ԵԼՔ 4:1-31

ԵԼՔ 4:1-31 ՆՎԱԱ

Մովսեսն ասաց. «Բայց նրանք ինձ չեն հավատա, ոչ էլ իմ ձայնը կլսեն. որովհետև կասեն, թե՝ “Տերը քեզ չի երևացել”»։ Տերն ասաց նրան. «Այդ ի՞նչ է քո ձեռքին»։ Նա պատասխանեց. «Գավազան»։ Տերն ասաց. «Գետի՛ն գցիր դա»։ Մովսեսը գետին գցեց գավազանը, և այն օձ դարձավ, և Մովսեսը փախավ նրա առջևից։ Տերն ասաց Մովսեսին. «Երկարի՛ր ձեռքդ և բռնի՛ր պոչից»։ Նա երկարեց իր ձեռքն ու բռնեց. և օձը գավազան դարձավ նրա ձեռքում։ «Որպեսզի հավատան, որ քեզ երևաց իրենց հայրերի Տեր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»։ Տերը դարձյալ ասաց նրան. «Հիմա ձեռքդ տա՛ր ծոցդ»։ Նա ձեռքը տարավ ծոցը, ապա դուրս հանեց այն. և ահա ձեռքը բորոտ դարձավ՝ ձյան պես։ Եվ ասաց. «Ձեռքդ դարձյա՛լ ծոցդ տար»։ Նա ձեռքը դարձյալ տարավ ծոցը, ապա հանեց ծոցից. և ահա ձեռքը իր մարմնի պես էր դարձել։ «Եթե չհավատան քեզ և ականջ չդնեն առաջին նշանի ձայնին, ապա կհավատան մյուս նշանի ձայնին։ Իսկ եթե այս երկու նշաններին էլ չհավատան և քո ձայնին էլ ականջ չդնեն, գետից ջո՛ւր վերցրու ու թափի՛ր գետին. և գետից քո վերցրած այդ ջուրը գետնի վրա արյուն կդառնա»։ Մովսեսն ասաց Տիրոջը. «Ո՜վ, Տե՛ր իմ, ես ի սկզբանե ճարտարախոս չեմ և ոչ իսկ, երբ սկսեցիր խոսել քո ծառայի հետ. այլ ես ծանրախոս և ծանրալեզու եմ»։ Տերն ասաց նրան. «Ո՞վ է մարդուն բերան տվել, կամ ո՞վ է ստեղծում համրին կամ խուլին, տեսնողին կամ կույրին. չէ՞ որ ես՝ Տերը։ Իսկ հիմա գնա՛. ես քո բերանի հետ կլինեմ և քեզ կսովորեցնեմ, ինչ որ պետք է խոսես»։ Մովսեսն ասաց. «Ո՜վ, Տե՛ր իմ, աղաչում եմ, ուղարկի՛ր, ում ուզում ես ուղարկել»։ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Մովսեսի դեմ, և նա ասաց. «Մի՞թե ես քո Ահարոն եղբորը՝ Ղևտացուն, չեմ ճանաչում, որ ճարտարախոս է։ Ահա նա դուրս է գալիս քեզ դիմավորելու և քեզ տեսնելուն պես սրտանց կուրախանա։ Դու խոսի՛ր նրա հետ և խոսքե՛ր դիր նրա բերանում, և ես քո բերանի ու նրա բերանի հետ կլինեմ և ձեզ կսովորեցնեմ, թե ի՛նչ պետք է անեք։ Քո փոխարեն նա՛ կխոսի ժողովրդի հետ. նա քեզ համար կլինի որպես բերան, և դու Աստծու տեղ կլինես նրա համար։ Վերցրո՛ւ այս գավազանը քո ձեռքը, որպեսզի դրանով անես նշանները»։ Մովսեսը գնաց և վերադառնալով իր աներոջ՝ Հոթորի մոտ, ասաց նրան. «Թո՛ղ գնամ Եգիպտոսում գտնվող իմ եղբայրների մոտ և տեսնեմ, թե տակավին ո՞ղջ են»։ Եվ Հոթորն ասաց Մովսեսին. «Գնա՛ խաղաղությամբ»։ Մադիամում Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛, վերադարձի՛ր Եգիպտոս, որովհետև մեռան այն մարդիկ, որոնք քո կյանքն էին ուզում խլել»։ Մովսեսը վերցրեց իր կնոջն ու որդիներին, նրանց նստեցրեց էշի վրա և վերադարձավ Եգիպտոս։ Եվ Մովսեսն իր ձեռքն առավ Աստծու գավազանը։ Տերն ասաց Մովսեսին. «Երբ վերադառնաս գնաս Եգիպտոս, նայի՛ր, որ փարավոնի առաջ անես այն բոլոր հրաշքները, որոնք անելը ես քեզ տվեցի։ Ես խստասիրտ կդարձնեմ նրան, և նա ժողովրդին բաց չի թողնի։ Կասես փարավոնին. “Այսպես է ասում Տերը. Իսրայելն իմ որդին է, իմ անդրանիկը։ Եվ ասում եմ քեզ. թո՛ւյլ տուր իմ որդուն, որ պաշտի ինձ. իսկ եթե չուզենաս թույլ տալ նրան, ապա ես կսպանեմ քո որդուն՝ քո անդրանիկին”»։ Ճանապարհին՝ մի իջևանում, Տերը հանդիպեց Մովսեսին և ուզեց սպանել նրան։ Սեպփորան, մի սուր քար վերցնելով, կտրեց իր անթլփատ որդու թլիփը և գցեց Մովսեսի ոտքերի մոտ՝ ասելով. «Դու ինձ համար արյան փեսա ես»։ Այսպես Տերը թողեց նրան։ Այն ժամանակ Սեպփորան ասաց. «Թլփատության պատճառով արյան փեսա»։ Տերն ասաց Ահարոնին. «Գնա՛ անապատ՝ Մովսեսին դիմավորելու»։ Նա գնաց և Աստծու լեռան վրա հանդիպեց Մովսեսին ու համբուրեց նրան։ Մովսեսն Ահարոնին պատմեց իրեն ուղարկող Տիրոջ բոլոր խոսքերն ու այն բոլոր նշանները, որ նա պատվիրել էր իրեն։ Մովսեսն ու Ահարոնը գնացին և հավաքեցին Իսրայելի որդիների բոլոր ծերերին։ Ահարոնը նրանց հաղորդեց այն բոլոր խոսքերը, որ Տերն ասել էր Մովսեսին. և ժողովրդի առաջ նշաններ արեց։ Ժողովուրդը հավատաց, երբ լսեց, որ Տերն այցելել է Իսրայելի որդիներին և տեսել նրանց նեղությունները։ Նրանք խոնարհվեցին և երկրպագեցին Տիրոջը։