Գաղատացիներին 1:11-24

Գաղատացիներին 1:11-24 ՆՎԱԱ

Տեղեկացնում եմ ձեզ, եղբայրնե՛ր, այն Ավետարանը, որ իմ կողմից քարոզվեց, մարդուց չէ, որովհետև ես ոչ թե մարդուց ստացա այն կամ սովորեցի, այլ Հիսուս Քրիստոսի հայտնությամբ ինձ տրվեց։ Քանի որ դուք իմ՝ հրեության մեջ եղած ժամանակ վարքի մասին լսել եք, որ Աստծու եկեղեցին չափից դուրս հալածում էի և կործանում այն։ Հրեության մեջ ինձ ազգակից հասակակիցներից շատերից առաջադեմ էի և իմ հայրենի ավանդույթներին առավել նախանձախնդիր։ Բայց երբ Աստված բարեհաճեց իմ մոր որովայնից ինձ ընտրել ու իր շնորհի միջոցով կոչել՝ հայտնելու իր Որդուն իմ միջոցով, որպեսզի նրան հեթանոսների մեջ ավետարանեմ, այն ժամանակ ես անմիջապես որևէ մեկից խորհուրդ չհարցրի և ոչ էլ ելա Երուսաղեմ՝ նրանց մոտ, ովքեր ինձանից առաջ առաքյալներ էին, այլ Արաբիա գնացի ու վերադարձա Դամասկոս։ Այնուհետև երեք տարի հետո Երուսաղեմ ելա՝ Պետրոսին տեսնելու. տասնհինգ օր նրա մոտ եղա։ Առաքյալներից մեկ ուրիշի չտեսա, բացի Տիրոջ եղբայր Հակոբոսից։ Բայց ինչ որ գրում եմ ձեզ, ահա Աստծու առաջ եմ ասում, որ սուտ չէ։ Հետո Ասորիքի և Կիլիկիայի կողմերը եկա։ Ես անձամբ անծանոթ էի Հրեաստանում Քրիստոսի եկեղեցիներին։ Միայն լսել էին, թե՝ «Նա, որ մի ժամանակ մեզ հալածում էր, հիմա այն հավատն է քարոզում, որ առաջ կործանում էր»։ Եվ ինձանով փառավորում էին Աստծուն։