Այնուհետև Մովսեսն ու Ահարոնը եկան և ասացին փարավոնին. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Թո՛ւյլ տուր իմ ժողովրդին, որ ինձ համար տոն կատարի անապատում”»։ Փարավոնն ասաց. «Ո՞վ է Տերը, որ անսամ նրա խոսքերին և թողնեմ Իսրայելին. Տիրոջը չեմ ճանաչում և Իսրայելին էլ թույլ չեմ տալիս»։ Նրանք ասացին. «Եբրայեցիների Աստվածն է հանդիպել մեզ. հրամա՛ն տուր, որ երեք օրվա ճանապարհ գնանք անապատում և զոհ մատուցենք մեր Տեր Աստծուն. միգուցե ժանտախտով կամ սրով հարձակվի մեզ վրա»։ Եգիպտոսի թագավորն ասաց նրանց. «Ո՛վ Մովսես և Ահարոն, ժողովրդին ինչո՞ւ եք ետ պահում իրենց գործերից. գնացե՛ք ձեր գործին»։ Եվ փարավոնն ասաց. «Ահա հիմա շատացել է երկրի ժողովուրդը, իսկ դուք նրանց կտրում եք իրենց գործերից»։
Փարավոնն այդ օրը ժողովրդի գործավարներին և նրանց վերակացուներին հրամայեց՝ ասելով. «Երեկվա և նախանցյալ օրվա նման ժողովրդին այլևս հարդ մի՛ տվեք աղյուս շինելու համար. թող իրենք գնան և իրենց համար հարդ հավաքեն։ Ինչ քանակությամբ աղյուս որ երեկ և նախանցյալ օրն էին շինում, պարտադրե՛ք նրանց, որ նույնքան էլ շինեն այսուհետև. չպակասեցնեք այդ թվից, որովհետև նրանք ծույլ են, դրա համար են նրանք աղաղակում՝ ասելով. “Գնանք մեր Աստծուն զոհ մատուցենք”։ Թող գործով ավելի ծանրաբեռնվեն այս մարդիկ, որպեսզի դրանով զբաղվեն և դատարկ խոսքերի ուշադրություն չդարձնեն»։ Ժողովրդի գործավարներն ու վերակացուները դուրս եկան և դիմելով ժողովրդին՝ ասացին. «Այսպես է ասում փարավոնը. “Ձեզ հարդ չեմ տա. ինքնե՛րդ գնացեք ու ձեզ համար հա՛րդ ձեռք բերեք, ուր որ գտնեք”. սակայն ձեր աշխատանքից մի բան չպետք է պակասի»։ Ժողովուրդը ցրվեց Եգիպտոսի ամբողջ երկրով մեկ՝ հարդի տեղ խոզան հավաքելու համար։ Գործավարներն ստիպում էին նրանց՝ ասելով. «Ձեր ամենօրյա գործը լրացրե՛ք, ինչպես հարդ եղած ժամանակ»։ Փարավոնի գործավարները ծեծում էին Իսրայելի որդիների վրա դրված վերակացուներին՝ ասելով. «Ինչո՞ւ երեկ էլ, այսօր էլ չլրացրիք աղյուսների սահմանված քանակը, ինչպես անցյալում»։
Իսրայելի որդիների վերակացուները եկան և բողոքեցին փարավոնին՝ ասելով. «Ինչո՞ւ ես այդպես վարվում քո ծառաների հետ։ Քո ծառաներին հարդ չեն տալիս, բայց մեզ ասում են. “Աղյուսնե՛ր շինեք”։ Քո ծառաներին ահա ծեծեցին, և հանցանքը քո ժողովրդինն է»։ Փարավոնը պատասխանեց. «Դուք ծույլ եք, ծույլ. դրա համար էլ ասում եք, թե՝ “Գնանք Տիրոջը զոհ մատուցենք”։ Ուստի հիմա գնացե՛ք և աշխատե՛ք. ձեզ հարդ չի տրվելու, բայց նույն քանակությամբ աղյուս պետք է տաք»։
Իսրայելի որդիների վերակացուները իրենց չարիքի մեջ տեսան, երբ որ ասվեց, թե՝ «Ձեր աղյուսների քանակից ոչինչ չպակասեցնեք. օրական գործն իր օրը տվե՛ք»։ Փարավոնի մոտից դուրս գալով՝ նրանք հանդիպեցին Մովսեսին և Ահարոնին, որոնք կանգնած սպասում էին իրենց։ Եվ ասացին նրանց. «Թող Տերը նայի ու դատի ձեզ. դուք մեր հոտը գարշելի դարձրիք փարավոնի ու նրա ծառաների առաջ՝ մեզ սպանելու համար սուր տալով նրանց ձեռքը»։
Մովսեսը վերադարձավ Տիրոջ մոտ և ասաց. «Ո՛վ Տեր, ինչո՞ւ չարիքի մեջ գցեցիր այս ժողովրդին և ինչո՞ւ ուղարկեցիր ինձ։ Այն ժամանակից, որ եկել եմ փարավոնի մոտ քո անունով խոսելու, նա չարիք է հասցնում այս ժողովրդին, և դու էլ չփրկեցիր քո ժողովրդին»։