ԵԶՐԱՍ 10:1-15

ԵԶՐԱՍ 10:1-15 ՆՎԱԱ

Երբ Եզրասը լացով և Աստծու տան առաջ ընկած աղոթք էր անում ու խոստովանում, նրա մոտ Իսրայելից հավաքվեց մի շատ մեծ բազմություն՝ տղամարդիկ և կանայք, երեխաներ. ժողովուրդն էլ էր շատ լաց լինում։ Եվ Եղամի որդիներից Հեքիելի որդին՝ Սեքենիան, պատասխանեց Եզրասին և ասաց. «Մենք մեղք գործեցինք մեր Աստծու դեմ՝ երկրի ժողովուրդներից օտար կանայք առնելով, բայց և այնպես հույս կա Իսրայելի համար այս բանի մեջ։ Արդ ուխտ անենք մեր Աստծու առաջ, որ դուրս անենք բոլոր կանանց ու նրանցից ծնվածներին՝ իմ տիրոջ և մեր Աստծու պատվիրաններից վախեցողների խորհրդով, և թող օրենքի պես կատարվի։ Վե՛ր կաց, որովհետև այս գործը քեզ վրա է, և մենք էլ քեզ հետ ենք. զորացի՛ր և արա՛»։ Եվ Եզրասը վեր կացավ և երդում տվեց քահանաների ու ղևտացիների գլխավորներին և բոլոր իսրայելացիներին, թե այս բանի պես կանեն, և նրանք երդվեցին։ Եզրասը վեր կացավ Աստծու տան առաջից և գնաց Եղիասիբի որդի Հոհանանի սենյակը և այնտեղ գնալով՝ հաց չկերավ ու ջուր չխմեց, որովհետև տրտմել էր գերությունից վերադարձածների անօրինության համար։ Եվ մունետիկ կանչել տվեցին, որ Հուդայի և Երուսաղեմի մեջ գտնվող բոլոր գերեդարձները հավաքվեն Երուսաղեմում. «Յուրաքանչյուր ոք, ով իշխանների և ավագների խորհրդի համաձայն երեք օրում չգա, նրա ամբողջ ունեցվածքը պիտի նզովվի, և նա պետք է զատվի գերեդարձների ժողովքից»։ Եվ Հուդայի ու Բենիամինի բոլոր մարդիկ երեք օրում հավաքվեցին Երուսաղեմում իններորդ ամսվա քսանին, և ամբողջ ժողովուրդը նստեց Աստծու տան հրապարակում՝ դողալով այն բանի համար և անձրևներից։ Վեր կացավ Եզրաս քահանան և ասաց նրանց. «Դուք անօրինություն եք գործել և օտար կին եք առել՝ ավելացնելով Իսրայելի հանցանքը։ Բայց հիմա խոստովանե՛ք ձեր հայրերի Տեր Աստծու առաջ և նրան հաճելի՛ն արեք և զատվե՛ք երկրի ազգերից ու օտար կանանցից»։ Եվ բոլոր ժողովվածները պատասխանեցին ու բարձրաձայն ասացին. «Այդպես, մեր պարտքն է քո խոսքի համաձայն անել։ Միայն թե ժողովուրդը շատ է, և ժամանակն էլ՝ անձրևային, և հնարավոր չէ դրսում կանգնել. այս գործը մեկ կամ երկու օրվա բան չէ, որովհետև շատերս հանցավոր ենք այդ գործի մեջ։ Հիմա թող մեր իշխանները կանգնեն բոլոր ժողովվածների փոխարեն, իսկ նրանք, ովքեր մեր քաղաքներում օտար կին են առել, թող որոշված ժամանակին գան, և նրանց հետ՝ յուրաքանչյուր քաղաքի ավագներն ու նրա դատավորները, մինչև որ մեր Աստծու բարկության բորբոքումը վանեն մեզանից այս գործի համար»։ Միայն Ասայելի որդի Հովնաթանը և Թեկվայի որդի Հազիան կանգնեցին սրա վրա, և Մեսուղամն ու ղևտացի Սաբեթան նրանց օգնեցին։