ԵԶԵԿԻԵԼ 47:1-12

ԵԶԵԿԻԵԼ 47:1-12 ՆՎԱԱ

Եվ ինձ հետ դարձրեց տաճարի դարպասը։ Եվ ահա արևելյան կողմից տան շեմի տակից ջրեր էին դուրս գալիս, որովհետև տաճարը դեպի արևելք էր նայում. ջրերը հոսում էին տան աջ կողմի զոհասեղանի հարավային կողմից։ Ապա ինձ դուրս տարավ հյուսիսային դարպասի ճանապարհով և դրսի ճանապարհով շուռ տվեց դեպի արտաքին դարպասը՝ դեպի արևելք նայող դարպասի ճանապարհով, և ահա ջրեր էին բխում հարավային կողմից։ Երբ մարդը լարը ձեռքին դեպի արևելք գնաց, հազար կանգուն չափեց և ինձ անցկացրեց ջրերով. ջրերը մինչև գարշապարներս էին։ Նա նորից չափեց հազար կանգուն և ինձ անցկացրեց ջրերով. ջրերը մինչև ծնկներս էին։ Չափեց հազարկանգուն ևս և ինձ անցկացրեց. ջրերը մինչև մեջքս էին։ Ապա չափեց հազար կանգուն, և մի գետ, որով չկարողացա անցնել, որովհետև ջրերը վարարել էին, լողալու ջրեր էին, մի այնպիսի գետ, որ հնարավոր չէր անցնել։ Եվ ինձ ասաց. «Տեսնո՞ւմ ես, մարդո՛ւ որդի», և ինձ հետ տարավ գետի եզերքը։ Եվ երբ գնում էի, ահա գետի եզերքին խիստ շատ ծառեր կային այս կողմից և այն կողմից։ Եվ ինձ ասաց. «Այս ջրերը դուրս են գալիս դեպի արևելյան գավառը և իջնում են անապատը, և երբ մտնեն ծովը՝ պղտոր ջրերի ծովը, ջրերը կթարմանան։ Եվ ամեն կենդանի շունչ, որ շարժվում է նրանում այն բոլոր տեղերում, ուր գնում է գետը, պիտի ապրի, և ձուկը խիստ շատ պիտի լինի, որովհետև այս ջրերն այնտեղ են հասնում, ուր նրանք պիտի թարմանան, և ամենքը պիտի կենդանանան, ուր էլ որ գնա գետը։ Եվ նրա մոտ ձկնորսներ պիտի կանգնեն, Ենգադդից մինչև Ենեգլայիմ. ուռկաններ փռելու տեղ պիտի լինի, նրա ձկները բազմատեսակ պիտի լինեն, Մեծ ծովի ձկների պես և խիստ շատ։ Նրա տիղմերը և ճահիճները չեն թարմանալու, աղի համար պիտի մնան։ Եվ գետի վրա՝ նրա եզերքին, այս կողմից և այն կողմից ամեն տեսակ պտղաբեր ծառեր պիտի բուսնեն. նրանց տերևը չի թառամելու, և նրանց պտուղը չի հատնելու. ամեն ամիս նոր պտուղ պիտի տա, որովհետև նրա ջրերը սրբարանից են բխում։ Նրանց պտուղը ուտելու համար է, իսկ նրանց տերևները՝ բժշկության համար»։

ԵԶԵԿԻԵԼ 47:1-12 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր