ԾՆՆԴՈՑ 14:1-22

ԾՆՆԴՈՑ 14:1-22 ՆՎԱԱ

Սենաարի Ամարփաղ թագավորի, Ելլասարի Արիոք թագավորի, Ելամի Քոդողագոմոր թագավորի և Գոյիմի Թադգաղ թագավորի ժամանակներում եղավ. սրանք պատերազմեցին Սոդոմի Բարա թագավորի, Գոմորի Բարսա թագավորի, Ադմայի Սենաբ թագավորի, Սեբոյիմի Սիմոփոր թագավորի, ինչպես նաև Բաղայի, այսինքն՝ Սեգորի թագավորի դեմ։ Սրանք բոլորը հավաքվեցին Սիդդիմի ձորում, որ Աղի ծովն է։ Տասներկու տարի նրանք Քոդողագոմորին ծառայություն էին արել և տասներեքերորդ տարում ապստամբեցին։ Տասնչորսերորդ տարում եկավ Քոդողագոմորը և նրա հետ եղող թագավորները և կոտորեցին Աստարովթ-Կառնայիմում գտնվող ռափայիմներին, Համում գտնվող զուզեցիներին և Շավե-Կարիաթեմի էմիմներին, և քոռեցիներին իրենց Սեիր լեռների վրա և մինչև Էրիառան, որ անապատի մոտ է։ Եվ դարձան ու եկան Էնմասեփաթ, այսինքն՝ Հադես, կոտորեցին ամաղեկացիներին իրենց ամբողջ նահանգում, ինչպես նաև ամորհացիներին, որոնք բնակվում էին Ասասանթամարում։ Դուրս եկան Սոդոմի թագավորը, Գոմորի թագավորը, Ադմայի թագավորը, Սեբոյիմի թագավորն ու Բաղայի, այսինքն՝ Սեգորի թագավորը և Սիդդիմի ձորում ճակատամարտ տվեցին Եղամի Քոդողագոմոր թագավորի, Գոյիմի Թադգաղ թագավորի, Սենաարի Ամարփաղ թագավորի և Ելլասարի Արիոք թագավորի դեմ. չորս թագավոր՝ հինգի դեմ։ Սիդդիմի ձորը լիքն էր ձյութի հորերով։ Սոդոմի և Գոմորի թագավորները փախուստի դիմեցին, և ոմանք ընկան նրանց մեջ, իսկ մնացածները փախան դեպի սարը։ Հաղթողները վերցրին Սոդոմի և Գոմորի ամբողջ ունեցվածքը, նրանց բոլոր պաշարները և գնացին։ Աբրամի եղբոր որդուն՝ Ղովտին, նրա ամբողջ ունեցվածքն էլ վերցրին, որովհետև նա Սոդոմում էր բնակվում, և գնացին։ Մի ազատված եկավ և պատմեց եբրայեցի Աբրամին, որը բնակվում էր Եսքողի եղբոր, Աների եղբոր՝ ամորհացի Մամբրեի կաղնիների մեջ, որովհետև նրանք Աբրամի հետ դաշնակից էին։ Երբ Աբրամը լսեց, որ իր եղբայրը գերի է տարվել, դուրս բերեց իր տանը ծնված իր երեք հարյուր տասնութ ծառաներին և թագավորներին հետապնդեց մինչև Դան։ Ինքն իր ծառաների հետ գիշերով գունդ-գունդ հարձակվեց նրանց վրա, հաղթեց նրանց և քշեց նրանց մինչև Կոբա, որ Դամասկոսի հյուսիսային կողմում է։ Եվ ամբողջ ավարը ետ բերեց. իր եղբորորդի Ղովտին էլ, նրա ունեցվածքն էլ ետ բերեց, կանանց և ժողովրդին էլ։ Սոդոմի թագավորը դիմավորեց նրան, երբ նա Քոդողագոմորին և նրա հետ եղող թագավորներին կոտորելուց հետո ետ էր դարձել դեպի Շավեի ձորը, այսինքն՝ թագավորի ձորը։ Սաղեմի թագավոր Մելքիսեդեկը հաց ու գինի դուրս բերեց. նա Բարձրյալ Աստծու քահանան էր։ Օրհնեց նրան ու ասաց. «Օրհնյալ լինի Աբրամը երկնքի և երկրի Արարիչ Բարձրյալ Աստծուց։ Եվ օրհնյալ լինի Բարձրյալ Աստված, որ քո թշնամիներին քո ձեռքը մատնեց»։ Եվ Աբրամն ամեն ինչից տասանորդ տվեց նրան։ Սոդոմի թագավորն ասաց Աբրամին. «Մարդկանց ի՛նձ տուր, իսկ ավարը վերցրո՛ւ քեզ համար»։ Աբրամն ասաց Սոդոմի թագավորին. «Ես բարձրացնում եմ իմ ձեռքը դեպի Տերը՝ Բարձրյալ Աստված, որ Տեր է երկնքի և երկրի.