ԵԶԵԿԻԵԼ 22
22
Երուսաղեմի ոճիրները
1Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 2«Եվ դու, մարդո՛ւ որդի, մի՞թե դու դատելու ես, դատելու ես արյունահեղ այս քաղաքը։ Ուրեմն նրան հայտարարի՛ր նրա բոլոր պիղծ արարքները 3և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ո՛վ քաղաք, որ քո մեջ արյուն ես հեղում, որ քո ժամանակը եկել է, որ քեզ պղծելով քեզանում կուռքեր ես շինում։ 4Քո թափած այն արյամբ հանցավոր եղար և պղծվեցիր քո շինած այն կուռքերով, վերջին օրերդ մոտեցրիր և հասար քո տարիների վերջին, դրա համար ես քեզ ազգերի նախատինքին մատնեցի և բոլոր երկրների ծաղրանքին։ 5Քեզ մերձավորները և քեզնից հեռավորները պիտի ծաղրեն քեզ, ո՛վ վատահամբավ և աղմկալից քաղաք"”։
6Ահա Իսրայելի իշխանավորները. ամեն մեկն իր ուժով#22.6 Բռց. բազկով։ քո մեջ է, որպեսզի արյուն թափի։ 7Հորն ու մորն անարգեցին քո մեջ, օտարականին հարստահարեցին քո մեջ, որբին և այրուն կեղեքեցին քեզանում։ 8Իմ սրբություններն անարգեցիր և իմ շաբաթները պղծեցիր։ 9Բանսարկու մարդիկ եղան քո մեջ արյուն թափելու համար, մարդիկ սարերի վրա ճաշակեցին քեզ մոտ և լրբություններ արեցին քո մեջ։ 10Հոր մերկություն բացեցին քեզանում, անմաքրության մեջ եղող կնոջը բռնաբարեցին քեզանում։ 11Եվ մարդ իր ընկերոջ կնոջ հետ պիղծ բաներ գործեց, մարդ իր հարսին պղծեց լրբությամբ, և մարդ իր քրոջը՝ իր հոր դստերը, բռնաբարեց քեզանում։ 12Քեզանում արյուն թափելու համար կաշառք վերցրին, վաշխ ու տոկոս առար և ագահությամբ քո ընկերներին հարստահարեցիր և ինձ մոռացար»,- ասում է Տեր Աստված։ 13«Եվ ահա ափերս իրար կխփեմ քո բանեցրած ագահության և քո մեջ եղած արյան համար։ 14Մի՞թե սիրտդ կդիմանա, կամ ձեռքերդ ամուր կմնան այն օրերին, երբ ես վարվեմ քեզ հետ. Տերը՝ ես, ասացի և անելու եմ։ 15Ես քեզ պիտի ցրեմ ազգերի մեջ, քեզ պիտի սփռեմ երկրների մեջ և քո անմաքրությունը պիտի վերացնեմ քեզնից։ 16Եվ դու քեզ պիտի անպատվես ազգերի աչքին։ Կիմանաս, որ ես եմ Տերը»։
Աստծու զտող փուռը
17Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 18«Մարդո՛ւ որդի, Իսրայելի տունն ինձ համար խարամ է դարձել, նրանք ամենքը պղինձ, անագ, երկաթ ու կապար են հալոցի մեջ. արծաթի խարամ են դարձել։ 19Ուստի Տեր Աստված այսպես է ասում. “Որովհետև դուք ամենքդ խարամ եք դարձել, դրա համար էլ ես ձեզ պիտի ժողովեմ Երուսաղեմի մեջ. 20արծաթը, պղինձը, երկաթը, կապարն ու անագը հալոցի մեջ հավաքելու պես, որ նրա վրա կրակ փչեն՝ հալեցնելու համար, նույնպես էլ իմ բարկությամբ ու զայրույթով պիտի ժողովեմ ձեզ, դնեմ ու հալեցնեմ։ 21Եվ ձեզ պիտի ժողովեմ, ձեզ վրա փչեմ իմ ցասման կրակով, և դուք պիտի հալվեք նրա մեջ։ 22Ինչպես որ արծաթն է հալվում հալոցում, նույնպես էլ դուք պիտի հալվեք նրա մեջ և պիտի իմանաք, որ Տերը՝ ես եմ իմ զայրույթը թափել ձեզ վրա”»։
Իսրայելի առաջնորդների մեղքը
23Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 24«Մարդո՛ւ որդի, նրան ասա՛. “Դու մի երկիր ես, որ չի մաքրվել, ցասումի օրն անձրև չի ստացել”։ 25Նրա մարգարեների դավադրությունը նրա մեջ մռնչացող առյուծի որս բզկտողի պես է. նրանք մարդիկ կերան, գանձեր ու պատվական բաներ գրավեցին և այրիներին շատացրին նրանում։ 26Նրա քահանաները բռնացան իմ օրենքի վրա, իմ սրբությունները պղծեցին, սուրբը և անսուրբը չզանազանեցին, անմաքուրի և մաքուրի միջև տարբերակումը չսովորեցրին, իրենց աչքերը ծածկեցին իմ շաբաթներից, և ես պղծվեցի նրանց մեջ։ 27Նրա իշխանավորները նրա մեջ որս բզկտող գայլերի պես արյուն են հեղում, կյանքեր ոչնչացնում, որպեսզի ագահությամբ անիրավ վաստակ ստանան։ 28Եվ նրա մարգարեները նրանց արարքները ծեփում են՝ ունայն տեսիլքներ տեսնելով և նրանց համար սուտ գուշակություն անելով. “Այսպես է ասում Տեր Աստված”, մինչդեռ Տերը չի խոսել։ 29Երկրի ժողովուրդը հարստահարություն է գործում, հափշտակություններ է անում և աղքատին ու խեղճին կեղեքում է, անիրավությամբ հարստահարում է օտարականին։ 30Եվ ես նրանց մեջ պարիսպը շինող և խրամատի#22.30 Հմմտ. 13.5։ մեջ երկրի համար իմ առաջ կանգնող մարդ որոնեցի, որպեսզի նրան չկործանեմ, բայց չգտա։ 31Ուստի նրանց վրա թափեցի իմ ցասումը, իմ բարկության կրակով ոչնչացրի նրանց, նրանց ճանապարհն իրենց գլխով տվեցի»,- ասում է Տեր Աստված։
Արդեն Ընտրված.
ԵԶԵԿԻԵԼ 22: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018