ԵԶԵԿԻԵԼ 18:20-32

ԵԶԵԿԻԵԼ 18:20-32 ՆՎԱԱ

Հոգին, որ մեղանչում է, պիտի մեռնի, որդին հոր անօրենությունը չպիտի կրի, և հայրը չպիտի կրի որդու անօրենությունը. արդարի արդարությունն իր վրա պիտի լինի, ամբարիշտի ամբարշտությունն էլ իր վրա պիտի լինի։ Բայց ամբարիշտը, երբ դարձի գա իր բոլոր մեղքերից, որ գործել էր, պահի իմ բոլոր կանոնները, իրավունք և արդարություն գործի, անշուշտ պիտի ապրի, նա չպիտի մեռնի։ Նրա արած բոլոր հանցանքները նրա դեմ չպիտի հիշվեն, նա պիտի ապրի իր գործած արդարությամբ։ Մի՞թե ինձ հաճելի է ամբարիշտի մեռնելը,- ասում է Տեր Աստված,- այլ իր ճանապարհից նրա դարձի գալն ու ապրելը։ Բայց եթե արդարը հետ դառնա իր արդարությունից և անիրավություն անի և ամբարիշտի արած բոլոր պիղծ բաները գործի, նա մի՞թե կապրի. նրա արած բոլոր արդար գործերը չպիտի հիշվեն. նա դրանց համար՝ իր կատարած անհավատարմության և իր գործած մեղքի համար, պիտի մեռնի։ Դուք ասում եք. “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”. արդ լսե՛ք, ո՛վ Իսրայելի տուն. մի՞թե իմ ճանապարհն ուղիղ չէ։ Ձեր ճանապարհն ուղիղ չէ։ Երբ արդարը հետ դառնա իր արդարությունից և անիրավություն անի, դրա համար պիտի մեռնի. նա իր արած անիրավության համար պիտի մեռնի։ Իսկ երբ ամբարիշտը հետ դառնա իր արած ամբարշտությունից և իրավունք ու արդարություն անի, նա իր անձը պիտի ապրեցնի. որովհետև նա տեսավ, դարձի եկավ իր արած բոլոր հանցանքներից. նա անշուշտ պիտի ապրի, չպիտի մեռնի։ Բայց Իսրայելի տունն ասում է. “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”. մի՞թե իմ ճանապարհներն ուղիղ չեն, ո՛վ Իսրայելի տուն. չէ՞ որ ձեր ճանապարհներն ուղիղ չեն։ Ուստի ես ձեզնից յուրաքանչյուրին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տեր Աստված,- դարձի՛ եկեք, հե՛տ դարձեք ձեր բոլոր հանցանքներից. թող այն ձեզ համար անօրենության գայթակղություն չդառնա։ Ձեր վրայից մի կո՛ղմ գցեք ձեր բոլոր հանցանքները, որոնք կատարեցիք, և ձեզ համար նոր սիրտ և նոր հոգի՛ ստացեք. ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն։ Որովհետև ինձ հաճելի չէ մեռնողի մեռնելը,- ասում է Տեր Աստված,- ուրեմն հե՛տ դարձեք ու ապրե՛ք»։