ԵԶԵԿԻԵԼ 20

20
Աստծու կամքը և մարդու մերժումը
1Եվ յոթերորդ տարում՝ հինգերորդ ամսվա տասին, Իսրայելի երեցներից եկան Տիրոջից հարցնելու և նստեցին իմ առաջ։
2Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 3«Մարդո՛ւ որդի, խոսի՛ր Իսրայելի երեցներին և նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Դուք ինձնից հարցնելո՞ւ եք եկել. կենդանի եմ ես, ձեր հարցին ես չեմ պատասխանի",- ասում է Տեր Աստված”։ 4Մի՞թե նրանց դատելու ես, դատելո՞ւ ես, ո՛վ մարդու որդի, դու իրենց հայրերի պիղծ բաները իմացրո՛ւ նրանց 5և նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Այն օրը, երբ ես Իսրայելին ընտրեցի և Հակոբի տան սերնդին երդվեցի և ինքս ինձ հայտնեցի նրանց Եգիպտոսի երկրում և երդվեցի նրանց՝ ասելով. "Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը"։ 6Այդ օրը նրանց երդվեցի, որ իրենց Եգիպտոսի երկրից հանեմ այն երկիրը, որ ես հետազոտել էի նրանց համար, երկիր, որտեղ կաթ ու մեղր էր բխում, որը բոլոր երկրներից գեղեցկագույնն է։ 7Եվ ես նրանց ասացի. "Ձեզնից ամեն մեկը թող դեն նետի իր աչքերի առաջի գարշելի քանդակները, իրեն չպղծի Եգիպտոսի կուռքերով։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը"”»։
8«Բայց նրանք ապստամբեցին իմ դեմ և չուզեցին ինձ լսել. ոչ ոք իր աչքերի առաջի գարշելի քանդակները դեն չնետեց և Եգիպտոսի կուռքերին չլքեց, ուստի ես ասացի, որ նրանց վրա թափեմ իմ զայրույթը և իմ բարկությունը նրանց վրա սպառեմ Եգիպտոսի երկրում։ 9Հանուն իմ անվան արեցի, որ այն չպղծվի ազգերի աչքին, որոնց մեջ գտնվում էին, որոնց առաջ ես հայտնվել էի նրանց աչքերին՝ իրենց հանելով Եգիպտոսի երկրից։
10Ես նրանց հանեցի Եգիպտոսի երկրից և նրանց անապատ բերեցի, 11նրանց իմ կանոնները տվեցի և իմ պատվիրաններն իմացրի, որոնցով մարդ կապրի, եթե դրանք կատարի։ 12Նաև իմ շաբաթները տվեցի նրանց, որ նշան լինի իմ և նրանց միջև, որ իմանան, որ ես եմ Տերը, որ սրբացնում է նրանց։
13Բայց Իսրայելի տունն անապատում ապստամբեց իմ դեմ. նրանք չընթացան իմ կանոններով և իմ պատվիրանները մերժեցին, որոնք կատարող մարդը նրանցո՛վ կապրի, և իմ շաբաթները շատ պղծեցին, ու ես ասացի, որ անապատում իմ զայրույթը նրանց վրա եմ թափելու՝ նրանց բնաջնջելու համար։ 14Եվ ես հանուն իմ անվան արեցի, որ չպղծվի ազգերի աչքին, որոնց աչքերի առաջ ես դուրս էի բերել նրանց։ 15Եվ անապատում երդվեցի նրանց, որ իրենց չտանեմ երկիրը, որ տվել էի նրանց, որտեղ մեղր ու կաթ է բխում, որ բոլոր երկրների պարծանքն է, 16որովհետև նրանք մերժեցին իմ պատվիրանները, իմ կանոններով չընթացան, իմ շաբաթները պղծեցին, քանի որ իրենց կուռքերին էր հետևում նրանց սիրտը։ 17Բայց իմ աչքը խնայեց նրանց, որ նրանց չոչնչացնեմ, և նրանց չբնաջնջեցի անապատում։
18Եվ անապատում նրանց որդիներին ասացի. “Ձեր հայրերի կանոններով մի՛ ընթացեք, նրանց պատվիրանները մի՛ պահեք և նրանց կուռքերով մի՛ պղծվեք։ 19Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը. իմ կանոններո՛վ ընթացեք և իմ պատվիրաննե՛րը պահեք և դրա՛նք կատարեք։ 20Եվ իմ շաբաթները սրբացրե՛ք, որ նրանք նշան լինեն իմ և ձեր միջև, որ իմանաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”։
21Բայց որդիները ևս ապստամբեցին իմ դեմ, իմ կանոններով չընթացան և իմ պատվիրանները չպահեցին կատարելու համար, որոնք ով կատարի, նրանցով կապրի. նրանք պղծեցին իմ շաբաթները, ու ես ասացի, որ իմ զայրույթը թափելու եմ նրանց վրա, որ անապատում իմ բարկությունը սպառելու եմ նրանց վրա։ 22Սակայն ես հետ պահեցի իմ ձեռքը, այդ արեցի հանուն իմ անվան, որ այն չպղծվի ազգերի աչքին, որոնց աչքերի առաջ ես դուրս բերեցի նրանց։
23Ես անապատում նաև երդվեցի նրանց, որ իրենց ցրեմ ազգերի մեջ և սփռեմ երկրների մեջ, 24որովհետև նրանք չգործադրեցին իմ պատվիրանները, մերժեցին իմ կանոնները, պղծեցին իմ շաբաթները, և նրանց աչքերը իրենց հայրերի կուռքերի հետևից էին։ 25Ես նաև նրանց կանոններ տվեցի, որոնք լավը չէին, և պատվիրաններ, որոնցով չէին կարող ապրել, 26նրանց պղծեցի իրենց ընծաներով՝ ամեն առաջնեկի#20.26 Բռց. արգանդ բացողի։ կրակի միջով անցկացնել տալով, որպեսզի նրանց ահաբեկեմ, և որպեսզի գիտենան, որ ես եմ Տերը։
27Ուստի խոսի՛ր Իսրայելի տան հետ, մարդո՛ւ որդի, և նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Դեռ սրանով էլ նախատեցին ինձ ձեր հայրերը՝ իմ դեմ անհավատարիմ լինելով։ 28Ես նրանց տարել էի այն երկիրը, որի համար ես երդվել էի, որպեսզի նրանց տամ այն, իսկ նրանք, ամեն բարձր բլուր տեսնելով և ամեն տերևախիտ ծառ տեսնելով, այնտեղ իրենց զոհերը մատուցեցին և իմ բարկությունը գրգռող իրենց մատաղներն այնտեղ տարան, իրենց անուշահոտ խունկն այնտեղ մատուցեցին և այնտեղ թափեցին իրենց թափելու նվերները"։ 29Եվ ես նրանց հարցրի. "Դա ի՞նչ բարձրադիր վայր է, ուր գնում եք դուք"”, և այն մինչև այսօր բամահ#20.29 Բամահ՝ բարձր վայր։ են անվանում։
30Ուստի Իսրայելի տանն ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Մի՞թե ձեր հայրերի ճանապարհին պղծվում եք և նրանց գարշելի քանդակներին հետևելով՝ պոռնկանում եք 31ու ձեր ընծաները մատուցելիս և ձեր որդիներին կրակով անցկացնելիս ձեր բոլոր կուռքերով մինչև այսօր պղծում եք ձեզ։ Եվ ես կպատասխանե՞մ ձեր հարցին, ո՛վ Իսրայելի տուն. կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- և ես ձեզ թույլ չպիտի տամ, որ ինձ հարցնեք"”։ 32Եվ այն, ինչ ձեր մտքում է, բնավ չպիտի կատարվի, որ ասում եք. “Ազգերի պես և երկրի ազգատոհմերի պես լինենք՝ փայտն ու քարը պաշտելով”։
Աստված պատժում է և ներում
33“Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- և անշուշտ զորավոր ձեռքով, մեկնած բազկով և հորդող զայրույթով պիտի թագավորեմ ձեզ վրա 34և ձեզ ժողովուրդներից պիտի հանեմ և ձեզ ժողովեմ երկրներից, ուր ձեզ ցրիվ էի տվել զորավոր ձեռքով, մեկնած բազկով և հորդող զայրույթով։ 35Եվ ձեզ ժողովուրդների անապատը պիտի տանեմ և այնտեղ երես առ երես դատ անեմ ձեզ հետ։ 36Ինչպես որ ձեր հայրերի հետ դատ արեցի Եգիպտոսի երկրի անապատում, նույնպես և դատ պիտի անեմ ձեզ հետ,- ասում է Տեր Աստված։- 37Եվ ձեզ գավազանի տակով պիտի անցկացնեմ և ձեզ պիտի մտցնեմ ուխտի պարտավորության տակ։ 38Ես ձեզնից պիտի մաքրեմ ապստամբներին և իմ դեմ հանցավոր եղողներին հանեմ իրենց պանդխտության երկրից, բայց Իսրայելի երկիրը չեն մտնելու։ Եվ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տերը։
39Եվ դուք, ո՛վ Իսրայելի տուն,- այսպես է ասում Տեր Աստված,- թող յուրաքանչյուրդ գնա իր կուռքերին ծառայի, բայց հետո իրոք պիտի լսեք ինձ և իմ սուրբ անունն այլևս չպիտի պղծեք ձեր ընծաներով և ձեր կուռքերով։ 40Որովհետև իմ սուրբ լեռան վրա՝ Իսրայելի բարձր լեռան վրա,- ասում է Տեր Աստված,- այնտեղ՝ այն երկրում, ինձ պիտի պաշտի ամբողջ Իսրայելի տունը, ամենքը միասին. այնտեղ ես պիտի ընդունեմ նրանց և այնտեղ պիտի պահանջեմ ձեր ընծաները, ձեր նվերների երախայրիքը՝ ձեր բոլոր սուրբ ընծաներով։ 41Անուշահոտ խունկի նման պիտի ընդունեմ ձեզ, երբ ձեզ հանեմ ժողովուրդների միջից և ձեզ ժողովեմ այն երկրներից, ուր որ ցրել եմ ձեզ, և ազգերի աչքին պիտի սրբանամ ձեր մեջ։ 42Եվ դուք կիմանաք, որ ես եմ Տերը, երբ ձեզ կտանեմ Իսրայելի երկիրը, որը երդվել եմ տալ ձեր հայրերին։ 43Եվ այնտեղ պիտի հիշեք ձեր ճանապարհները և ձեր բոլոր գործերը, որոնցով դուք ձեզ պղծեցիք, և ձեր արած չարությունների պատճառով պիտի ատեք ձեր անձերը։ 44Եվ պիտի գիտենաք, որ ես եմ Տերը, երբ ձեզ հետ վարվեմ հանուն իմ անվան, ո՛չ ձեր չար ճանապարհների համեմատ ու ձեր ապականված արարքների համեմատ, ո՛վ Իսրայելի տուն”»,- ասում է Տեր Աստված։
Կրակ հարավում
45Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 46«Մարդո՛ւ որդի, դեմքդ դեպի հարա՛վ դարձրու և խոսի՛ր դեպի հարավ ու մարգարեացի՛ր հարավային դաշտի#20.46 Բնագիրն ասում է Նեգևի դաշտի։ անտառի դեմ։ 47Եվ հարավային անտառին ասա՛. “Լսի՛ր Տիրոջ խոսքը. այսպես է ասում Տեր Աստված. քո մեջ ահա կրակ եմ վառելու, որը քո մեջ պիտի լափի ամեն կանաչ ծառ և ամեն չոր ծառ. բորբոքված բոցը չպիտի հանգչի, և հարավից մինչև հյուսիս բոլոր դեմքերը պիտի այրվեն նրանով։ 48Եվ ամեն մարմին պիտի տեսնի, որ ես՝ Տերը, ե՛ս եմ այն վառել. այն չպիտի հանգչի”»։ 49Եվ ես ասացի. «Օ՜, Տե՛ր Աստված, նրանք իմ մասին ասում են. “Մի՞թե նա առակախոսություններ չի անում”»։

Արդեն Ընտրված.

ԵԶԵԿԻԵԼ 20: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք