ԾՆՆԴՈՑ 13:1-9

ԾՆՆԴՈՑ 13:1-9 ՆՎԱԱ

Աբրամը Եգիպտոսից վեր գնաց դեպի Նեգև, ինքը և իր կինը, իր բոլոր ունեցածները, և Ղովտն էլ իր հետ։ Աբրամը շատ հարուստ էր անասուններով, արծաթով և ոսկով։ Նա հանգրվաններով Նեգևից գնաց մինչև Բեթել, մինչև այն վայրը, որտեղ առաջ գտնվում էր իր վրանը, Բեթելի և Գայիի միջև, այն տեղը, որտեղ սկզբնապես զոհասեղան էր շինել։ Այդտեղ Աբրամը կանչեց Տիրոջ անունը։ Ղովտն էլ, որ Աբրամի հետ էր գնացել, ուներ ոչխարներ, արջառներ ու վրաններ, և այդ երկիրը չէր բավականացնում նրանց, որ միասին ապրեն, որովհետև նրանց ստացվածքը շատ էր, և չէին կարողանում միասին ապրել։ Կռիվ սկսվեց Աբրամի հոտերի հովիվների և Ղովտի հոտերի հովիվների միջև։ Այդ ժամանակ քանանացիներն ու փերեզացիները բնակվում էին այդ երկրում։ Աբրամն ասաց Ղովտին. «Թող կռիվ չլինի իմ ու քո միջև և իմ հովիվների ու քո հովիվների միջև, որովհետև մենք եղբայրներ ենք։ Ամբողջ երկիրը առաջդ չէ՞. բաժանվի՛ր ինձանից. եթե դու գնաս դեպի ձախ, ես կգնամ դեպի աջ, իսկ եթե դու գնաս դեպի աջ, ես կգնամ դեպի ձախ»։