ԾՆՆԴՈՑ 12:1-20

ԾՆՆԴՈՑ 12:1-20 ՆՎԱԱ

Տերն ասաց Աբրամին. «Գնա՛ քո երկրից, քո ազգականներից և քո հոր տնից այն երկիրը, որ ես ցույց կտամ քեզ։ Ես քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ և օրհնեմ քեզ ու մեծացնեմ քո անունը, և դու օրհնյալ կլինես։ Քեզ օրհնողներին կօրհնեմ, իսկ քեզ անիծողներին կանիծեմ։ Աշխարհի բոլոր ազգերը քեզնով կօրհնվեն»։ Եվ Աբրամը գնաց, ինչպես Տերն ասել էր նրան։ Ղովտն էլ գնաց նրա հետ։ Խառանից դուրս գալիս Աբրամը յոթանասունհինգ տարեկան էր։ Աբրամն առավ իր կին Սարային, իր եղբորորդի Ղովտին, իրենց ամբողջ ունեցվածքը և Խառանում իրենց ունեցած մարդկանց։ Նրանք դուրս եկան, որ գնան Քանանի երկիրը։ Եվ եկան Քանանի երկիրը։ Աբրամն անցավ այդ երկրով մինչև Սյուքեմ կոչված վայրը՝ մինչև Մորեի կաղնին։ Այն ժամանակ քանանացիներն էին այդ երկրում։ Տերը երևաց Աբրամին և ասաց. «Քո սերնդին եմ տալու այս երկիրը»։ Եվ նա այդտեղ զոհասեղան շինեց Տիրոջ համար, որը երևացել էր իրեն։ Այդտեղից գնաց Բեթելի դիմացի սարը և իր վրանը բացեց. Բեթելը արևմտյան կողմում էր, իսկ Գային՝ արևելյան կողմում։ Այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց ու կանչեց Տիրոջ անունը։ Աբրամը, մեկնելով այդտեղից, գնաց դեպի Նեգև։ Այն երկրում սով եղավ, և Աբրամն իջավ Եգիպտոս՝ այնտեղ որպես պանդուխտ ապրելու համար, քանի որ սովը սաստիկ էր այդ երկրում։ Երբ նա Եգիպտոս մտնելու մոտ էր, իր կնոջը՝ Սարային, ասաց. «Ահա գիտեմ, որ դու գեղեցիկ տեսքով մի կին ես։ Երբ եգիպտացիները տեսնեն քեզ, անպատճառ կասեն՝ “Սա նրա կինն է”, և ինձ կսպանեն, իսկ քեզ ողջ կթողնեն։ Ասա՛, թե դու իմ քույրն ես, որպեսզի քո շնորհիվ ինձ համար լավ լինի, և քո շնորհիվ ես ողջ մնամ»։ Երբ Աբրամը մտավ Եգիպտոս, եգիպտացիները տեսան, որ այդ կինը շատ գեղեցիկ է։ Փարավոնի իշխաններն էլ տեսան նրան և գովեցին նրան փարավոնի առաջ. և կինը տարվեց փարավոնի պալատը։ Փարավոնը բարիք արեց Աբրամին, և նա ոչխարներ, արջառներ, էշեր, ծառաներ, աղախիններ, էգ էշեր և ուղտեր ունեցավ։ Տերը մեծ հարվածներով պատժեց փարավոնին և նրա տանը՝ Աբրամի կնոջ՝ Սարայի պատճառով։ Փարավոնը կանչեց Աբրամին և ասաց. «Այս ի՞նչ արեցիր ինձ. ինչո՞ւ ինձ չասացիր, թե նա քո կինն է։ Ինչո՞ւ ասացիր, թե՝ “Իմ քույրն է”, և ես էլ նրան առա, որ ինձ կին լինի։ Իսկ հիմա, ահա քո կինը, ա՛ռ ու գնա՛»։ Եվ փարավոնը իր մարդկանց պատվիրեց նրա համար, և նրանք ճանապարհ դրին Աբրամին ու նրա կնոջը նրա ամբողջ ստացվածքով։