ԾՆՆԴՈՑ 1:20-31

ԾՆՆԴՈՑ 1:20-31 ՆՎԱԱ

Եվ Աստված ասաց. «Ջրերը թող եռան կենդանի շունչ ունեցող զեռուններով, և թռչուններ թռչեն երկրի վրա, երկնքի հաստատության միջով»։ Եվ Աստված ստեղծեց մեծամեծ կետերը և կենդանի շունչ ունեցող բոլոր սողունները, որ ջրերը եռացին դրանցով՝ իրենց տեսակի պես, և բոլոր թևավոր թռչունները՝ իրենց տեսակի պես։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։ Աստված օրհնեց դրանք՝ ասելով. «Աճեցե՛ք և բազմացե՛ք ու լցրե՛ք ծովերի ջրերը, և թռչունները թող շատանան երկրի վրա»։ Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր հինգերորդ։ Եվ Աստված ասաց. «Երկիրը շնչավոր կենդանի թող հանի իր տեսակի պես. անասուններ, սողուններ և երկրի գազաններ՝ իրենց տեսակի պես»։ Եվ այդպես եղավ։ Եվ Աստված երկրի գազաններն ստեղծեց՝ իրենց տեսակի պես, անասունները՝ իրենց տեսակի պես և գետնի բոլոր սողունները՝ իրենց տեսակի պես։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։ Եվ Աստված ասաց. «Մեր պատկերով ու մեր նմանությամբ մարդ արարենք, որպեսզի իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, անասունների ու ամբողջ երկրի վրա և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։ Եվ Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով. Աստծու պատկերով ստեղծեց նրան. արու և էգ ստեղծեց նրանց։ Աստված օրհնեց նրանց և Աստված ասաց նրանց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք երկիրն ու տիրեցե՛ք դրան. իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների վրա ու երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա»։ Եվ Աստված ասաց. «Ահա ամեն խոտ, որ սերմ ունի ամբողջ երկրի վրա, և ամեն ծառ, որի մեջ կա սերմ տվող ծառի պտուղ, ահա ձեզ տվեցի, որ կերակուր լինի ձեզ համար։ Իսկ երկրի բոլոր կենդանիների, երկնքի բոլոր թռչունների և երկրի վրայի բոլոր սողունների համար, որոնց մեջ կենդանության շունչ կա, թող կերակուր լինի ամեն կանաչ խոտ»։ Եվ այդպես եղավ։ Եվ Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ որ արել էր, ահա շատ բարի էր։ Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր վեցերորդ։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում