Ապա ինձ տարավ դարպասը՝ դեպի արևելք նայող դարպասը։ Եվ ահա Իսրայելի Աստծու փառքը գալիս էր արևելքից, և նրա գալու ձայնը վարար ջրերի ձայնի նման էր։ Եվ երկիրը լուսավորվեց նրա փառքից։ Տեսիլքը նման էր այն տեսիլքին, որ տեսել էի, երբ եկել էր քաղաքն ավերելու, և նման այն տեսիլքին, որ տեսել էի Քեբար գետի մոտ։ Եվ ես երեսի վրա վայր ընկա։
Տիրոջ փառքը տաճար եկավ այն դարպասի ճանապարհով, որ դեպի արևելք է նայում։ Հոգին վերցրեց ինձ և տարավ ներքին գավիթը, և ահա Տիրոջ փառքը լցրել էր տաճարը։ Ես տաճարից դեպի ինձ ուղղված մի ձայն լսեցի, և մի մարդ կանգնել էր կողքիս։ Ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, սա է իմ գահի տեղը և իմ ոտքերի գարշապարների տեղը, որտեղ ես պիտի բնակվեմ հավիտյան Իսրայելի որդիների մեջ. Իսրայելի տունն այլևս չպիտի պղծի իմ անունը. իրենք և իրենց թագավորներն իրենց պոռնկություններով և իրենց թագավորների դիերով՝ իրենց Բարձր տեղերում. իրենց սեմերն իմ սեմերի մոտ և իրենց դռան սյուներն իմ դռան սյուների մոտ դնելով. այնպես որ իմ և նրանց միջև մի պատ կար, բայց նրանք իրենց արած պիղծ բաներով պղծեցին իմ սուրբ անունը, և ես իմ բարկությամբ ոչնչացրի նրանց։ Հիմա թող ինձանից հեռացնեն իրենց պոռնկությունը և իրենց թագավորների դիակները, և ես հավիտյան կբնակվեմ նրանց մեջ։
Դու, մարդո՛ւ որդի, Իսրայելի տանը պատմի՛ր այս տաճարի մասին, որ ամաչեն իրենց անօրենություններից. թող չափեն դրա չափերը։ Եվ եթե ամաչեն իրենց բոլոր արարքներից, նրանց հասկացրո՛ւ տաճարի ձևը և նրա կարգավորությունը, նրա ելքերն ու մուտքերը, նրա կարգերը և նրա բոլոր կանոններն ու նրա բոլոր օրենքները։ Եվ նրանց աչքի առաջ գրի՛ր, որ նրանք պահեն նրա բոլոր կարգերը, նրա բոլոր կանոնները և կատարեն դրանք։
Սա է տաճարի օրենքը. նրա ամբողջ տարածքը շրջանակաձև լեռան գլխի վրա ամենասուրբ է. ահա սա է տաճարի օրենքը։
Եվ սրանք են զոհասեղանի չափերը կանգունով (կանգունը՝ մեկ կանգուն և մեկ ձեռնաչափ), խորքը՝ մեկ կանգուն բարձր և մեկ կանգուն լայն, շրջագծի եզրը՝ շուրջանակի մեկ թիզ։ Եվ սա զոհասեղանի բարձրությունն է։ Եվ գետնի վրա խորքից մինչև ստորին շրջանակը՝ երկու կանգուն, լայնությունը՝ մեկ կանգուն, փոքր շրջանակից մինչև մեծ շրջանակը՝ չորս կանգուն, լայնությունը՝ մեկ կանգուն։ Կրակարանը՝ չորս կանգուն բարձր, իսկ կրակարանից վեր չորս եղջյուրներ պիտի լինեն։ Եվ կրակարանը՝ տասներկու կանգուն երկարությամբ, տասներկու կանգուն լայնությամբ՝ քառակուսի։ Մեծ շրջանակը՝ տասնչորս կանգուն երկարությամբ և տասնչորս կանգուն լայնությամբ իր չորս հավասար կողմերով, և եզրը նրա շուրջը՝ կես կանգուն, նրա խորքը՝ շուրջանակի մեկ կանգուն, նրա աստիճանները դեպի արևելք պիտի լինեն»։