ԵԶՐԱՍ 6

6
Կյուրոս կայսեր հրամանագիրը գտնվում է
1Այդ ժամանակ Դարեհ թագավորը հրաման տվեց, և որոնեցին դիվանատանը, որտեղ գանձերն էին պահում Բաբելոնում։ 2Եվ Մարաց գավառի Եկբատանայի պալատում գտնվեց մի թերթ, և այսպես էր գրված նրանում.
«Հիշատակարան.
3Կյուրոս թագավորի առաջին տարում Կյուրոս թագավորը հրաման տվեց Երուսաղեմում եղող Աստծու տան մասին. “Այդ տունը թող շինվի իբրև մի տեղ, որտեղ զոհեր են մատուցում, և թող նրա հիմքերը հաստատվեն. նրա բարձրությունը՝ վաթսուն կանգուն, նրա լայնությունը՝ վաթսուն կանգուն. 4մեծ քարերից՝ երեք շարք և նոր փայտից՝ մեկ շարք, և ծախսը արքունիքից թող տրվի։ 5Նաև՝ Աստծու տան ոսկե և արծաթե անոթները, որ Նաբուգոդոնոսորը հանել էր Երուսաղեմում եղող տաճարից և բերել Բաբելոն, թող հետ տրվեն և տարվեն Երուսաղեմի տաճարը՝ իրենց տեղը, և դրվեն Աստծու տանը”։
Դարեհ կայսրը հրամայում է գործը շարունակել
6Ուրեմն Գետի այն կողմի իշխան Թաթանային, Սաթրաբուզանը և Գետի այն կողմում նրանց ընկերները՝ ափարսաքացիները, թող հեռանան այդտեղից։ 7Թո՛ւյլ տվեք Աստծու այդ տան գործը. հրեաների նախարարը և հրեաների ավագները թող իր տեղում կառուցեն Աստծու այդ տունը։ 8Եվ իմ կողմից հրաման է տրվում, թե ինչ պետք է անեք հրեաների ավագների հանդեպ Աստծու այդ տունը շինելիս, այսինքն՝ արքունի կալվածքից՝ Գետի այն կողմի տուրքից, շուտափույթ տրվեն ծախսերն այդ մարդկանց, որ խոչընդոտ չլինի։ 9Եվ ինչ որ պետք է՝ թե՛ արջառներ, թե՛ խոյեր և թե՛ գառներ ողջակեզի համար երկնքի Աստծուն, նաև ցորեն, աղ, գինի և յուղ, ինչպես որ կասեն Երուսաղեմում եղող քահանաները, թող ամեն օր անպակաս տրվի նրանց։ 10Որ երկնքի Աստծուն անուշահոտ զոհեր մատուցեն և աղոթեն թագավորի ու նրա որդիների կյանքի համար։ 11Եվ իմ կողմից հրաման է տրվում, թե ով փոխի այս պատգամը, նրա տնից թող մի փայտ հանեն, և նա վեր հանվելով դրա վրա գամվի, և այդ պատճառով նրա տունը աղբանոցի վերածվի։ 12Եվ այն Աստվածը, որի անունը բնակվում է այնտեղ, կկործանի ամեն մի թագավորի և ժողովրդի, որոնք իրենց ձեռքը կմեկնեն փոխելու այս հրամանը, որ ավերեն Աստծու այս տունը, որ Երուսաղեմում է։ Ես՝ Դարեհս, տվեցի այս հրամանը. թող շուտով կատարվի»։
Տաճարի նավակատիքը
13Այդ ժամանակ Գետի այս կողմի իշխանը՝ Թաթանային, Սաթրաբուզանը և նրանց ընկերները, ինչպես որ Դարեհ թագավորն էր հրաման ուղարկել, շուտով այդպես էլ արեցին։ 14Եվ հրեաների ավագները շինում էին, և Անգե մարգարեի և Ադդովի որդի Զաքարիայի մարգարեություններով հաջողվում էր, և շինեցին ու վերջացրին Իսրայելի Աստծու հրամանով և պարսից Կյուրոս, Դարեհ և Արտաշես թագավորների հրամանով։ 15Եվ կառուցվեց այս տունը ադար ամսվա երրորդ օրը՝ Դարեհ թագավորի թագավորության վեցերորդ տարում։
16Եվ Իսրայելի որդիները՝ քահանաները և ղևտացիները և գերությունից մյուս եկողները, Աստծու այս տան նավակատիքն արեցին ուրախությամբ։ 17Եվ Աստծու տան նավակատիքի համար զոհեցին հարյուր արջառ, երկու հարյուր խոյ, չորս հարյուր գառ և ամբողջ Իսրայելի համար, իբրև մեղքի պատարագ, Իսրայելի ցեղերի թվով՝ այծերից տասներկու նոխազ։ 18Քահանաներին իրենց կարգերով և ղևտացիներին իրենց դասերով ծառայության դրեցին Երուսաղեմում գտնվող Աստծու տանը, ինչպես որ գրված է Մովսեսի գրքում։
Զատիկը
19Եվ գերությունից եկողները զատիկը կատարեցին առաջին ամսվա տասնչորսին։ 20Որովհետև քահանաներն ու ղևտացիները միասին սրբվեցին, ամենքը մաքուր էին, և զոհը մորթեցին գերությունից բոլոր վերադարձողների համար և իրենց եղբայրների, քահանաների և իրենց համար։ 21Եվ գերությունից վերադարձած իսրայելացիները և ամենքը, ով այն երկրի ազգերի պղծությունից ազատվել եկել էր նրանց մոտ՝ Իսրայելի Տեր Աստծուն փնտրելու համար, կերան։ 22Եվ յոթ օր ուրախություններով Բաղարջակերաց տոնը կատարեցին, որովհետև Տերը նրանց ուրախացրել էր. և Ասորեստանի թագավորի սիրտը դարձրեց դեպի նրանց՝ նրանց ձեռքը Աստծու տան գործում զորացնելու համար։

Արդեն Ընտրված.

ԵԶՐԱՍ 6: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք