Գաղատացիներին 1:1-10

Գաղատացիներին 1:1-10 ՆՎԱԱ

Պողոսը՝ առաքյալ ոչ թե մարդկանցից և ոչ էլ մարդու միջոցով, այլ Հիսուս Քրիստոսի ու Հայր Աստծու կողմից, որ մեռելներից հարություն տվեց նրան, և բոլոր եղբայրները, որ ինձ հետ են, Գաղատիայի եկեղեցիներիդ. շնորհ և խաղաղություն ձեզ Հայր Աստծուց ու մեր Տեր Հիսուս Քրիստոսից, որ ինքն իրեն մեր մեղքերի համար տվեց, որպեսզի Աստծու և մեր Հոր կամքի համաձայն մեզ այս չար աշխարհից ազատի։ Նրան փառք հավիտյանս հավիտենից. ամեն։ Զարմանում եմ, թե ինչպես եք այդպես արագ հեռանում նրանից, ով ձեզ Քրիստոսի շնորհի մեջ կանչեց, և դեպի ուրիշ ավետարան դառնում։ Սակայն ուրիշը չկա, այլ միայն կան ոմանք, որ ձեզ խռովեցնում են և ուզում են Քրիստոսի Ավետարանը փոխել։ Բայց եթե մենք կամ երկնքից մի հրեշտակ նրանից տարբեր բան ավետարանի, քան մենք ձեզ ավետարանեցինք, նզովյալ լինի։ Ինչպես արդեն ասացինք, հիմա էլ դարձյալ ասում եմ. «Եթե մեկը ձեզ ավետարանի ոչ այն, ինչ դուք ընդունեցիք, նզովյալ լինի»։ Արդ հիմա մարդկա՞նց եմ ձգտում, թե՞ Աստծուն, կամ ուզում եմ մարդկա՞նց հաճելի լինել։ Եթե տակավին մարդկանց հաճելի լինեի, Քրիստոսի ծառա չէի լինի։