Գաղատացիներին 3:6-29

Գաղատացիներին 3:6-29 ՆՎԱԱ

Այդպես Աբրահամն Աստծուն հավատաց, և դա նրա համար արդարություն համարվեց (Ծնն. 15.6, Հռմ. 4.3)։ Ուրեմն իմացե՛ք, որ նրանք, ովքեր հավատից են, նրանք են Աբրահամի որդիները։ Սուրբ Գիրքն էլ, կանխատեսելով, որ Աստված հեթանոսներին հավատով է արդարացնելու, նախապես Աբրահամին խոստացավ. «Բոլոր ազգերը քեզանով են օրհնվելու» ։ Ուրեմն նրանք, ովքեր հավատով են, օրհնվում են հավատացյալ Աբրահամի հետ։ Իսկ ովքեր որ օրենքի գործերով են, անեծքի տակ են, քանի որ գրված է. «Անիծյալ լինի ամեն մարդ, որ օրենքի գրքում բոլոր գրվածները չի պահում և չի գործադրում այդ ամենը» ։ Որ օրենքով Աստծու առաջ ոչ ոք չի արդարանում, դա հայտնի է, որովհետև «Արդարը հավատով է ապրելու» ։ Բայց օրենքը հավատից չէ, այլ «Օրենքը գործադրողը նրանով էլ կապրի» ։ Քրիստոսը մեզ օրենքի անեծքից փրկագնեց՝ մեզ համար անեծք դառնալով (քանզի գրված է. «Անիծյալ լինի յուրաքանչյուր ոք, ով կախվում է փայտից» ), որպեսզի Աբրահամի օրհնությունը հասնի հեթանոսներին Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի մենք հավատով ընդունենք խոստացված Սուրբ Հոգին։ Մարդկայնորեն եմ ասում, եղբայրնե՛ր, արդարև մարդու հաստատած կտակը ոչ ոք չի բեկանի, ոչ էլ դրա վրա ուրիշ բան կավելացնի։ Աբրահամին ու նրա որդուն խոստումներ տրվեցին։ Սուրբ Գիրքը չի ասում՝ «Եվ սերունդներին», ինչը շատերին է վերաբերում, այլ վերաբերում է մեկին՝ «Եվ քո սերնդին» , որ է Քրիստոս։ Բայց սա եմ ասում. այն կտակը, որ նախապես հաստատված էր Աստծու կողմից, չորս հարյուր երեսուն տարի հետո եղած օրենքը չի քանդի, որ խոստումը ջնջվի։ Որովհետև եթե ժառանգությունն օրենքից լիներ, ապա այլևս խոստումից կախված չէր լինի։ Բայց Աստված Աբրահամին խոստումով շնորհեց։ Արդ օրենքն ինչի՞ համար է։ Օրենքն ավելացվեց հանցանքների պատճառով, մինչև որ գար սերունդը, որին տրվեց խոստումը և տրվեց հրեշտակների կողմից միջնորդի միջոցով։ Բայց միջնորդը մեկը չէ, իսկ Աստված միակն է։ Ուրեմն օրենքն Աստծու խոստումներին հակառա՞կ է։ Քա՜վ լիցի։ Որովհետև եթե օրենք տրված լիներ, որ կարողանար կյանք տալ, ապա արդարությունը հիրավի օրենքից կլիներ։ Բայց Գիրքը ամեն ինչ մեղքի տակ փակեց, որպեսզի խոստումը Հիսուս Քրիստոսի հավատի միջոցով տրվի հավատացողներին։ Երբ դեռ հավատը չէր եկել, օրենքի ներքո էինք փակված այն հավատի համար, որ պիտի հայտնվեր։ Ուրեմն օրենքը մեզ համար դաստիարակ եղավ դեպի Հիսուս Քրիստոսը, որպեսզի հավատով արդարանանք։ Բայց երբ հավատը եկավ, այլևս դաստիարակի ձեռքի տակ չենք։ Որովհետև ամենքդ Աստծու որդիներ եք Քրիստոս Հիսուսին հավատալով։ Ձեզանից ովքեր Քրիստոսով մկրտվեցին, Քրիստոսով զգեստավորվեցին։ Այլևս ո՛չ հրեա կա, ո՛չ էլ հույն, ո՛չ ծառա կա, ո՛չ էլ ազատ, ո՛չ արու կա, ո՛չ էլ էգ, որովհետև ամենքդ մեկ եք Հիսուս Քրիստոսով։ Եվ եթե դուք Քրիստոսինն եք, ուրեմն Աբրահամի սերունդն եք ու խոստման համաձայն՝ ժառանգներ։

Գաղատացիներին 3:6-29 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում