ԵԼՔ 33:1-23

ԵԼՔ 33:1-23 ՆՎԱԱ

Տերն ասաց Մովսեսին. «Վե՛ր կաց այստեղից դու և այն ժողովուրդը, որին հանեցիր Եգիպտոսի երկրից, և գնա՛ այն երկիրը, որ երդվեցի տալ Աբրահամին, Իսահակին և Հակոբին՝ ասելով. “Քո սերնդին եմ տալու այն”։ Մի հրեշտակ կուղարկեմ քո առաջից և դուրս կանեմ քանանացիներին, ամորհացիներին, քետացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին։ Նա ձեզ կմտցնի այն երկիրը, ուր կաթ ու մեղր է բխում։ Ես չեմ գնա ձեզ հետ նրա համար, որ դուք խստապարանոց ժողովուրդ եք. միգուցե ճանապարհին ձեզ բնաջինջ անեմ»։ Ժողովուրդը լսեց այս խիստ խոսքերը և սուգ արեց, ու ոչ ոք իր զարդերը իր վրա չկրեց, որովհետև Տերն ասել էր Մովսեսին. «Ասա՛ Իսրայելի որդիներին. “Դուք խստապարանոց ժողովուրդ եք. եթե մի րոպե ձեզ հետ վեր գնամ, բնաջինջ կանեմ ձեզ։ Հիմա ձեր վրայից հանե՛ք ձեր զարդերը, որպեսզի տեսնեմ, թե ի՛նչ եմ անելու ձեզ”»։ Եվ Իսրայելի որդիները Քորեբ լեռան մոտ հանեցին իրենց զարդերը։ Մովսեսը վերցրեց վրանը և այն կանգնեցրեց բանակատեղիից դուրս՝ բանակատեղիից հեռու, և այն կոչեց ժողովի վրան։ Ամեն ոք, ով փնտրում էր Տիրոջը, գնում էր դեպի ժողովի վրանը, որը բանակատեղիից դուրս էր գտնվում։ Երբ Մովսեսը դեպի վրանն էր գնում, ամբողջ ժողովուրդը վեր էր կենում, և ամեն մեկը, իր վրանի մուտքին կանգնած, նայում էր Մովսեսի ետևից, մինչև որ նա մտնում էր վրանը։ Հենց որ Մովսեսը վրան էր մտնում, ամպի սյունն իջնում ու կանգնում էր վրանի մուտքի մոտ, և Տերը խոսում էր Մովսեսի հետ։ Ամբողջ ժողովուրդը տեսնում էր ամպի սյունը վրանի դռան մոտ կանգնած. և ամբողջ ժողովուրդը վեր էր կենում, ու ամեն մեկը երկրպագություն էր անում իր վրանի դռան մոտ։ Տերը Մովսեսի հետ խոսում էր դեմառդեմ, ինչպես մի մարդ կխոսեր իր բարեկամի հետ։ Ապա Մովսեսը վերադառնում էր բանակատեղի, բայց նրա ծառան՝ Նավեի որդի պատանի Հեսուն, վրանից դուրս չէր գալիս։ Մովսեսն ասաց Տիրոջը. «Ահա ինձ ասում ես. “Հանի՛ր այս ժողովրդին”, բայց դու ինձ չհայտնեցիր, թե ո՛ւմ ես ինձ հետ ուղարկելու։ Դու ինձ ասացիր. “Քեզ ճանաչում եմ քո անունով, և իմ առջև շնորհ գտար”։ Եվ հիմա աղաչում եմ, եթե քո առաջ շնորհ գտա, խնդրեմ հայտնի՛ր ինձ քո ճանապարհները, որպեսզի ճանաչեմ քեզ, որ շնորհ գտնեմ քո առաջ, և տե՛ս, որ այս ազգը քո ժողովուրդն է»։ Տերն ասաց. «Ես ինքս պիտի գնամ քո առաջից և հանգստացնեմ քեզ»։ Մովսեսն ասաց նրան. «Եթե դու ինքդ մեզ հետ չգնաս, մեզ այստեղից մի՛ հանիր։ Եվ ինչի՞ց պիտի իմացվի, թե ես և ժողովուրդը շնորհ գտանք քո առջև։ Չէ՞ որ երբ դու մեզ հետ գնաս, ես և քո ժողովուրդը կտարբերվենք աշխարհի երեսին եղած բոլոր ժողովուրդներից»։ Տերն ասաց Մովսեսին. «Այդ քո ասած բանն էլ կանեմ, որովհետև իմ առջև շնորհ գտար, և ես քեզ ճանաչում եմ քո անունով»։ Մովսեսն ասաց. «Աղաչում եմ, ցո՛ւյց տուր ինձ քո փառքը»։ Տերն ասաց. «Ես իմ ամբողջ բարությունը կանցկացնեմ քո առջևից և Տիրոջ անունը կկանչեմ քո առաջ. ում ողորմելու եմ, կողորմեմ, և ում գթալու եմ, կգթամ»։ Եվ ասաց. «Դու իմ երեսը չես կարող տեսնել, որովհետև մարդ չի կարող ինձ տեսնել ու կենդանի մնալ»։ Տերն ասաց. «Ահա ինձ մոտ մի տեղ կա. կանգնի՛ր այդ ժայռի վրա։ Երբ ես անցնեմ իմ փառքով, քեզ կդնեմ ժայռի խոռոչի մեջ և իմ ձեռքով քեզ կծածկեմ, մինչև որ ես անցնեմ։ Հետո իմ ձեռքը կվերցնեմ քո վրայից, և դու կտեսնես ինձ հետևից, բայց իմ երեսը չի երևա»։