եղած բոլոր արու մարդկանց և հենց նույն օրը թլփատեց նրանց անթլփատության մարմինը, ինչպես որ Աստված ասել էր նրան։ Աբրահամը իննսունինը տարեկան էր, երբ նրա անթլփատության մարմինը թլփատվեց։ Իր որդին՝ Իսմայելը, տասներեք տարեկան էր, երբ թլփատվեց նրա անթլփատության մարմինը։ Հենց նույն օրը թլփատվեցին Աբրահամն ու իր որդի Իսմայելը։ Իր հետ թլփատվեցին իր տան բոլոր մարդիկ՝ իր ընդոծինները և օտարականներից արծաթով գնվածները։