ԵԶՐԱՍ 4:17-24

ԵԶՐԱՍ 4:17-24 ՆՎԱԱ

Թագավորը պատգամ ուղարկեց Հռեում խորհրդապետին և Սամսա ատենադպրին ու նրանց մյուս ընկերներին, որ բնակվում էին Սամարիայում, և մնացածներին, որ Գետի այն կողմում էին. «Ողջույն և այլն։ Նամակը, որ մեզ էիք ուղարկել, հայտնապես կարդացվեց իմ առջև։ Եվ ես հրամայեցի, և որոնեցին ու գտան, որ այդ քաղաքը հին ժամանակներից ընդդիմացել է թագավորներին, և դրա մեջ ապստամբություն ու դավաճանություն է եղել։ Եվ հզոր թագավորներ են եղել Երուսաղեմում, որ տիրել են Գետի ամբողջ այդ կողմին, և հարկ, տուրք և մաքս է տրվել նրանց։ Այժմ հրամայե՛ք, որ այդ մարդկանց արգելեն, և այդ քաղաքը չշինվի, մինչև որ իմ կողմից հրաման չտրվի։ Եվ զգո՛ւյշ եղեք, որ այս մասին անհոգ չլինեք. ինչո՞ւ չարիքը մեծանա թագավորներին վնասելու համար»։ Երբ Արտաշես թագավորի նամակի պատճենը կարդացվեց Հռեումի և Սամսա ատենադպրի ու նրանց ընկերների առջև, իսկույն շտապելով գնացին Երուսաղեմ՝ հրեաների մոտ, և բռնությամբ ու ուժով խանգարեցին նրանց։ Այդ ժամանակ խափանվեց Երուսաղեմում եղող Աստծու տան գործը և ընդհատված մնաց մինչև պարսից Դարեհ թագավորի թագավորության երկրորդ տարին։