Այն երկրում սով եղավ, և Աբրամն իջավ Եգիպտոս՝ այնտեղ որպես պանդուխտ ապրելու համար, քանի որ սովը սաստիկ էր այդ երկրում։ Երբ նա Եգիպտոս մտնելու մոտ էր, իր կնոջը՝ Սարային, ասաց. «Ահա գիտեմ, որ դու գեղեցիկ տեսքով մի կին ես։ Երբ եգիպտացիները տեսնեն քեզ, անպատճառ կասեն՝ “Սա նրա կինն է”, և ինձ կսպանեն, իսկ քեզ ողջ կթողնեն։ Ասա՛, թե դու իմ քույրն ես, որպեսզի քո շնորհիվ ինձ համար լավ լինի, և քո շնորհիվ ես ողջ մնամ»։ Երբ Աբրամը մտավ Եգիպտոս, եգիպտացիները տեսան, որ այդ կինը շատ գեղեցիկ է։ Փարավոնի իշխաններն էլ տեսան նրան և գովեցին նրան փարավոնի առաջ. և կինը տարվեց փարավոնի պալատը։ Փարավոնը բարիք արեց Աբրամին, և նա ոչխարներ, արջառներ, էշեր, ծառաներ, աղախիններ, էգ էշեր և ուղտեր ունեցավ։ Տերը մեծ հարվածներով պատժեց փարավոնին և նրա տանը՝ Աբրամի կնոջ՝ Սարայի պատճառով։ Փարավոնը կանչեց Աբրամին և ասաց. «Այս ի՞նչ արեցիր ինձ. ինչո՞ւ ինձ չասացիր, թե նա քո կինն է։ Ինչո՞ւ ասացիր, թե՝ “Իմ քույրն է”, և ես էլ նրան առա, որ ինձ կին լինի։ Իսկ հիմա, ահա քո կինը, ա՛ռ ու գնա՛»։ Եվ փարավոնը իր մարդկանց պատվիրեց նրա համար, և նրանք ճանապարհ դրին Աբրամին ու նրա կնոջը նրա ամբողջ ստացվածքով։