Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Առաջին ամսի առաջին օրը կկանգնեցնես խորանը, այսինքն՝ ժողովի վրանը։ Նրա մեջ կդնես վկայության տապանակը և տապանակը կծածկես վարագույրով։ Սեղանը ներս կբերես և դրա վրա կշարես հացերը։ Ներս կբերես աշտանակը և կվառես դրա ճրագները։ Վկայության տապանակի առաջ կտեղավորես խնկարկության ոսկե սեղանը և խորանի մուտքին կկախես վարագույրը։ Խորանի, այսինքն՝ ժողովի վրանի առաջ կդնես ողջակեզների սեղանը։ Ավազանը կդնես ժողովի վրանի և զոհասեղանի միջև և դրա մեջ ջուր կլցնես։ Գավիթը կկանգնեցնես շուրջանակի և գավթի մուտքին կկախես վարագույրը։ Կառնես օծության յուղը և կօծես վրանն ու այն ամենը, ինչ դրա մեջ է։ Կսրբագործես այն և նրա բոլոր անոթները, որպեսզի դրանք սուրբ լինեն։ Կօծես ողջակեզների սեղանն ու դրա բոլոր գործիքները և կսրբագործես զոհասեղանը, և զոհասեղանը ամենասուրբը կլինի։ Կօծես ավազանն ու դրա պատվանդանը և կսրբագործես այն։ Ահարոնին ու նրա որդիներին կմոտեցնես ժողովի վրանի մուտքին և նրանց կլվանաս ջրով։ Ահարոնին կհագցնես սուրբ զգեստները, կօծես և կսրբագործես նրան, որպեսզի ինձ համար քահանայություն անի։ Կմոտեցնես նաև նրա որդիներին, շապիկներ կհագցնես նրանց և նրանց էլ կօծես, ինչպես օծեցիր նրանց հորը, որպեսզի ինձ համար քահանայություն անեն։ Նրանց օծումը իրենց սերունդների մեջ հավիտենական քահանայության համար կլինի»։
Մովսեսն արեց այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր իրեն. այդպես էլ արեց։ Երկրորդ տարվա առաջին ամսի առաջին օրը կանգնեցվեց վրանը։ Մովսեսը կանգնեցրեց վրանը, դրեց դրա խարիսխները, կանգնեցրեց դրա շրջանակները, անցկացրեց նիգերը և կանգնեցրեց սյուները։ Տաղավարի վրա տարածեց վրանը և վրանի ծածկոցը դրեց դրա վրա վերևից, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։ Առավ վկայությունն ու դրեց տապանակի մեջ. ձողերն անցկացրեց տապանակին և քավությունը դրեց տապանակի վրա վերևից։ Տապանակը բերեց վրանի ներսը, ծածկող վարագույրը վրան քաշեց և ծածկեց վկայության տապանակը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Սեղանը դրեց ժողովի վրանի մեջ՝ խորանի հյուսիսային կողմից, վարագույրից դուրս։ Դրա վրա շարեց հացերը Տիրոջ առաջ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Աշտանակը դրեց ժողովի վրանի մեջ՝ սեղանի դիմաց, խորանի հարավային կողմից, և ճրագները վառեց Տիրոջ առաջ, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։ Ոսկե սեղանը դրեց ժողովի վրանի մեջ՝ վարագույրի դիմաց, և դրա վրա խնկարկեց անուշահոտ խունկը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Վարագույրը կախեց խորանի մուտքին։ Խորանի, այսինքն՝ ժողովի վրանի մուտքի մոտ դրեց ողջակեզի սեղանը և նրա վրա մատուցեց ողջակեզն ու հացի ընծան, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Ավազանը դրեց ժողովի վրանի և զոհասեղանի միջև և դրա մեջ ջուր լցրեց լվացվելու համար։ Մովսեսը, Ահարոնն ու նրա որդիները դրա մեջ լվանում էին իրենց ձեռքերն ու ոտքերը։
Երբ նրանք մտնում էին ժողովի վրանը և մոտենում զոհասեղանին, լվացվում էին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Գավիթը կանգնեցրեց վրանի ու զոհասեղանի շուրջը և վարագույրը կախեց գավթի մուտքին։ Այսպիսով Մովսեսն ավարտեց ամբողջ գործը։
Եվ մի ամպ ծածկեց ժողովի վրանը, և վրանը լցվեց Տիրոջ փառքով։ Մովսեսը չէր կարողանում մտնել ժողովի վրանը, որովհետև ամպը ծածկել էր այն, և Տիրոջ փառքը լցրել էր խորանը։ Երբ ամպը վերանում էր վրանի վրայից, Իսրայելի որդիները չվում էին իրենց բոլոր ճամփորդությունների ընթացքում։ Իսկ երբ ամպը չէր վերանում, չէին չվում մինչև նրա վերանալու օրը։