ԵԶՐԱՍ 8:21-36

ԵԶՐԱՍ 8:21-36 ՆՎԱԱ

Եվ ես այնտեղ՝ Ահավայի գետի մոտ, ծոմապահություն քարոզեցի մեր Աստծու առջև խոնարհվելու համար, որ նրանից հաջող ճանապարհորդություն խնդրենք մեզ և մեր ընտանիքի և մեր ամբողջ ունեցվածքի համար։ Որովհետև ամաչում էի թագավորից, որ ճանապարհին մեզ թշնամուց պաշտպանելու համար զորք և ձիավորներ ուզեմ, քանզի թագավորին ասել էինք, թե մեր Աստծու ձեռքը բոլոր նրան խնդրողների վրա է բարության համար, իսկ նրա զորությունն ու բարկությունը՝ բոլորի վրա, ովքեր թողնում են նրան։ Մենք ծոմ պահեցինք և այս մասին խնդրեցինք մեր Աստծուն, և նա ընդունեց մեր խնդրանքը։ Եվ քահանաների իշխաններից տասներկու մարդ ընտրեցի՝ Սարաբիային, Ասաբիային և նրանց հետ՝ իրենց եղբայրներից տասը մարդ։ Կշռեցի ու տվեցի նրանց այն արծաթն ու ոսկին և անոթները՝ որպես ընծա մեր Աստծու տան համար, որ ընծայել էին թագավորը և նրա խորհրդականներն ու իշխանները և այնտեղ գտնվող բոլոր իսրայելացիները։ Կշռեցի և նրանց ձեռքը տվեցի վեց հարյուր հիսուն տաղանդ արծաթ և հարյուր տաղանդ արծաթե անոթներ, հարյուր տաղանդ ոսկի. քսան ոսկե տաշտ՝ յուրաքանչյուրը հազար դրամ, և երկու հատ մաքուր ու փայլուն պղնձե անոթ՝ ոսկու պես պատվական։ Եվ նրանց ասացի. «Դուք նվիրված եք Տիրոջը, այս անոթներն էլ են նվիրված, և արծաթն ու ոսկին կամավոր ընծա է ձեր հայրերի Տեր Աստծու համար։ Արթո՛ւն կացեք և պահպանե՛ք, մինչև որ կշռեք և տաք քահանաների ու ղևտացիների իշխաններին և Իսրայելի տոհմապետներին Երուսաղեմում՝ Տիրոջ տան սենյակներում»։ Քահանաներն ու ղևտացիները կշիռով ընդունեցին արծաթն ու ոսկին և անոթները, որ տանեն Երուսաղեմ՝ մեր Աստծու տունը։ Ահավայի գետից մենք ճանապարհվեցինք առաջին ամսի տասներկուսին, որ գնանք Երուսաղեմ, և մեր Աստծու ձեռքը մեզ հետ էր, և նա մեզ ճանապարհին ազատեց թշնամու և դարանակալի ձեռքից։ Եկանք Երուսաղեմ և այնտեղ նստեցինք երեք օր։ Չորրորդ օրը մեր Աստծու տանը կշռեցինք արծաթն ու ոսկին և անոթները և տվեցինք Ուրիա քահանայի որդի Մերամոթին. նրա հետ էին Փենեհեսի որդի Եղիազարը, Հեսուի որդի Հովզաբադը և Բանուիի որդի Նովադիա ղևտացիները։ Ամեն բան՝ թվով և կշիռով, և ամեն ինչի կշիռը գրվեց այդ ժամանակ։ Գերությունից վերադարձած գերիները Իսրայելի Աստծուն ողջակեզներ մատուցեցին. ամբողջ Իսրայելի համար՝ տասներկու արջառ, իննսունվեց խոյ, յոթանասունյոթ գառ, մեղքի պատարագի համար՝ տասներկու նոխազ. այս բոլորը՝ Տիրոջ համար ողջակեզ։ Եվ թագավորի հրամանագրերը տվեցին թագավորի կուսակալներին և Գետի այն կողմի իշխաններին, իսկ նրանք էլ օգնում էին ժողովրդին և Աստծու տանը։