ԵԼՔ 38:9-31

ԵԼՔ 38:9-31 ՆՎԱԱ

Կառուցեց գավիթը. հարավային կողմի համար՝ վարագույրները դեպի հարավ, մանած նուրբ կտավից, հարյուր կանգուն։ Դրանց սյուները՝ քսան, դրանց խարիսխները՝ քսան։ Սյուների կեռիկներն ու դրանց ճանկերն արծաթից էին։ Հյուսիսային կողմի համար՝ հարյուր կանգուն վարագույր. սյուները՝ քսան հատ, և դրանց խարիսխները՝ քսան, պղնձից։ Սյուների կեռիկներն ու դրանց ճանկերն արծաթից էին։ Արևմտյան կողմի համար վարագույրները՝ հիսուն կանգուն. դրանց սյուները՝ տասը, խարիսխները՝ տասը։ Սյուների կեռիկներն ու դրանց ճանկերն արծաթից էին։ Արևելյան կողմի համար, դեպի արևելք, վարագույրը հիսուն կանգուն էր։ Մուտքի մեկ կողմի վարագույրները տասնհինգ կանգուն էին, դրանց սյուները՝ երեք, ու դրանց խարիսխները՝ երեք։ Մյուս կողմի համար էլ, այսինքն՝ գավթի դռան այս կողմից և մյուս կողմից վարագույրները տասնհինգ կանգուն էին, դրանց սյուները՝ երեք, և դրանց խարիսխները՝ երեք։ Գավթի չորս կողմերի բոլոր վարագույրները մանած նուրբ կտավից էին։ Սյուների խարիսխները պղնձից էին, սյուների կեռիկներն ու դրանց ճանկերը՝ արծաթից, դրանց խոյակները՝ արծաթապատ։ Գավթի բոլոր սյուներն էլ արծաթե ճանկերով իրար կցված էին։ Գավթի մուտքի վարագույրը նկարազարդ էր, կապույտ, ծիրանագույն, կարմիր և մանած նուրբ կտավից։ Դրա երկարությունը քսան կանգուն էր, բարձրությունը՝ հինգ կանգուն, գավթի վարագույրների չափ։ Դրանց սյուները չորս հատ էին, դրանց պղնձե խարիսխները՝ չորս. դրանց կեռիկներն արծաթից էին, դրանց խոյակները՝ արծաթապատ, և ճանկերը՝ արծաթից։ Խորանի ու գավթի չորս կողմերի բոլոր ցցերը պղնձից էին։ Այս է խորանի, այսինքն՝ վկայության խորանի կառուցման հաշիվը, որը հաշվարկվեց Ահարոն քահանայի որդի Իթամարի հսկողությամբ, ինչպես պատվիրել էր Մովսեսը ղևտացիների միջոցով։ Հուդայի ցեղից Բեսելիելը՝ Ուրիի որդին, որը որդին էր Ովրի, արեց այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Նրա հետ էր Դանի ցեղից Աքիսամայի որդի Ողիաբը, որը վարպետ փորագրիչ և ձեռագործող էր և կապույտ, ծիրանագույն ու կարմիր և նուրբ կտավների վրա նկարազարդող։ Այն ամբողջ ոսկին, որ գործածվեց այս շինության համար, այսինքն՝ սրբարանի ամբողջ կառուցման համար նվիրված ոսկին քսանինը տաղանդ և յոթ հարյուր երեսուն սիկղ էր՝ ըստ սրբարանի սիկղի։ Մարդահամարով ժողովրդից հավաքված արծաթը հարյուր տաղանդ և հազար յոթ հարյուր յոթանասունհինգ սիկղ էր՝ ըստ սրբարանի սիկղի. մարդագլուխ՝ կես սիկղ, այսինքն՝ սրբարանի սիկղի հետ համեմատած՝ սիկղի կեսը քսան տարեկան և ավելի ամեն մարդու համար, որ անցնում էր մարդահամարից, այսինքն՝ վեց հարյուր երեք հազար հինգ հարյուր հիսուն մարդուց։ Հարյուր տաղանդ արծաթ օգտագործվեց սրբարանի խարիսխները և վարագույրի խարիսխները ձուլելու համար. հարյուր տաղանդ՝ հարյուր խարիսխի համար. մեկ տաղանդ՝ յուրաքանչյուր խարիսխի համար։ Այն հազար յոթ հարյուր յոթանասունհինգ սիկղ արծաթով պատրաստեց սյուների կեռիկները և դրանց խոյակները պատեց ու կապեց նրանց։ Նվիրված պղինձը յոթանասուն տաղանդ և երկու հազար չորս հարյուր սիկղ էր։ Դրանով պատրաստեց ժողովի վրանի մուտքի խարիսխները, պղնձե զոհասեղանը, դրա պղնձե կասկարան և զոհասեղանի բոլոր գործիքները, գավթի չորս կողմերի խարիսխները, գավթի դռան խարիսխները, վրանի բոլոր ցցերը և գավթի չորս կողմերի բոլոր ցցերը։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում