ԵԶՐԱՍ 4:1-16

ԵԶՐԱՍ 4:1-16 ՆՎԱԱ

Եվ երբ Հուդայի և Բենիամինի թշնամիները լսեցին, որ գերությունից վերադարձողներն Իսրայելի Տեր Աստծու համար տաճար են շինում, մոտեցան Զորաբաբելին և տոհմապետներին ու ասացին նրանց. «Մենք էլ ձեզ հետ կառուցենք, որովհետև մենք էլ ձեզ պես ձեր Աստծուն ենք փնտրում և նրան ենք զոհ մատուցում Ասորեստանի Ասորդան թագավորի օրերից ի վեր, որը մեզ այստեղ բերեց»։ Եվ Զորաբաբելը, Հեսուն և Իսրայելի մյուս տոհմապետներն ասացին նրանց. «Ձեզ և մեզ վայել չէ միասին կառուցել մեր Աստծու տունը. մենք պետք է մենակ շինենք Իսրայելի Տեր Աստծու համար, ինչպես որ մեզ պատվիրել է պարսից արքան՝ Կյուրոս թագավորը»։ Եվ այն երկրի ժողովուրդը թուլացնում էր Հուդայի ժողովրդի ձեռքերը և նրանց խանգարում կառուցելու։ Նրանց դեմ խորհրդականներ էին վարձում նրանց մտադրությունը խափանելու համար՝ պարսից Կյուրոս թագավորի բոլոր օրերում և մինչև պարսից Դարեհ թագավորի թագավորելը։ Իսկ Ասուերոսի թագավորության ժամանակ՝ նրա թագավորության սկզբում, ամբաստանագիր գրեցին Հուդայի և Երուսաղեմի բնակիչների դեմ։ Արտաշեսի օրոք Բեսեղամը, Միթրիդատը, Տաբեելը և մյուս ընկերները գրեցին պարսից Արտաշես թագավորին. նամակն ասորերեն, և մեկնությունն էլ ասորերեն էր։ Այսպես Հռեում խորհրդապետը և Սամսա ատենադպիրը Երուսաղեմի դեմ Արտաշես թագավորին մի նամակ գրեցին։ Այն ժամանակ նամակն ուղարկեցին Հռեում խորհրդապետը և Սամսա ատենադպիրը և նրանց մյուս ընկերները՝ դինացիները, ափարսաթաքացիները, տարփաղեցիները, ափերսացիները, արքուեցիները, բաբելոնացիները, շուշանացիները, դավեցիները, եղամացիները։ Եվ մնացած ազգերը, որոնց մեծ և պատվական Ասենափարը տեղափոխեց և բնակեցրեց Սամարիայի քաղաքներում, և մյուսները, որ Գետի այս կողմում են և այլն։ Ահա այն նամակի պատճենը, որ ուղարկեցին նրան. «Արտաշես թագավորիդ. քո ծառաները՝ Գետի այս կողմի մարդիկս և այլն։ Թագավորիդ թող հայտնի լինի, որ այն հրեաները, որ քո մոտից դուրս եկան, եկել են մեզ մոտ՝ Երուսաղեմ, և շինում են այդ ապստամբ ու զզվելի քաղաքը և նորոգում են նրա պարիսպները, հիմքերն էլ դրել են։ Այժմ թող հայտնի լինի քեզ՝ թագավորիդ, որ եթե քաղաքը վերաշինվի, և նրա պարիսպները նորոգվեն, նրանք հարկ, տուրք և մաքս չեն տա, և վերջը վնաս կբերի թագավորներին։ Արդ, որովհետև ամենքս պալատից ենք ստանում մեր ապրուստը, և մեզ չի վայելում թագավորիդ վնասը տեսնել, այդ պատճառով էլ ուղարկում և հայտնում ենք քեզ՝ թագավորիդ, որ որոնեն քո հայրերի հիշատակարաններում, և դու կիմանաս, որ այս քաղաքը մի ապստամբ քաղաք է եղել և թագավորին ու գավառներին վնասակար, և հին ժամանակներից նրա մեջ դավաճանություն է եղել, և դրա համար այդ քաղաքը ավերակ է դարձել։ Մենք տեղեկացնում ենք թագավորիդ, որ եթե այս քաղաքը շինվի, և նրա պարիսպները նորոգվեն, ապա Գետի այս կողմում քեզ բաժին չի լինի»։