Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար մի փա՛յտ վերցրու և նրա վրա գրի՛ր. “Հուդային և նրա ընկերակից Իսրայելի որդիներին”։ Մի փայտ էլ վերցրո՛ւ և նրա վրա գրի՛ր. “Հովսեփին՝ Եփրեմի փայտը և նրա ընկերակից Իսրայելի ամբողջ տանը”։ Եվ դրանք մոտեցրո՛ւ միմյանց որպես մեկ փայտ, և նրանք միանան քո ձեռքում։ Եվ երբ քո ժողովրդի որդիները խոսեն քեզ հետ՝ ասելով. “Մեզ չե՞ս ասի, թե այդ ի՛նչ է նշանակում քեզ համար”, նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես վերցնելու եմ Հովսեփի փայտը, որ Եփրեմի ձեռքին է, և նրա ընկերակից Իսրայելի ցեղերը ու նրանց Հուդայի փայտի հետ դնեմ, և նրանք մեկ փայտ անեմ, որ մեկ լինեն իմ ձեռքում"”։ Եվ այն փայտերը, որոնց վրա դու պիտի գրես, նրանց աչքի առաջ քո ձեռքին թող լինեն։ Եվ նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես վերցնելու եմ Իսրայելի որդիներին այն ազգերի միջից, ուր իրենք գնացել են, և նրանց ամեն կողմից հավաքելու եմ և բերելու եմ իրենց երկիրը։ Եվ նրանց մեկ ազգ եմ դարձնելու երկրում՝ Իսրայելի սարերի վրա, և մեկ թագավոր պիտի թագավորի նրանց բոլորի վրա, այլևս երկու ազգեր չեն լինելու և այլևս չեն բաժանվելու երկու թագավորությունների։ Եվ այլևս չպիտի ապականվեն իրենց կուռքերով ու գարշելի քանդակներով և իրենց բոլոր հանցանքներով։ Ես նրանց պիտի ազատեմ իրենց բոլոր բնակավայրերից, որոնց մեջ իրենք մեղանչեցին, և նրանց պիտի մաքրեմ։ Նրանք իմ ժողովուրդը կլինեն, և ես կլինեմ նրանց Աստվածը։ Եվ իմ ծառա Դավիթը կթագավորի նրանց վրա, և նրանց բոլորին մեկ հովիվ կլինի. իմ պատվիրաններով կընթանան և իմ կանոնները կպահեն ու դրանք կկատարեն։ Եվ կապրեն այն երկրում, որտեղ բնակվել էին ձեր հայրերը, որ տվել եմ իմ ծառա Հակոբին. իրենք և իրենց որդիները և իրենց որդիների որդիները մինչև հավիտյան այնտեղ կբնակվեն։ Եվ իմ ծառա Դավիթը նրանց համար հավիտյան իշխան կլինի։ Եվ նրանց հետ խաղաղության ուխտ կկապեմ. հավիտենական ուխտ կլինի նրանց հետ։ Նրանց պիտի հաստատեմ ու բազմացնեմ և իմ սրբարանը նրանց մեջ կարգեմ հավիտյան։ Իմ բնակարանը հավիտյան նրանց հետ կլինի, և ես նրանց Աստվածը կլինեմ, իսկ նրանք իմ ժողովուրդը կլինեն։ Եվ ազգերը կիմանան, որ ես՝ Տերը, Իսրայելին սրբացնողն եմ, երբ իմ սրբարանը հավիտյան նրանց մեջ կլինի"”»։