ԾՆՆԴՈՑ 15:7-17

ԾՆՆԴՈՑ 15:7-17 ՆՎԱԱ

Եվ ասաց նրան. «Ես եմ Տերը, որ քեզ դուրս հանեցի քաղդեացիների Ուր քաղաքից՝ այս երկիրը քեզ տալու համար»։ Նա ասաց. «Ո՛վ Ամենակարող Տեր, ինչի՞ց իմանամ, թե ես ժառանգելու եմ այն»։ Տերն ասաց նրան. «Ինձ համար ա՛ռ երեք տարեկան մի երինջ, երեք տարեկան մի այծ, երեք տարեկան մի խոյ, մի տատրակ և աղավնու մի ձագ»։ Աբրամն այս բոլորը բերեց նրա համար, յուրաքանչյուրը մեջտեղից կտրեց և ամեն մի կտորը դրեց մյուսի դիմաց, իսկ թռչունները չկտրեց։ Գիշատիչ թռչուններն իջան կտրած մարմինների վրա, բայց Աբրամը քշեց նրանց։ Երբ արևը մայր էր մտնում, Աբրամի վրա մի խոր քուն իջավ, և ահա նրա վրա մի մեծ խավարի սոսկում ընկավ։ Տերն ասաց Աբրամին. «Ստույգ իմացի՛ր, որ քո սերունդները պանդուխտ կլինեն մի երկրում, որ իրենցը չէ, և ծառայություն կանեն, և նրանց չորս հարյուր տարի կչարչարեն։ Բայց ես կդատեմ այն ազգին, որին պիտի ծառայեն, իսկ դրանից հետո նրանք մեծ ստացվածքով դուրս կգան։ Դու խաղաղությամբ կգնաս քո հայրերի մոտ և կթաղվես խոր ծերության մեջ։ Եվ չորրորդ սերնդում կվերադառնան այստեղ, որովհետև ամորհացիների անօրենությունը դեռ լրումին չի հասել»։ Երբ արևը մայր մտավ, և խավար եղավ, ահա ծխացող մի հնոց ու կրակի բոց անցավ կտրոնների միջով։

ԾՆՆԴՈՑ 15:7-17 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր