Գաղատացիներին 3:1-14

Գաղատացիներին 3:1-14 ՆՎԱԱ

Ո՛վ անմիտ գաղատացիներ, ո՞վ հմայեց ձեզ, որոնց աչքերի առաջ Հիսուս Քրիստոսը ձեր մեջ խաչված ներկայացվեց։ Միայն սա եմ ուզում ձեզանից իմանալ. օրենքի գործերո՞վ Հոգին ընդունեցիք, թե՞ քարոզությանը հավատալով։ Այդքան անմի՞տ եք. հոգով սկսեցիք ու հիմա մարմնո՞վ եք ավարտում։ Այնքան նեղությունները զո՞ւր տեղը կրեցիք. եթե զուր էին։ Արդ Հոգին ձեզ բաշխողն ու ձեր մեջ հրաշքներ գործողն այդ արեց, որովհետև օրե՞նքը գործադրեցիք, թե՞ քարոզին հավատացիք։ Այդպես Աբրահամն Աստծուն հավատաց, և դա նրա համար արդարություն համարվեց (Ծնն. 15.6, Հռմ. 4.3)։ Ուրեմն իմացե՛ք, որ նրանք, ովքեր հավատից են, նրանք են Աբրահամի որդիները։ Սուրբ Գիրքն էլ, կանխատեսելով, որ Աստված հեթանոսներին հավատով է արդարացնելու, նախապես Աբրահամին խոստացավ. «Բոլոր ազգերը քեզանով են օրհնվելու» ։ Ուրեմն նրանք, ովքեր հավատով են, օրհնվում են հավատացյալ Աբրահամի հետ։ Իսկ ովքեր որ օրենքի գործերով են, անեծքի տակ են, քանի որ գրված է. «Անիծյալ լինի ամեն մարդ, որ օրենքի գրքում բոլոր գրվածները չի պահում և չի գործադրում այդ ամենը» ։ Որ օրենքով Աստծու առաջ ոչ ոք չի արդարանում, դա հայտնի է, որովհետև «Արդարը հավատով է ապրելու» ։ Բայց օրենքը հավատից չէ, այլ «Օրենքը գործադրողը նրանով էլ կապրի» ։ Քրիստոսը մեզ օրենքի անեծքից փրկագնեց՝ մեզ համար անեծք դառնալով (քանզի գրված է. «Անիծյալ լինի յուրաքանչյուր ոք, ով կախվում է փայտից» ), որպեսզի Աբրահամի օրհնությունը հասնի հեթանոսներին Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի մենք հավատով ընդունենք խոստացված Սուրբ Հոգին։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում