ԵԶԵԿԻԵԼ 16

16
Անհավատարիմ Երուսաղեմը
1Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 2«Մարդո՛ւ որդի, Երուսաղեմին հայտարարի՛ր նրա պիղծ բաները 3և ասա՛. “Տեր Աստված այսպես է ասում Երուսաղեմին. "Ծագումդ ու ծնունդդ քանանացիների երկրից է. հայրդ ամորհացի է, մայրդ՝ քետացի։ 4Իսկ քո ծնունդիդ՝ քո ծնված օրը, պորտդ չկտրվեց, և մաքրվելու համար ջրով չլվացվեցիր և աղով չշփվեցիր ու խանձարուրով չփաթաթվեցիր։ 5Ոչ մի աչք քեզ չխնայեց, որպեսզի քեզ ողորմելով այս բաներից մեկն աներ քեզ համար, այլ քո ծնված օրը քո անձի նկատմամբ զզվանքով դաշտի երեսին նետվեցիր։ 6Ես անցա մոտովդ, քեզ տեսա արյանդ մեջ թավալվելիս ու քեզ ասացի. "Քո արյան մեջ ապրի՛ր"։ Այո՛, քեզ ասացի. "Քո արյան մեջ ապրի՛ր"։ 7Դաշտի բույսի պես քեզ բազմացրի, և դու շատացար ու մեծացար և դարձար զարդերի զարդը#16.7 Այսինքն՝ կանացի հասունության՝ դաշտանի։. ստինքներդ կազմավորվեցին, ու մազերդ աճեցին, բայց դու մերկ ու տկլոր էիր։
8Ես դարձյալ անցա քո մոտով ու քեզ նայեցի. և ահա ժամանակդ սիրո ժամանակ էր, ու ես իմ քղանցքը տարածեցի քեզ վրա և ծածկեցի քո մերկությունը։ Եվ քեզ երդում անելով՝ քեզ հետ ուխտ կնքեցի,- ասում է Տեր Աստված,- և դու իմը եղար։ 9Եվ ես քեզ ջրով լվացի և քո արյունը մաքրեցի քո վրայից ու յուղով օծեցի քեզ։ 10Քեզ ասեղնագործ հագուստ հագցրի, կոշիկներդ ընտիր կաշվից դարձրի, ընտիր կտավով փաթաթեցի քեզ ու մետաքսով ծածկեցի քեզ։ 11Ես քեզ զարդերով պճնեցի, ապարանջաններ դրեցի ձեռքերիդ վրա և մանյակ՝ պարանոցիդ։ 12Օղակ դրեցի քո քթին և գինդեր՝ քո ականջներին ու փառավոր պսակ՝ քո գլխին։ 13Եվ դու զարդարվեցիր ոսկով ու արծաթով, քո հագուստները ընտիր կտավից, մետաքսյա ու ասեղնագործ դարձան. ընտիր նաշիհ, մեղր ու յուղ կերար, շատ ու շատ գեղեցկացար և թագավորության հասար։ 14Քո գեղեցկության շնորհիվ քո համբավն ազգերի մեջ տարածվեց, որովհետև իմ վայելչությամբ, որ քեզ վրա դրել էի, այն կատարյալ եղավ"”»,- ասում է Տեր Աստված։
15«Բայց դու քո գեղեցկությանն ապավինեցիր և քո համբավի պատճառով պոռնկացար ու քո պոռնկությունը թափեցիր ամեն անցորդի վրա, և այն նրանը դարձավ։ 16Դու վերցրիր քո հանդերձներից և քեզ համար գույնզգույն բարձրադիր վայրեր շինեցիր ու նրանց վրա պոռնկացար. նմանը չի եղել և չի լինելու։ 17Եվ դու վերցրիր այն ոսկուց ու արծաթից շքեղ զարդերը, որ ես էի քեզ տվել. քեզ համար տղամարդու պատկերներ սարքեցիր ու նրանցով շնացար։ 18Վերցրիր քո ասեղնագործ հագուստներն ու դրանք ծածկեցիր և իմ յուղն ու իմ խունկը դրանց առաջ դրեցիր։ 19Եվ քեզ տվածս հացը՝ քեզ կերցրած նաշիհը, յուղն ու մեղրը, դու նրանց առաջ դրեցիր անուշ հոտի համար։ Եվ այսպես եղավ»,- ասում է Տեր Աստված։ 20«Եվ որդիներիդ ու դուստրերիդ վերցրիր, որոնց ինձ համար էիր ծնել, ու նրանց զոհեցիր լափվելու համար. մի՞թե քիչ է քո պոռնկությունը, 21որ դու մորթեցիր իմ զավակներին և նրանց իբրև զոհ մատուցեցիր։ 22Եվ քո բոլոր պիղծ կուռքերի ու պոռնկությունների հետ չհիշեցիր քո մանկության օրերը, երբ դու մերկ ու տկլոր էիր և թավալվում էիր քո արյան մեջ»։
Երուսաղեմի կյանքը՝ որպես պոռնկություն
23«Վա՜յ, վա՜յ քեզ,- ասում է Տեր Աստված.- քո բոլոր չարություններից հետո 24դու քեզ համար բարձրահարթակ կառուցեցիր և ամեն հրապարակում բարձրավայր#16.24 Այսինքն՝ հանրատուն։ պատրաստեցիր քեզ համար։ 25Ամեն ճանապարհի գլխին քո բարձրավայրերը շինեցիր և քո գեղեցկությունը նսեմացրիր, ոտքերդ լայն բացեցիր ամեն անցորդի համար և շատացրիր քո պոռնկությունները։ 26Եվ պոռնկացար եգիպտացիների՝ քո մեծանդամ դրացիների հետ և շատացրիր քո պոռնկությունները՝ ինձ բարկության գրգռելու համար։ 27Ուստի ահա ես իմ ձեռքը քո դեմ դրեցի և կրճատեցի քո ռոճիկը, քեզ հանձնեցի քո թշնամիների կամքին, քեզ ատող փղշտացիների դուստրերին, որոնք ամաչում են քո լիրբ ընթացքից։
28Չհագենալով՝ Ասորեստանի որդիների հետ ևս շնություն արեցիր ու չհագեցար։ 29Եվ շատացրիր քո շնությունները Քանանի երկրում, մինչև առևտրականների երկիրը՝ Քաղդեաստան, բայց սրանով ևս չհագեցար։ 30Ի՜նչ տկար է քո սիրտը,- ասում է Տեր Աստված,- երբ անում ես այս բոլոր բաները՝ համարձակ պոռնիկ կնոջ գործը՝ 31բարձրահարթակներդ ամեն ճանապարհի գլխին շինելով և բարձր տեղերդ ամեն հրապարակում սարքելով, սակայն պոռնիկի պես չեղար, որովհետև վճարն անարգեցիր։ 32Պոռնկացող կինն իր մարդու փոխարեն օտարներին է ընդունում։#16.32 Կամ շնացող կին, որ մինչ ամուսնացած է, օտարների է ընդունում։ 33Ամեն պոռնիկի վճար են տալիս, իսկ դու քո վճարը տալիս ես քո բոլոր սիրեկաններին. այո՛, դու ես նրանց կաշառում, որ շրջակայքից քեզ մոտ գան քո պոռնկությունների համար։ 34Եվ քո պոռնկությունների մեջ այլ կանանց հակառակն է լինում քեզ հետ. քեզ համար քեզ հետապնդող չկա։ Դու ես վճար տալիս և քեզ վճար չի տրվում, այո՛, դու հակառակը եղար»։
Աստծու դատաստանը Երուսաղեմին
35«Ուրեմն, ո՛վ պոռնիկ, լսի՛ր Տիրոջ խոսքը. 36այսպես է ասում Տեր Աստված. “Որովհետև ամոթը քողազերծվեց, քո մերկությունը ցուցադրվեց սիրեկաններիդ հետ քո պոռնկություններով, քո բոլոր սնոտի կուռքերի պատճառով և քո որդիների արյան պատճառով, որ տվեցիր նրանց, 37ուստի ես ահա պիտի հավաքեմ քո բոլոր սիրեկաններին, որոնցից դու հաճույք ստացար, և քո բոլոր սիրելիներին ու քո բոլոր ատելիներին. շրջակայքից նրանց քո դեմ պիտի հավաքեմ և քո մերկությունը բացահայտեմ նրանց առաջ, որպեսզի նրանք տեսնեն քո ամբողջ մերկությունը։ 38Եվ քեզ պիտի դատեմ շնացող և արյուն թափող կանանց դատաստանով և զայրույթի ու նախանձախնդրության արյունը պիտի բերեմ քեզ վրա։ 39Եվ ես քեզ նրանց ձեռքը պիտի մատնեմ, ու նրանք քարուքանդ պիտի անեն քո բարձրահարթակները և պիտի փուլ տան քո բարձրավայրերը, քեզնից պիտի հանեն քո հանդերձները, պիտի վերցնեն քո ընտիր զարդերը և քեզ մերկ ու տկլոր պիտի թողնեն։ 40Եվ քեզ վրա մի ամբոխ պիտի հարուցեն ու քարկոծեն քեզ, իրենց սրերով խոցոտեն քեզ։ 41Կրակով պիտի այրեն տներդ և շատ կանանց աչքի առաջ քո դեմ դատավճիռներ պիտի կիրառեն։ Ես կդադարեցնեմ քո պոռնկությունը, և այլևս վճար չես տալու։ 42Պիտի հանգստացնեմ իմ զայրույթը, և իմ նախանձախնդրությունը պիտի հեռանա քեզնից, որպեսզի ես հանգստանամ ու այլևս չբարկանամ։ 43Որովհետև դու չհիշեցիր քո մանկության օրերը, այլ այս ամենով բարկացրիր ինձ, և ես ահա քո արարքները#16.43 Բռց. ճանապարհը։ քո գլխով եմ տալու,- ասում է Տեր Աստված,- և դու քո բոլոր պիղծ բաներից բացի այդ անառակությունը չե՞ս արել”»։
Ինչպես մայրը, նույնպես աղջիկը
44«Ահա ամեն առակախոս քո մասին այս առակը պիտի ասի. “Ինչպես մայրը, նույնպես էլ աղջիկը”։ 45Դու քո մոր դուստրն ես, որ ատեց իր ամուսնուն ու իր որդիներին, և դու քույրերի քույրն ես, որոնք ատեցին իրենց ամուսիններին և իրենց որդիներին. ձեր մայրը քետացի է, իսկ ձեր հայրը՝ ամորհացի։ 46Քո մեծ քույրը Սամարիան է, ինքն ու իր դուստրերը, որոնք բնակվում են քո հյուսիսային կողմում, իսկ քո փոքր քույրը, որ բնակվում է քո հարավում, Սոդոմը և նրա դուստրերը։ 47Բայց դու նրանց ճանապարհներով չգնացի՞ր և նրանց պիղծ բաները չկատարեցի՞ր. շուտով քո բոլոր ճանապարհներում դու նրանցից ավելի ապականություն գործեցիր»։ 48«Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- քո քույրը՝ Սոդոմը, ինքն ու իր դուստրերը չեն արել, ինչ դու ես արել և քո դուստրերը։ 49Ահա սա էր քո քույր Սոդոմի անօրենությունը. ամբարտավանություն, հացի կշտություն և անհոգ հանգստություն ունեին նա և նրա դուստրերը և աղքատին ու չքավորին չէին օգնում#16.49 Բռց. ձեռքերը չէին ուժեղացնում։։ 50Եվ նրանք հպարտացան ու պիղծ բաներ կատարեցին իմ առաջ, ուստի երբ տեսա, նրանց վերացրի. 51Սամարիան քո մեղքերի կեսի չափ չի մեղանչել. դու նրանցից ավելի շատացրիր քո գարշելի արարքները և քո արած բոլոր պիղծ բաներով արդարացրիր քո քույրերին։ 52Ուրեմն կրի՛ր քո անարգանքը, դու, որ արդարացրել ես քո քույրերին, քո մեղքերի պատճառով, որ դու նրանցից ավելի պղծություն գործեցիր. նրանք քեզնից արդար են։ Ուրեմն ամաչի՛ր ու քո անարգա՛նքը կրիր, որ արդարացրիր քո քույրերին։
Սոդոմն ու Սամարիան կվերականգվեն
53Պիտի վերադարձնեմ նրանց գերիներին, Սոդոմի և նրա դուստրերի գերությունը, Սամարիայի և նրա դուստրերի գերությունը և քո գերիների գերությունը նրանց մեջ, 54որպեսզի կրես քո անարգանքը և ամաչես այն ամենով, որ արել ես՝ նրանց մխիթարություն դառնալով։ 55Ապա քո քույրերը՝ Սոդոմն ու իր դուստրերը և Սամարիան ու իր դուստրերը, պիտի վերադառնան իրենց առաջվա վիճակին, դու և քո դուստրերը պիտի վերադառնաք ձեր առաջվա վիճակին։ 56Քո հպարտության օրը քո քույր Սոդոմի մասին խոսք չկար քո բերանում 57քո չարության հայտնվելուց առաջ. իսկ հիմա դու ծաղրանքի առարկա եղար Արամի դուստրերի և նրա շուրջը եղողների՝ փղշտացիների դուստրերի առաջ, որոնք նախատում են քեզ ամեն կողմից։ 58Քո լրբության և քո պիղծ արարքների պատիժը պիտի կրես»,- ասում է Տերը։
Հավիտենական ուխտ
59Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Քեզ հետ պիտի վարվեմ, ինչպես դու ես վարվել. անարգեցիր երդումը՝ ուխտը խզելով։ 60Իսկ ես պիտի հիշեմ քո մանկության օրերին քեզ հետ իմ կապած ուխտը և քեզ հետ հավիտենական ուխտ պիտի հաստատեմ։ 61Ու պիտի հիշես քո ճանապարհները և ամաչես, երբ մեծ քույրերիդ և փոքրերին ընդունես, ես նրանց քեզ պիտի տամ իբրև դուստրեր, թեև ոչ քեզ հետ ունեցած ուխտովս։ 62Եվ ես իմ ուխտը պիտի հաստատեմ քեզ հետ, և դու պիտի իմանաս, որ ես եմ Տերը։ 63Որպեսզի հիշես և ամաչես, բերանդ դարձյալ բացել չկարողանաս քո անարգանքի պատճառով, երբ ես քեզ քավություն պարգևեմ քո բոլոր կատարածների համար»,- ասում է Տեր Աստված։

Արդեն Ընտրված.

ԵԶԵԿԻԵԼ 16: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում