ԵԶԵԿԻԵԼ 47:1-23

ԵԶԵԿԻԵԼ 47:1-23 ՆՎԱԱ

Եվ ինձ հետ դարձրեց տաճարի դարպասը։ Եվ ահա արևելյան կողմից տան շեմի տակից ջրեր էին դուրս գալիս, որովհետև տաճարը դեպի արևելք էր նայում. ջրերը հոսում էին տան աջ կողմի զոհասեղանի հարավային կողմից։ Ապա ինձ դուրս տարավ հյուսիսային դարպասի ճանապարհով և դրսի ճանապարհով շուռ տվեց դեպի արտաքին դարպասը՝ դեպի արևելք նայող դարպասի ճանապարհով, և ահա ջրեր էին բխում հարավային կողմից։ Երբ մարդը լարը ձեռքին դեպի արևելք գնաց, հազար կանգուն չափեց և ինձ անցկացրեց ջրերով. ջրերը մինչև գարշապարներս էին։ Նա նորից չափեց հազար կանգուն և ինձ անցկացրեց ջրերով. ջրերը մինչև ծնկներս էին։ Չափեց հազարկանգուն ևս և ինձ անցկացրեց. ջրերը մինչև մեջքս էին։ Ապա չափեց հազար կանգուն, և մի գետ, որով չկարողացա անցնել, որովհետև ջրերը վարարել էին, լողալու ջրեր էին, մի այնպիսի գետ, որ հնարավոր չէր անցնել։ Եվ ինձ ասաց. «Տեսնո՞ւմ ես, մարդո՛ւ որդի», և ինձ հետ տարավ գետի եզերքը։ Եվ երբ գնում էի, ահա գետի եզերքին խիստ շատ ծառեր կային այս կողմից և այն կողմից։ Եվ ինձ ասաց. «Այս ջրերը դուրս են գալիս դեպի արևելյան գավառը և իջնում են անապատը, և երբ մտնեն ծովը՝ պղտոր ջրերի ծովը, ջրերը կթարմանան։ Եվ ամեն կենդանի շունչ, որ շարժվում է նրանում այն բոլոր տեղերում, ուր գնում է գետը, պիտի ապրի, և ձուկը խիստ շատ պիտի լինի, որովհետև այս ջրերն այնտեղ են հասնում, ուր նրանք պիտի թարմանան, և ամենքը պիտի կենդանանան, ուր էլ որ գնա գետը։ Եվ նրա մոտ ձկնորսներ պիտի կանգնեն, Ենգադդից մինչև Ենեգլայիմ. ուռկաններ փռելու տեղ պիտի լինի, նրա ձկները բազմատեսակ պիտի լինեն, Մեծ ծովի ձկների պես և խիստ շատ։ Նրա տիղմերը և ճահիճները չեն թարմանալու, աղի համար պիտի մնան։ Եվ գետի վրա՝ նրա եզերքին, այս կողմից և այն կողմից ամեն տեսակ պտղաբեր ծառեր պիտի բուսնեն. նրանց տերևը չի թառամելու, և նրանց պտուղը չի հատնելու. ամեն ամիս նոր պտուղ պիտի տա, որովհետև նրա ջրերը սրբարանից են բխում։ Նրանց պտուղը ուտելու համար է, իսկ նրանց տերևները՝ բժշկության համար»։ Այսպես է ասում Տեր Աստված. «Սա է այն սահմանը, որով պիտի բաժանեք երկիրը Իսրայելի տասներկու ցեղերի համար՝ որպես ժառանգություն. Հովսեփը երկու բաժին պիտի ունենա։ Եվ ամեն մարդ այն իր եղբորը հավասար պիտի ժառանգի, որի համար երդվեցի, որ այն ձեր հայրերին տամ, և այս երկիրը ձեզ հասնի իբրև ժառանգություն։ Եվ սա է երկրի սահմանը. դեպի հյուսիսային կողմը Մեծ ծովից Եթլոնի ճանապարհով մինչև Սեդադի մուտքը։ Բերոթա, Սիբրայիմ, որ Դամասկոսի սահմանի և Եմաթի սահմանի միջև է, մինչև Ասեր-Աթիքոն, որ Ավրանի սահմանն է։ Եվ սահմանը պիտի լինի ծովից մինչև Ասար-Ենան՝ Դամասկոսի սահմանից դեպի հյուսիս և Եմաթի սահմանը, նրա հյուսիսային կողմում. այս է հյուսիսային սահմանը։ Եվ արևելյան կողմը՝ Ավրանի և Դամասկոսի միջև, Գաղաադի և Իսրայելի երկրի միջև՝ Հորդանանով. չափե՛ք սահմանից մինչև արևելյան ծովը. սա է արևելյան կողմը։ Հարավային կողմը՝ դեպի հարավ Թամարից մինչև Մերիբաթ-Կադեսի ջրերը. հեղեղատով մինչև Մեծ ծովը. սա է հարավային կողմի սահմանը, դեպի հարավ։ Արևմտյան կողմը՝ Մեծ ծովը կլինի սահմանից մինչև Եմաթի մուտքը. սա է արևմտյան կողմը։ Այս երկիրը բաժանե՛ք ձեր միջև ըստ Իսրայելի ցեղերի։ Այն վիճակով պիտի բաժանեք որպես ժառանգություն ձեր և ձեր մեջ բնակվող օտարականների միջև, որոնք ձեր մեջ որդիներ են ծնել, և նրանք ձեզ համար բնիկների պես պիտի լինեն Իսրայելի որդիների մեջ. նրանք ձեզ հետ ժառանգություն պիտի ունենան Իսրայելի ցեղերի մեջ։ Եվ որ ցեղի մեջ բնակվում է օտարականը, այնտեղ պիտի նրան տաք նրա ժառանգությունը»,- ասում է Տեր Աստված։