Գաղատացիներին 5:1-15

Գաղատացիներին 5:1-15 ՆՎԱԱ

Արդ այն ազատությամբ, որ Քրիստոսը մեզ ազատեց, հաստատո՛ւն կացեք ու դարձյալ ծառայության լծի տակ մի՛ մտեք։ Ահա ես՝ Պողոսս, ասում եմ ձեզ, որ եթե թլփատվեք, Քրիստոսը ձեզ օգուտ չի տա։ Եվ դարձյալ վկայում եմ ամեն մարդու համար, որ ով թլփատվում է, պարտավոր է ամբողջ օրենքը կատարել։ Դուք, որ կամենում եք օրենքով արդարանալ, բաժանված եք Քրիստոսից և զրկված շնորհից։ Որովհետև մենք Հոգով սպասում ենք հավատից եղած արդարության հույսին։ Քանի որ Քրիստոս Հիսուսով ո՛չ թլփատությունը զորություն ունի, ո՛չ էլ անթլփատությունը, այլ հավատը, որ սիրով է գործում։ Լավ էիք ընթանում. ձեզ ո՞վ հետ կանգնեցրեց, որ ճշմարտությանը չհնազանդվեք։ Այդ համոզումը նրանից չէ, ով կանչեց ձեզ։ Մի քիչ թթխմորն ամբողջ զանգվածը խմորում է ։ Ես ձեզ վրա Տիրոջով հույս ունեմ, որ ուրիշ բան չեք մտածի, ու ձեզ խռովեցնողը, ով էլ որ լինի, դատապարտության է ենթարկվելու։ Բայց ես, եղբայրնե՛ր, եթե դեռևս թլփատություն եմ քարոզում, էլ ինչի՞ համար եմ հալածվում։ Այդ դեպքում խաչի գայթակղությունը խափանված է։ Երանի արմատից կտրվեին նրանք, ովքեր խռովեցնում են ձեզ։ Որովհետև դուք ազատության համար եք կանչված, եղբայրնե՛ր։ Միայն թե ձեր ազատությունը մարմինը հաճեցնելու պատճառ չլինի, այլ սիրո՛վ ծառայեք իրար։ Որովհետև ամբողջ օրենքն այս մեկ խոսքի մեջ է կատարվում. «Քո ընկերոջը պիտի սիրես, ինչպես ինքդ քեզ» ։ Բայց եթե միմյանց խայթեք և ուտեք, զգուշացե՛ք, որ միմյանց չոչնչացնեք։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում