ԵԼՔ 40:16-33

ԵԼՔ 40:16-33 ՆՎԱԱ

Մովսեսն արեց այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր իրեն. այդպես էլ արեց։ Երկրորդ տարվա առաջին ամսի առաջին օրը կանգնեցվեց վրանը։ Մովսեսը կանգնեցրեց վրանը, դրեց դրա խարիսխները, կանգնեցրեց դրա շրջանակները, անցկացրեց նիգերը և կանգնեցրեց սյուները։ Տաղավարի վրա տարածեց վրանը և վրանի ծածկոցը դրեց դրա վրա վերևից, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։ Առավ վկայությունն ու դրեց տապանակի մեջ. ձողերն անցկացրեց տապանակին և քավությունը դրեց տապանակի վրա վերևից։ Տապանակը բերեց վրանի ներսը, ծածկող վարագույրը վրան քաշեց և ծածկեց վկայության տապանակը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Սեղանը դրեց ժողովի վրանի մեջ՝ խորանի հյուսիսային կողմից, վարագույրից դուրս։ Դրա վրա շարեց հացերը Տիրոջ առաջ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Աշտանակը դրեց ժողովի վրանի մեջ՝ սեղանի դիմաց, խորանի հարավային կողմից, և ճրագները վառեց Տիրոջ առաջ, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։ Ոսկե սեղանը դրեց ժողովի վրանի մեջ՝ վարագույրի դիմաց, և դրա վրա խնկարկեց անուշահոտ խունկը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Վարագույրը կախեց խորանի մուտքին։ Խորանի, այսինքն՝ ժողովի վրանի մուտքի մոտ դրեց ողջակեզի սեղանը և նրա վրա մատուցեց ողջակեզն ու հացի ընծան, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Ավազանը դրեց ժողովի վրանի և զոհասեղանի միջև և դրա մեջ ջուր լցրեց լվացվելու համար։ Մովսեսը, Ահարոնն ու նրա որդիները դրա մեջ լվանում էին իրենց ձեռքերն ու ոտքերը։ Երբ նրանք մտնում էին ժողովի վրանը և մոտենում զոհասեղանին, լվացվում էին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Գավիթը կանգնեցրեց վրանի ու զոհասեղանի շուրջը և վարագույրը կախեց գավթի մուտքին։ Այսպիսով Մովսեսն ավարտեց ամբողջ գործը։

ԵԼՔ 40:16-33 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր