ԵԶԵԿԻԵԼ 37:1-28

ԵԶԵԿԻԵԼ 37:1-28 ՆՎԱԱ

Տիրոջ ձեռքն ինձ վրա եղավ, և նա ինձ դուրս հանեց Տիրոջ Հոգով ու ինձ վայր դրեց դաշտի մեջ, որ լիքն էր ոսկորներով։ Եվ ինձ պտտեցրեց նրանց վրա չորս կողմը, և ահավասիկ նրանք չափազանց շատ էին դաշտի երեսին և ահա շատ չոր էին։ Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, մի՞թե կկենդանանան այս ոսկորները»։ Ես ասացի. «Ո՛վ Տեր Աստված, դու գիտես»։ Եվ նա ինձ ասաց. «Մարգարեացի՛ր այս ոսկորների վրա և ասա՛ նրանց. “Ո՛վ չորացած ոսկորներ, լսե՛ք Տիրոջ խոսքը։ Տեր Աստված այսպես ասաց այս ոսկորներին. "Ահա ես ձեր մեջ շունչ պիտի դնեմ, և դուք պիտի կենդանանաք։ Եվ ձեր մեջ ջղեր պիտի դնեմ. ձեզ վրա միս պիտի բերեմ և ձեզ մորթով պատեմ, ձեր մեջ շունչ պիտի դնեմ, և դուք պիտի կենդանանաք։ Եվ պիտի իմանաք, որ ես եմ Տերը"”»։ Եվ ես մարգարեացա, ինչպես հրամայվեց ինձ։ Եվ մինչ մարգարեանում էի, մի ձայն եղավ, և ահա մի դղրդյուն, և ոսկորները մոտեցան՝ ոսկորն իր ոսկորի մոտ։ Եվ տեսա. ահա նրանց վրա ջղեր և միս եկան, և մորթը պատեց նրանց, սակայն շունչ չկար նրանց մեջ։ Եվ ինձ ասաց. «Մարգարեացի՛ր շնչին, մարգարեացի՛ր, ո՛վ մարդու որդի, և ասա՛ շնչին. “Այսպես է ասում Տեր Աստված. "Աշխարհի չորս հովերից ե՛կ, ո՛վ շունչ, և փչի՛ր այս սպանվածների վրա, որ կենդանանան"”»։ Եվ ես մարգարեացա, ինչպես հրամայել էր ինձ, և շունչը նրանց մեջ մտավ։ Նրանք կենդանացան ու կանգնեցին իրենց ոտքերի վրա, և չափազանց մեծ մի բանակ էր։ Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այս ոսկորներն ամբողջ Իսրայելի տունն են։ Ահա նրանք ասում են. “Մեր ոսկորները չորացան, և մեր հույսը վերացավ. մենք ոչնչացած ենք”։ Ուստի մարգարեացի՛ր և ասա՛ նրանց. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես բացում եմ ձեր գերեզմանները և ձեզ՝ իմ ժողովրդին, դուրս պիտի հանեմ ձեր գերեզմաններից ու ձեզ տանեմ Իսրայելի երկիրը։ Եվ դուք կիմանաք, որ ես եմ Տերը, երբ կբացեմ ձեր գերեզմանները և ձեզ կհանեմ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ։ Եվ ես իմ Հոգին ձեր մեջ կդնեմ, և դուք կապրեք։ Ես ձեզ կհանգստացնեմ ձեր երկրի վրա, և դուք կիմանաք, որ ես եմ Տերը, ինչ խոսեցի, պիտի կատարեմ"”»,- ասում է Տերը։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար մի փա՛յտ վերցրու և նրա վրա գրի՛ր. “Հուդային և նրա ընկերակից Իսրայելի որդիներին”։ Մի փայտ էլ վերցրո՛ւ և նրա վրա գրի՛ր. “Հովսեփին՝ Եփրեմի փայտը և նրա ընկերակից Իսրայելի ամբողջ տանը”։ Եվ դրանք մոտեցրո՛ւ միմյանց որպես մեկ փայտ, և նրանք միանան քո ձեռքում։ Եվ երբ քո ժողովրդի որդիները խոսեն քեզ հետ՝ ասելով. “Մեզ չե՞ս ասի, թե այդ ի՛նչ է նշանակում քեզ համար”, նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես վերցնելու եմ Հովսեփի փայտը, որ Եփրեմի ձեռքին է, և նրա ընկերակից Իսրայելի ցեղերը ու նրանց Հուդայի փայտի հետ դնեմ, և նրանք մեկ փայտ անեմ, որ մեկ լինեն իմ ձեռքում"”։ Եվ այն փայտերը, որոնց վրա դու պիտի գրես, նրանց աչքի առաջ քո ձեռքին թող լինեն։ Եվ նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես վերցնելու եմ Իսրայելի որդիներին այն ազգերի միջից, ուր իրենք գնացել են, և նրանց ամեն կողմից հավաքելու եմ և բերելու եմ իրենց երկիրը։ Եվ նրանց մեկ ազգ եմ դարձնելու երկրում՝ Իսրայելի սարերի վրա, և մեկ թագավոր պիտի թագավորի նրանց բոլորի վրա, այլևս երկու ազգեր չեն լինելու և այլևս չեն բաժանվելու երկու թագավորությունների։ Եվ այլևս չպիտի ապականվեն իրենց կուռքերով ու գարշելի քանդակներով և իրենց բոլոր հանցանքներով։ Ես նրանց պիտի ազատեմ իրենց բոլոր բնակավայրերից, որոնց մեջ իրենք մեղանչեցին, և նրանց պիտի մաքրեմ։ Նրանք իմ ժողովուրդը կլինեն, և ես կլինեմ նրանց Աստվածը։ Եվ իմ ծառա Դավիթը կթագավորի նրանց վրա, և նրանց բոլորին մեկ հովիվ կլինի. իմ պատվիրաններով կընթանան և իմ կանոնները կպահեն ու դրանք կկատարեն։ Եվ կապրեն այն երկրում, որտեղ բնակվել էին ձեր հայրերը, որ տվել եմ իմ ծառա Հակոբին. իրենք և իրենց որդիները և իրենց որդիների որդիները մինչև հավիտյան այնտեղ կբնակվեն։ Եվ իմ ծառա Դավիթը նրանց համար հավիտյան իշխան կլինի։ Եվ նրանց հետ խաղաղության ուխտ կկապեմ. հավիտենական ուխտ կլինի նրանց հետ։ Նրանց պիտի հաստատեմ ու բազմացնեմ և իմ սրբարանը նրանց մեջ կարգեմ հավիտյան։ Իմ բնակարանը հավիտյան նրանց հետ կլինի, և ես նրանց Աստվածը կլինեմ, իսկ նրանք իմ ժողովուրդը կլինեն։ Եվ ազգերը կիմանան, որ ես՝ Տերը, Իսրայելին սրբացնողն եմ, երբ իմ սրբարանը հավիտյան նրանց մեջ կլինի"”»։