ԵԶԵԿԻԵԼ 23

23
Մեղավոր քույրերը
1Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 2«Մարդո՛ւ որդի, երկու կանայք կային՝ մի մոր դուստրեր։ 3Նրանք պոռնկություն արեցին Եգիպտոսում, իրենց երիտասարդ ժամանակ պոռնկություն արեցին. այնտեղ ճմլվեցին նրանց կրծքերը, և այնտեղ շոշափեցին նրանց կուսական ստինքները։ 4Նրանց անունները՝ մեծինը՝ Ոողա#23.4 Եբր. Ոհողա։ և նրա քրոջը՝ Ոողիբա#23.4 Եբր. Ոհողիբա։։ Ապա նրանք իմը եղան, որդիներ ու դուստրեր ծնեցին. նրանց անունները. Ոողան Սամարիան է, Ոողիբան՝ Երուսաղեմը։
5Ոողան, թեև իմն էր, պոռնկություն արեց և սիրահարվեց իր սիրեկաններին, այսինքն՝ հարևան ասորեստանցիներին, 6կապուտակ հագնող կուսակալներին և նախարարներին, բոլորը՝ ցանկալի երիտասարդներ, նժույգներ հեծած ձիավորներ։ 7Եվ նա իր պոռնկությունն ընծայեց նրանց՝ Ասորեստանի բոլոր ընտիր որդիներին, և իրեն պղծեց նրանց բոլոր կուռքերով, որոնց սիրահարվել էր։ 8Եվ Եգիպտոսից բերած իր բոլոր պոռնկությունները չթողեց, որովհետև նրա հետ պառկել էին նրա երիտասարդ ժամանակ, և նրանք շոշափել էին նրա կուսական ստինքները և իրենց պոռնկությունը նրա վրա էին թափել։ 9Ուստի նրան իր սիրեկանների ձեռքը հանձնեցի, Ասորեստանի որդիների ձեռքը, որոնց նա սիրահարվել էր։ 10Նրանք բացեցին նրա մերկությունը, վերցրին նրա որդիներին ու դուստրերին և իրեն սրով սպանեցին, երբ դատավճիռ գործադրեցին նրա դեմ. նա ասելիք դարձավ կանանց մեջ։
11Երբ նրա Ոողիբա քույրը տեսավ այս, իր տռփանքով նրանից ավելի ապականություն արեց և իր պոռնկություններով իր քրոջ պոռնկությունները գերազանցեց. 12Ասորեստանի որդիներին սիրահարվեց, կուսակալներին և նախարարներին, նրա մոտ եղողներին, որոնք շքեղ էին հագնված, նժույգներ հեծած ձիավորներին, բոլորը՝ ցանկալի երիտասարդներ։ 13Եվ տեսա, որ պղծվեց. երկուսի ճանապարհն էլ նույնն էր։ 14Բայց իր պոռնկություններն ավելացրեց, երբ պատի վրա փորագրված մարդիկ տեսավ՝ քաղդեացիների պատկերները՝ կարմիր ներկերով նկարված, 15իրենց մեջքին գոտի կապած, գույնզգույն խույրեր իրենց գլուխներին, ամենքը զորավարների կերպարանքով, Բաբելոնի որդիների պատկերը, որոնց ծննդավայր երկիրը Քաղդեան էր։ 16Այն ժամանակ իր աչքերով տեսնելով՝ դրանց սիրահարվեց և պատգամավորներ ուղարկեց նրանց մոտ՝ քաղդեացիների երկիրը։ 17Եվ Բաբելոնի որդիները նրա մոտ տռփանքի անկողինը մտան և նրան պղծեցին իրենց պոռնկություններով, և նա պղծվեց նրանց հետ, ապա նրա հոգին նրանցից զատվեց զզվանքով։ 18Եվ նա բացահայտեց իր պոռնկությունները, բացահայտեց իր մերկությունը, և իմ հոգին էլ նրանից զատվեց զզվանքով, ինչպես որ հոգիս զատվել էր նրա քրոջից զզվանքով։
19Բայց նա շատացրեց իր պոռնկությունները՝ հիշելով իր երիտասարդության օրերը, երբ պոռնկանում էր Եգիպտոսի երկրում։ 20Եվ նա սիրահարվեց իր տարփածուներին, որոնց անդամները էշի անդամների պես էին, իսկ սերմնացայտումը՝ ձիերի սերմնացայտում։ 21Եվ դու քո երիտասարդության լրբությանը նայեցիր, երբ եգիպտացիները քո կրծքերը ճմլեցին և քո մատղաշ ստինքները շոշափեցին։
Աստծու դատաստանը փոքր քրոջը
22Ուստի, ո՛վ Ոողիբա,- այսպես է ասում Տեր Աստված,- ահա ես քո դեմ եմ հանելու քո սիրեկաններին, որոնցից քո հոգին զատվեց զզվանքով, և նրանց քեզ վրա եմ բերելու բոլոր կողմերից՝ 23Բաբելոնի որդիներին և բոլոր քաղդեացիներին, Փակուդին, Սուեին և Կուեին,#23.23 Եբր. Փեկոդին, Շոային և Կոային։ նրանց հետ՝ Ասորեստանի բոլոր որդիներին, բոլորը՝ ցանկալի երիտասարդներ, կուսակալներ և նախարարներ, ամենքը՝ զորականներ և երևելի մարդիկ, բոլորը՝ նժույգ հեծածներ։ 24Եվ նրանք քո դեմ պիտի արշավեն զենքերով, մարտակառքերով ու կառքերով և ժողովրդի բազմությամբ, ամեն կողմից քո դեմ պիտի կանգնեն վահանով, ասպարով ու սաղավարտով, և նրանց պիտի հանձնեմ դատաստանը, և նրանք քեզ պիտի դատեն իրենց դատաստաններով։ 25Եվ ես իմ նախանձախնդրությունը քո դեմ պիտի ուղղեմ, և նրանք զայրույթով պիտի վարվեն քեզ հետ. քիթդ ու ականջներդ պիտի պոկեն, իսկ մնացորդդ սրից պիտի ընկնի. նրանք պիտի տանեն քո որդիներին ու դուստրերին, իսկ մնացորդդ կրակով պիտի սպառվի։ 26Քո վրայից պիտի հանեն քո հանդերձները և վերցնեն քո զարդարանքները. 27ես պիտի դադարեցնեմ քո լրբությունը և Եգիպտոսի երկրի պոռնկություններդ. աչքերդ չես բարձրացնելու դեպի նրանք և այլևս չես հիշելու Եգիպտոսը»։
28Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես քեզ նրանց ձեռքը պիտի մատնեմ, որոնց դու ատում ես, որոնցից քո հոգին զատվեց զզվանքով։ 29Եվ նրանք քեզ հետ ատելությամբ պիտի վարվեն և պիտի վերցնեն քո ամբողջ վաստակը. քեզ մերկ ու տկլոր պիտի թողնեն, և պիտի բացահայտվեն քո պոռնկությունը, քո լրբությունը և քո պոռնկությունները։ 30Սրանք պետք է կատարվեն քեզ հետ, որովհետև դու, ազգերին հետևելով, պոռնկություն արեցիր և դու քեզ պղծեցիր նրանց կուռքերով։ 31Դու քո քրոջ ճանապարհով գնացիր, և ես նրա բաժակը քո ձեռքում պիտի դնեմ»։ 32Այսպես է ասում Տեր Աստված. «Դու պիտի քո քրոջ բաժակը խմես՝ խոր ու լայն, դու ծաղր ու ծանակ պիտի դառնաս. այն շատ է պարունակում։ 33Հարբածությամբ ու թախիծով պիտի լցվես. սարսափի և ամայության բաժակ է քո քրոջ՝ Սամարիայի բաժակը։ 34Եվ դու պիտի խմես այն ու քամես և նրա բեկորները պիտի կրծես. ստինքներդ պատառոտես, որովհետև ե՛ս եմ խոսել»,- ասում է Տեր Աստված։ 35Սրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Որովհետև դու ինձ մոռացար և ինձ քո մեջքի հետևը գցեցիր, ուրեմն դու էլ կրի՛ր քո լրբության ու պոռնկությունների հետևանքները»։
Աստծու դատաստանը երկու քույրերին
36Եվ Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, մի՞թե դու դատելու ես Ոողային և Ոողիբային. արդ նրանց պատմի՛ր իրենց պիղծ արարքները։ 37Քանի որ նրանք շնություն են արել, և արյուն կա նրանց ձեռքերին, շնացել են իրենց կուռքերով և իրենց որդիներին էլ, որոնց ինձ համար էին ծնել, կրակի միջով անցկացրին, որ նրանց համար կերակուր լինեն։ 38Դեռ սա էլ արեցին ինձ. նույն օրը իմ սրբարանն անմաքուր դարձրին և իմ շաբաթները պղծեցին, 39երբ իրենց որդիներին մորթեցին իրենց կուռքերի համար, և նույն օրը մտան իմ սրբարանը, որպեսզի այն պղծեն. ահա այսպես արեցին իմ տան մեջ։ 40Եվ մինչև անգամ լուր ուղարկեցիք, որ մարդիկ հեռվից գան, որոնց մոտ պատգամավոր ուղարկվեց։ Եվ ահա նրանք եկան, որոնց համար դու լվացվեցիր, աչքերիդ ծարիր դրեցիր և զարդերով զարդարվեցիր։ 41Պատվական բազմոցի վրա նստեցիր, և պատրաստված սեղան կար նրա առաջ, և իմ խունկն ու իմ յուղը դրեցիր նրա վրա։ 42Անհոգ բազմության աղմուկ կար այնտեղ, բազմաթիվ գինով մարդկանց, որոնք բերվել էին շրջակա անապատից. նրանք ապարանջաններ էին դնում կանանց ձեռքերին և շքեղ պսակներ՝ իրենց գլուխներին։ 43Եվ ես շնությունների մեջ պառավածի մասին ասացի. “Նրա հետ պոռնկություններով դեռևս կպոռնկանան”։ 44Եվ նրա մոտ մտան պոռնիկ կնոջ մոտ մտնելու նման. այդպես մտան Ոողայի և Ոողիբայի մոտ՝ այդ անպարկեշտ կանանց մոտ։ 45Բայց արդար մարդիկ պիտի դատեն նրանց շնացող կանանց դատաստանով և արյունահեղների դատաստանով, որովհետև նրանք շնացողներ են, և արյուն կա նրանց ձեռքերին»։
46Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ես նրանց դեմ ամբոխ պիտի կարգեմ, նրանց սարսափի ու հափշտակության պիտի մատնեմ։ 47Եվ ամբոխը նրանց պիտի քարկոծի ու նրանց կոտորի իրենց սրերով, նրանց որդիներին ու դուստրերին սպանի և նրանց տները կրակով այրի։ 48Եվ երկրից պիտի վերացնեմ լրբությունը, ու բոլոր կանայք պիտի խրատվեն, որ ձեր գործած լրբությունների նման չանեն։ 49Եվ ձեր լրբությունը ձեզ վրա պիտի դնեն, և դուք ձեր մեղավոր կռապաշտության պատիժը պիտի կրեք ու գիտենաք, որ ես եմ Տեր Աստված»։

Արդեն Ընտրված.

ԵԶԵԿԻԵԼ 23: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք